ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ընդունեց Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածությունն ուղիղ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ կուսակցությունը ստիպեց նախագահ Ջո Բայդենին դուրս գալ ընտրապայքարից:
Դեմոկրատների ազգային համագումարում ունեցած պատմական ելույթում Հարիսը խոստացավ շարունակել ռազմական աջակցությունն Ուկրաինային և ամրապնդել ՆԱՏՕ-ն։
Փաստացի նվաճելով կուսակիցների հավանությունը` Չիկագոյում 4 օր ընթացող դեմոկրատների համագումարում 59-ամյա Հարիսը շարքային ամերիկացիներին նաև պատմեց՝ ով է ինքը. յամայկացի հոր և հնդիկ մոր դուստրը, եկել է օգնելու միջին խավին հավասարության համար տարվող պայքարում։
«Դեմոկրատների ազգային կոնվենցիայի պատվիրակները հենց նոր առաջադրեցին Թիմ Ուոլսին և ինձ՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հաջորդ փոխնախագահ և նախագահ», - ազդարարեց նա։
Կալիֆորնիայի նախկին դատախազ և սենատոր Հարիսը դարձավ առաջին սևամորթ կինը, որը զբաղեցրեց իշխող կուսակցության առաջին հորիզոնականը Սպիտակ տան մրցապայքարում:
Արտաքին քաղաքականությունից մինչև աբորտներից տուժած կանանց պատմություններ, տնտեսություն, աշխատանքային իրավունք, ներգաղթ՝ Հարիսը և դեմոկրատ այլ առաջնորդներն այս 4 օրերի ընթացքում հանրությանը փոխանցեցին այն ուղերձները, որոնցով իրենք տարբերվում են հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի գաղափարներից։
«Սա միայն ընդդեմ Դոնալդ Թրամփի մասին չէ։ Սա մեր ազգի համար երկու շատ տարբեր տեսլականի մասին է, մեկը՝ մեր կենտրոնացած ապագայի վրա, մյուսը՝ կենտրոնացած անցյալի վրա։ Եվ մենք պայքարում ենք ապագայի համար», - հայտարարեց նա։
Այս համագումարում առաջին անգամ հարթակ բարձրացավ նաև Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլսը՝ որպես Հարիսի կողմից Միացյալ Նահանգների փոխնախագահի թեկնածու։
Մինեսոտայի նահանգապետ դարձած ավագ դպրոցի ֆուտբոլի նախկին մարզիչն ամերիկացիների մեծամասնությանը քիչ հայտնի էր դեռ 15 օր առաջ, երբ դեմոկրատական նախագահի թեկնածու Հարիսը նրան ընտրեց փոխնախագահի իր թեկնածու:
«Տեսեք, մենք ունենք 76 օր: Սա ոչինչ է։ Քնելու ժամանակը կգա, երբ մահանանք: Մենք կշարունակենք առաջ գնալ: Մենք կշրջենք Դոնալդ Թրամփի էջը։ Այդպես մենք կկառուցենք մի երկիր, որտեղ առաջին տեղում աշխատողներն են», - հայտարարեց նա:
Չնայած դեմոկրատներն արդեն այս ամսվա սկզբին, ըստ էության, կողմնորոշվել էին իրենց թեկնածուի հարցում, այդուհանդերձ համագումարը վկայեց, թե որքան մեծ է ոգևորությունը Քամալա Հարիսի թեկնածության առնչությամբ: Նրան այս 4 օրերի ընթացքում աջակցելու էին եկել նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը տիկնանց հետ։
Իր ելույթում Օբաման հայտարարեց, որ Ամերիկան արժանի է ավելի լավ պատմության։
«Մեզ պետք չեն ևս չորս տարի բամբասանք, ցնցում և քաոս: Մենք նախկինում տեսել ենք այդ ֆիլմը, և մենք բոլորս գիտենք, որ շարունակությունը սովորաբար ավելի վատն է: Ամերիկան պատրաստ է նոր ղեկավար ունենալ։ Ամերիկան պատրաստ է ավելի լավ պատմություն կերտել: Մենք պատրաստ ենք, որ մեր նախագահը Քամալա Հարիսը լինի», - ասաց նա։
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնն էլ հարգանքի տուրք մատուցեց նախագահ Ջո Բայդենին, ասելով, որ վերջինս կայացրեց Ջորջ Վաշինգտոնի պես կարևոր որոշում՝ կարողացավ կիսել իշխանությունը, փոխանցել այն. - «Ուստի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան իր քաջության, իր դասի, ծառայության, զոհաբերության համար»:
Նա, գովասանքի շռայլ խոսքեր ուղղելով դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալ Հարիսին, հորդորեց ընտրել մի մարդու, որը «հետո այս սերնդի թոռներին ապացուցելու է՝ ինչ ճիշտ էր նրանց ընտրությունը»։
Հոլիվուդյան մի ամբողջ աստղաբույլ այս 4 օրվա ընթացքում էլ երգելով, էլ պարելով, էլ ջերմ խոսքեր ընծայելով դեմոկրատների նախագահի թեկնածուին՝ հիմնական մի կարևոր մեսիջ էր ուղղում շարքային ամերիկացուն՝ պետք է ընտրել ճշմարտությունը, պատիվը։
«Դուք բոլորդ պատրա՞ստ եք, դուք բոլորդ պատրա՞ստ եք հասնելու ձեր բարձր դիրքին»,- հանրահայտ երգիչ Սթիվի Ուանդրը հենց իր երգի համանուն բառերով էլ Ամերիկային նոր թռիչք մաղթեց։
Եթե 59-ամյա դեմոկրատ Քամալա Հարիսը հաղթի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին, նա կլինի Միացյալ Նահանգների առաջին սևամորթ, հարավասիացի կին նախագահը: