Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պնդում է՝ Մոսկվան նորից է փորձում միջամտել ամերիկյան ընտրություններին


ԱՄՆ-ի և Ռուսաստանի դրոշները, արխիվ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի դրոշները, արխիվ

Վաշինգտոնը պնդում է՝ Ռուսաստանը նորից է փորձում միջամտել ամերիկյան ընտրություններին։

ԱՄՆ իշխանությունները հայտարարում են, որ Սպիտակ տան ղեկավարի ընտրություններին Մոսկվան ավանդական գործիքակազմն է կիրառում՝ Կրեմլի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների և տարատեսակ կայքերի միջոցով ապատեղեկատվություն է տարածում՝ ամերիկացի օգտատերերին խաբելու, մոլորեցնելու նպատակով:

Կրեմլի նախաձեռնած այդ արշավն առաջնորդում է RT-ն՝ նախկինում Russia Today-ը, հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

«2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու քարոզարշավի շրջանակներում Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատը, այդ թվում՝ Սերգեյ Կիրիենկոն հրահանգել է հասարակայնության հետ կապերի ընկերություններին խթանել ապատեղեկատվությունը և պետության կողմից հովանավորվող պատմությունները», - երեկ ներկայացնելով ամերիկյան իրավապահների հատուկ զեկույցը՝ հայտարարում էր ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը։

Ամերիկյան լսարանում ռուսաստանյան ապատեղեկատվական արշավի մասին փաստող ապացույցների ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը Կրեմլի խոսափողը համարվող Մարգարիտա Սիմոնյանի գլխավորած RT հեռուստաընկերությանն ու դրա հինգ քույր մեդիաընկերություններին, այդ թվում՝ «Ռիա նովոստի»-ն, «Սպուտնիկ»-ը, «Ռափթլին» ներառել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ազդեցությանը ենթարկվող կազմակերպությունների ցանկում՝ խստացնելով ԱՄՆ տարածքում դրանց գործունեության պայմանները։

Պատժամիջոցներ՝ RT-ի և դրա երկարամյա ղեկավար Սիմոնյանի նկատմամբ

Ֆինանսների նախարարությունն էլ պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան բազմալեզու հեռուստաընկերության, դրա երկարամյա ղեկավար Սիմոնյանի և նրա մի խումբ ենթակաների նկատմամբ։

Հեռուստաընկերության երկու աշխատակիցների դեմ էլ քրեական գործ է հարուցել՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու և փողերի լվացման մեղադրանքով։

RT-ի թվային նախագծերի մենեջեր 31-ամյա Կոնստանտին Կալաշնիկովը և մեդիանախագծերի բաժնից 27-ամյա Ելենա Աֆանասևան, ըստ մեղադրական եզրակացության 10 միլիոն դոլար են վճարել մի ընկերության, որի միջոցով էլ ամերիկյան լսարանին պետք է փոխանցվեր Ռուսաստանից ստացված բովանդակությունը։ Այդ ապատեղեկատվական արշավին, ի դեպ, ռուսները մտադիր էին ներգրավել նաև ամերիկացի ինֆլուենսերների։

ԱՄՆ իշխանությունները պնդում են՝ Կրեմլը ցանկանում է, որպեսզի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, քանի որ հենց հանրապետականների թեկնածուն է ընդդիմանում Ռուսաստանի հարձակումից պաշտպանվող Ուկրաինային աջակցության տրամադրմանը։

Վլադիմիր Պուտինը պնդել է՝ Մոսկվան աջակցում է Քամալա Հարիսին

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անուղղակի արձագանքելով Վաշինգտոնի պնդումներին ու մեղադրանքներին փորձել է հակադարձել, պնդելով, թե Մոսկվան որպես Բայդենի աջակից հետևելով Սպիտակ տան հեռացող ղեկավարի հորդորին աջակցում է Քամալա Հարիսին։ Կրեմլի ղեկավարը կարծիք է հայտնել՝ ԱՄՆ փոխնախագահի վարակիչ ծիծաղը հուշում է, որ նրա մոտ «ամեն ինչ լավ է»։

«Մեր ֆավորիտը, եթե այդպես կարելի է ասել, եղել է գործող նախագահը՝ պարոն Բայդենը։ Բայց նրա մասնակցությունը քարոզարշավին չեղարկվել է, և նա խորհուրդ է տվել իր բոլոր կողմնակիցներին աջակցել տիկին Հարիսին։ Եվ մենք այդպես էլ կանենք», - հայտարարում էր Պուտինը։

«Նկատում ենք իրանական աճող ագրեսիվ ակտիվություն այս ընտրությունների ընթացքում»

ԱՄՆ Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը միակն երկիրը չէ, որը փորձում է ազդել Ամերիկայի քաղաքական, ընտրական գործընթացներին։

«Մենք նկատում ենք իրանական աճող ագրեսիվ ակտիվություն այս ընտրությունների ընթացքում», - նշել է Գարլանդը։

Միայն այս տարի առնվազն չորս ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ օտարերկրյա պետությունների հետ ունեցած կապերի համար ԱՄՆ իրավապահների թիրախում են հայտնվել։

Էրիկ Ադամսը և Թուրքիան

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի և Էրդողանի վարչակազմի միջև կապը կասկածներ են հարուցել դեռևս 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Քննիչներն այժմ փորձում են պարզել արդյոք շինարարական ընկերությունը, որը կապեր ունի ինչպես Թուրքիայի կառավարության, այնպես էլ Ադամսի քարոզարշավի դոնորների հետ, ֆինանսավորե՞լ է ամերիկյան խոշորագույն քաղաքի ղեկավարի քաղաքական գործունեությունը։

Հենրի Կուելարն ու Ադրբեջանը

ԱՄՆ դատախազության պնդմամբ՝ Տեքսասից ընտրված կոնգրեսական Հենրի Կուելյարն ու նրա կինը 2014-ից 2021 թվականներին Բաքվից ստացված հարյուր հազարավոր դոլարի կաշառքի դիմաց Ադրբեջանի իշխանություններին խոստացել են ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության այն ասպեկտների վրա, որոնք ուղղակի առնչություն ունեն Ադրբեջանի հետ, մասնավորապես Բաքվի շահերից բխող գործունեություն ծավալել օրենսդիր մարմնում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող նախաձեռնություններում։

Մենենդեսն ու Եգիպտոսը

Ամերիկացի ազդեցիկ սենատոր Բոբ Մենենդեսն ու նրա կինը անցած ամիս Նյու Յորքի դատարանում մեղավոր են ճանաչվել Եգիպտոսի շահերի օգտին գործունեություն ծավալելու մեջ։ Ամերիկյան դաշնային դատախազների պնդմամբ՝ սենատորը մոտ կես միլիոն դոլարի կանխիկ գումարի, ոսկու ձուլակտորների, շքեղ ավտոմեքենայի և այլ տեսակի նվերների դիմաց օգնել է միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնել Եգիպտոսին՝ ԱՄՆ պետական բյուջեից։

XS
SM
MD
LG