Մատչելիության հղումներ

Դեմոկրատները ցնցված են Բայդեն - Թրամփ հեռուստաբանավեճի արդյունքներից


Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կծկված, տատանվող ձայնը, ընդհատվող խոսքը ծանր տպավորություն են թողել նույնիսկ նրա կուսակիցների և աջակիցների վրա։

Բանավեճերը համարվում էին Սպիտակ տան ղեկավարի ուժեղ կողմը, այժմ նույնիսկ դեմոկրատների ամենահավատարիմ մեկնաբանները, ինչպես նաև իրենք՝ կուսակցության անդամները խոսում են նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Բայդենին փոխարինող թեկնածու գտնելու անհրաժեշտության մասին։

Ընտրություններից չորս ամիս առաջ տեխնիկապես դա հնարավոր է, բայց քաղաքական առումով պատասխանը միանշանակ չէ։

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց նախագահը՝ 81-ամյա նախագահ Ջո Բայդենը մեկուկես ժամ տևած հեռուստաբանավեճի ընթացքում, որն ուղիղ եթերում հեռարձակում էր CNN-ը Ատլանտայի ստուդիայից, թեև փաստարկված, բայց դժվարությամբ լսվող ձայնով, հաճախ կիսատ նախադասությամբ, շփոթվելով ջանում էր ներկայացնել իր քաղաքականության և դիրքորոշման ենթատեքստն ու մանրամասները առանցքային հարցերի շուրջ:

Թրամփի մոտ, մինչդեռ, հակառակ պատկերն էր՝ ինքնավստահ էր, առույգ, սովորության համաձայն հարձակվում էր մրցակցի վրա՝ հնչեցնելով նրա հասցեին տարատեսակ մեղադրանքներ, վիրավորական արտահայտություններ, երբեմն՝ խեղաթյուրում փաստերը, ինչպես նշում է The New York Times-ը, որն ավանդաբար ստուգում է բանավեճի մասնակիցների հայտարարությունները։

Հաղորդավարները թեկնածուներին առաջարկեցին խոսել ամերիկացիների համար առավել հրատապ խնդիրներից՝ բարձր գնաճ, աբորտի իրավունք, ապօրինի միգրացիա, աֆրոամերիկացիների խնդիրները, արտաքին քաղաքական խնդիրներ՝ Պաղեստինյան հակամարտություն, պատերազմն Ուկրաինայում:

Թե՛ Թրամփը, թե՛ Բայդենը այս կամ այն կերպ խուսափում էին որոշ հարցերի անդրադառնալ՝ 90-րոպեանոց բանավեճի ընթացքում նախընտրելով կրկնել նախապես պատրաստված իրենց թեզերը:

Բայդենը պնդում էր, որ իր նախագահության ընթացքում հաջողվեց հաղթահարել է COVID-ի առաջացրած հետևանքները, և որ գնաճը նվազում է։ Նա խոստացավ վերընտրվելու դեպքում ավելի շատ հարկել հարուստներին և այդ միջոցներն ուղղել առավել խոցելի խավին։ Գործող նախագահն իր հերթին զերծ չմնաց քաղաքական հակառակորդին ուղղված մեղադրանքներից՝ Թրամփին անվանեց հանցագործ, «փողոցային կատվի» բարոյական սկզբունքներ ունեցող անձ, հիշեցնելով, որ նախկին նախագահը քաղաքացիական դատարանում մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության համար:

ԱՄՆ նախկին նախագահն էլ ի պատասխան գործող նախագահի որդուն հանցագործ անվանեց՝ Հանթեր Բայդենին, որը վերջերս մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք կրելու համար։ Խոսելով երկրի խնդիրներից՝ պաշտոնաթող նախագահը պնդեց, թե ներկայիս տնտեսական աճն իրականում իր սկսած քաղաքականության արդյունքն է, վերստին քննադատեց մրցակցին միգրացիոն քաղաքականության համար:

Բանավեճի թերևս ամենաթեժ թեման Ուկրաինա ռուսական ներխուժումն էր։ Հանրապետական թեկնածուն մի քանի անգամ կրկնեց՝ եթե ինքը լիներ Սպիտակ տանը, Ռուսաստանը չէր ներխուժի Ուկրաինա, վերստին պնդելով, որ վերընտրվելու դեպքում կկարողանա պատերազմն ավարտին հասցնել նույնիսկ մինչև պաշտոնապես Սպիտակ տուն մտնելը:

«Ես կարծում եմ, որ նա է դրդել Ռուսաստանին գնալ այդ քայլին։ Ես կասեմ, թե ինչ տեղի ունեցավ․ նա սասրափելի որոշում կայացրեց Աֆղանստանի հարցով, դա ամենաստորացուցիչ դիրվագն է մեր երկրի պատմության ընթացքում։ Երբ Պուտինը դա տեսավ, ասաց՝ «կարծում եմ, կարող եմ իրականացնել իմ երազանքը»։ Դա նրա երազանքն էր։ Ես նրա հետ խոսել եմ այդ մասին», - ասել է Թրամփը՝ չհստակեցնելով, թե երբ և ինչ պայմաններում է թեման քննարկել Կրեմլի ղեկավարի հետ։

«Պուտինը պատերազմական հանցագործ է, դա փաստ է: Նա հազարավոր մարդկանց է սպանել, և հստակ է մի բան՝ նա ցանկանում է վերականգնել այն, ինչ մաս է կազմել խորհրդային կայսրությանը, այլ ոչ թե խաղաղության հասնել։ Նա ցանկանում է գրավել Ուկրաինան։ Եվ դուք կարծում եք, թե նա այնտեղ կա՞նգ է առնելու։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ տեղի կունենա Լեհաստանի, Բելառուսի հետ: Ի՞նչ կլինի ՆԱՏՕ-ի երկրների հետ», - հռետորական հարց էր հնչեցնում Սպիտակ տան ղեկավարը։

Սա վաղեմի քաղաքական մրցակիցների առաջին բանավեճը չէ և սա ոչ այնքան թեկնածուների հայտարարությունների և խոստումների մասին էր, որոնք ընտրողները լսել են արդեն, որքան այն մասին, թե ինչ տպավորություն կթողնեն ԱՄՆ 45-րդ և 46-րդ նախագահները: Դատելով այս քարոզարշավի առաջին բանավեճի արձագանքներից և մեկնաբանություններից՝ դեմոկրատական ճամբարում ցնցված են արդյունքներից: «Ագրեսիվ խուճապ»՝ այսպես է նկարագրել CNN-ը Բայդենի կուսակիցների տրամադրությունները։ «Աղետ Ջո Բայդենի համար»՝ Atlantic հանդեսի վերնագիրն է։

Բանավեճից անմիջապես հետո The New York Times-ի ազդեցիկ հեղինակներից Նիկոլաս Քրիստոֆը կոչ է արել Բայդենին հրաժարվել առաջադրումից և ավարտել քաղաքական գործունեությունը։ Դեմոկրատներին համակրող պարբերականը նմանօրինակ կոչերով միանգամից քանի հոդված է հրապարակել։ «Դեմոկրատները խուճապի մեջ են Բայդենի ելույթից հետո, կասկածներ ունեն նրա ապագայի հարցով», - եզրահանգել է The Washington Post-ը:

Բանավեճի կազմակերպիչ CNN-ի հարցման համաձայն՝ հեռուստադիտողների 67 տոկոսը բանավեճի հաղթող է ճանաչել Դոնալդ Թրամփին։ Հարցվածների 57 տոկոսը նշել է, որ չի վստահում Բայդենի՝ երկիրը ղեկավարելու ունակությանը, 44 տոկոսը նույն կարծիքն ունի Թրամփի մասին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG