Մատչելիության հղումներ

Աշոտյանը կմնա կալանքի տակ


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում, արխիվ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում, արխիվ

Ուղիղ մեկ տարի անազատության մեջ պահվող Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը որոշեց երկարացնել կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող ընդդիմադիր գործչի կալանքը։

«Չի կարելի գալ ամեն անգամ նույն կինոյին, մտածել, որ ուրիշ ձև ա փոխվելու: Պետք ա կա՛մ կինոն փոխել, կա՛մ դերասաններին, կա՛մ ռեժիսորին: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն ունի առնվազն իմ կալանքը երկարացնելու, ինքն ուրիշ ոչ մի իշխանություն չունի փաստորեն», - դատարանի դահլիճում հայտարարեց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում։

Դատարանն այսօր հաշվի առավ Դատախազության պնդումները, որ ազատության մեջ արդեն մեկ անգամ Աշոտյանը խոչընդոտել է գործի քննությունը, ինչից հետո էլ մեկ տարի առաջ կալանավորվեց, և այդ ռիսկը դեռ պահպանվում է։

Դատախազ Արամ Դոլինյանը պնդեց՝ տնային կալանքը, առաջարկվող 40 միլիոն դրամը և երաշխավորները չեն կարող նվազեցնել ռիսկը, որ ազատության մեջ Աշոտյանը կխոչընդոտի գործի քննությունը։ Ասաց՝ դեռ կարևոր վկաներ կան, որոնք պետք է հարցաքննվեն, իսկ Աշոտյանը նրանց վրա կարող է ազդեցություն գործել։

«Դեռևս հիմնավորումները առկա են, արդիական են, և քննությանը միջամտելու, հնարավոր ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերի, բարձր ռիսկայնության պայմաններում, հարգարժան դատարան, չի կարող հնարավոր լինել որևէ փոփոխություն», - հայտարարեց Դոլինյանը:

Աշոտյանին երաշխավորելու էին եկել Ազգային ժողովի նախկին նախագահներ Խոսրով Հարությունյանը, Տիգրան Թորոսյանը։ Հարությունյանը վստահեցրեց՝ շատ երկար է ճանաչում Աշոտյանին, նա չի կարող խախտել օրենքն ու ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ։

«Ճանաչելով նաև Արմեն Աշոտյանին, նրա սկզբունքայնությանը, օրենքի, օրինականության նրա նվիրվածությանը՝ այս ամենը հիմք է տալիս ինձ հանդես գալ այսպիսի երաշխավորությամբ: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը իմ ըստ արժանվույն կգնահատվի նաև Արմեն Աշոտյանի կողմից», - հայտարարեց Հարությունյանը:

Խորհրդարանը երկու տարի ղեկավարած ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյան էլ դատարանին պատմեց ժամանակին իր կողմից քրեական ոլորտի օրենսդրությունը բարելավելու մասին, ընդգծեց՝ կալանքն անհրաժեշտ գործիք է, բայց կան նաև դրան այլընտրանքային միջոցներ։

«Ես վստահ եմ ավելի քան, որ Արմեն Աշոտյանը, եթե փոխվի կալանքը որպես խափանման միջոց, այսինքն՝ ընտրվի այլ միջոց խափանման, անվերապահորեն և ճշգրտորեն կկատարի իր բոլոր պարտավորությունները: Սա ինձ համար և վստահ եմ՝ շատ-շատերի համար շատ կարևոր հանգամանք է՝ վստահությունը», - հայտարարեց Թորոսյանը:

Այսօր էլ վարչապետի կոշտ քննադատ Աշոտյանը պնդեց՝ Փաշինյանն իր նկատմամբ ոխ ունի։ Ընդդիմադիր գործիչն ու նրա համախոհները պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է, Աշոտյանին հետապնդում են վարչապետի քաղաքականությունը քննադատելու համար։ Իշխանությունններն, իրենց հերթին, պնդում են՝ իրավապահների գործերին չեն միջամտում։

«Ոչ մի փաստ այն մասին, որ ես խոչընդոտել եմ գործի քննությունը: Իշխանությունները մտահոգված են նրանով, որ հանրային հնչեղության մեջ չեն կարողանում արմատավորել, որ էս գործը քաղաքական չի. անձնական պատվեր ա, քաղաքական հետապնդում ա, էդ մարդը ոխ ունի իմ հանդեպ, մի էրկու քաղցր բան եթե ավել էլ ասել եմ, էդ ոխը դառել ա վաբշե անբուժելի, պտի նստի Աշոտյանը: Ազնիվ ա: Ազնիվ ա էն իմաստով, որ անարդար ա, բայց ազնիվ ա լսողի համար», - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:

Մեկ տարի առաջ Աշոտյանին կալանավորեցին մի ձայնագրության պատճառով, որում, ըստ Քննչականի, Աշոտյանի կուսակից Կարեն Ավագյանը փորձել է վկաներին համոզել օգտվել Աշոտյանի փաստաբանների ծառայությունից։ Ըստ Քննչականի, սա արվել էր, որ Աշոտյանը տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը և ըստ այդմ պլանավորի իր և նրանց գործողությունները։ Աշոտյանը հերքում է սա ու պնդում՝ այդ խոսակցությանն ինքը ներկա չի եղել, և արդեն մեկ տարի է՝ խնդրում են գաղտնալսման ձայնագրությունը, որ ծանոթանան դրա ողջ բովանդակությանը։ Իրավապահները, սակայն, այն իրենց չեն տրամադրում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG