Շուրջ մեկ տասնյակ քաղաքական գործիչների և պատգամավորների երաշխավորությունը չհամոզեց դատավոր Վահե Դոլմազյանին՝ ազատ արձակել ընդդիմադիր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Դատավորը մերժեց տնային կալանքի, 40 միլիոն դրամ գրավի և երաշխավորության միջնորդությունները և Աշոտյանի կալանքը երկարաձգեց ևս երեք ամսով՝ մինչև ապրիլի 15-ը։
«Ամոթ, ամոթ», - արձագանքեցին դահլիճից:
«Անբարոյականության շքահանդեսը շարունակվեց նաև այսօր», - հայտարարեց Աշոտյանը:
Շուրջ 7 ամիս անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանին կալանքից ազատելու երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի արտաքին գործերին նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, խորհրդարանի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, նաև Հանրապետականի իշխանության տարիներին այս ուժին ամենաշատը քննադատած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ընդ որում, դատարանում ներկայացնելով Աշոտյանին կալանքից ազատելու իր երաշխավորությունը, Զուրաբյանը պնդեց՝ Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, իսկ իրական թալանչիները գտնվում են ազատության մեջ։
Վիճահարույց համարելով մեղադրանքը, ՀԱԿ փոխնախագահը շեշտեց՝ Արմեն Աշոտյանը «թավշյա հեղափոխությունից» ի վեր աչքի է ընկել իշխանությունների չափազանց սուր քննադատությամբ, հատկապես՝ նրանց վարած ղարաբաղյան քաղաքականության հետ կապված։
«Տեսնելով, որ իրական թալանչիները շարունակում են վայելել ապօրինաբար ձեռք բերված հարստությունը, մինչդեռ ռեպրեսիոն հարվածի տակ է հայտնվել առավել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչը, որևէ կասկած չունեմ, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն է ու պատժումն է, այլ՝ քննադատության լռեցնելը», - հայտարարեց Զուրաբյանը:
ՀԱԿ փոխնախագահը դատարանում խոսեց նաև քաղաքական բանտարկյալի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի հինգ չափանիշների մասին՝ ընդգծելով, որ դրանցից մեկը լիովին համապատասխանում է Աշոտյանի գործին. - «Համաձայն այդ կետի՝ անձնական ազատությունից զրկված անձը դիտարկվում է քաղաքական բանտարկյալ, եթե նա կալանավորվել է քաղաքական շարժառիթներով խտրականորեն՝ այլ անձերի հետ համեմատությամբ: Այսինքն, եթե համատարած այդ պրակտիկան չի գործում, բայց երբ մեկի նկատմամբ կիրառվել է խտրական վերաբերմունք, ինքը արդեն համարվում է քաղաքական բանտարկյալ»։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի փոխնախագահը նաև հիշեցրեց՝ Աշոտյանի քաղաքական ուժի հետ երկար տարիներ անհաշտ քաղաքական հակառակորդներ են եղել։ Իրենք Հանրապետականի պահվածքը համեմատել են «Վիշապի հետ, որը խեղդում և խոչընդոտում է երկրի զարգացումն ու ժողովրդավարությունը»։
«Բայց մեր այդ գնահատականը չի նշանակել և երբեք չի նշանակի, որ մենք որպես հանրություն երբևէ կհանդուրժենք, որ Վիշապ Սպանողը ինքը դառնա Վիշապ: Հետևաբար, դիմում եմ սույն դատարանին՝ Արմեն Աշոտյանի կալանքը վերացնելու կոչով», - ասաց Զուրաբյանը:
Ամռանը կալանավորված Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած տարիներին Բժշկական համալսարանում չարաշահումների գործով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նա իրեն ներկայացված մեղադրանքները շինծու է որակում՝ պնդելով, որ քրեական գործը սարքված է, ինքն էլ քաղբանտարկյալ է:
«Մարդամեկը գնում էր դպրոցի պատերից կախիչներ էր պոկում, ասում էր՝ շատ լավ սարքած չի: Եթե վատ շինարարության համար գործից մարդ են հանում, բա գործ սարքելու, էն էլ տենց վատ սարքելու համար մարդ չե՞ք ուզում հանել», - հայտարարեց Աշոտյանը:
Դատական նիստում Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի փոխնախագահը շեշտեց՝ եթե Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահների թիմերի անդամները, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ միջնորդում են իրեն ազատ արձակել կալանքից, նշանակում է, որ խնդիրն ակնհայտ է։ Հանրապետականի փոխնախագահի համոզմամբ՝ իրեն կալանքի տակ պահելը պարզապես քաղաքական հետապնդում է և մեկ հոգուց կախված քաղաքական որոշում։ Այդ մեկ հոգու անունը, սակայն, Աշոտյանը չհնչեցրեց:
«Այդ որոշումը կայացրեք՝ ես կարողանամ շարունակել կյանքս ու մոտակա երեք ամիսներին երկու դուռ բացեմ՝ զուգարանի և խալադիլնիկի (սառնարանի. - խմբ.), ուրիշ դուռ չկարենամ բացեմ, երեք ամսով կալանքի ենթարկվեմ: Դա իմ մոտ բան չի փոխելու՝ ո՛չ մտածելակերպի, ո՛չ պայքարի, ո՛չ իմ արժեհամակարգի, ո՛չ իմ մոտեցումների, բայց դա ապտակ է արդարադատությանը», - հայտարարեց Հանրապետականի փոխնախագահը:
Դիմելով դատավորին՝ Արմեն Աշոտյանն անգամ Նապոլեոնին մեջբերեց. - «Մի՛ նայիր, պարոն դատավոր, էն մարդու քաղաքական հայացքներին, որ եկել է քեզ մոտ արդարադատություն հայցելու»:
Նապոլեոնի խոսքերն էլ չօգնեցին, դատավոր Դոլմազյանը Աշոտյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգեց։
Իշխանությունները կտրականապես հերքում են Հանրապետականի փոխնախագահի և նրա թիմակիցների այն պնդումները, թե Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, վստահեցնելով՝ դատական իշխանության գործերին չեն միջամտում։