Մատչելիության հղումներ

Երաշխավորություն ներկայացրած պատգամավորները պնդեցին՝ Աշոտյանը չի խոչընդոտի քննությանը


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության գրասենյակում, արխիվ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության գրասենյակում, արխիվ

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր ավարտվեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը։ Այսօրվա դատական նիստին դատավորը քննարկեց նախ խափանման միջոցի հարցի փոփոխությունը։

Արմեն Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար ընդդիմադիր 30 պատգամավոր երաշխավորություն է ներկայացրել։ Նրանք հերթով այսօր եկան դատարան և պնդեցին, որ այնպես կանեն, որ ազատության մեջ Արմեն Աշոտյանը չի խոչընդոտի գործի քննությանը և չի թաքնվի։

«Կարծում եմ, որ տարբերակված մոտեցումը կարող է լինել, եթե տվյալ գործի հիմքում կան մարդու կյանքի հետ կապված հարցեր, և տարբերակված մոտեցում կարող է լինել նաև այն դեպքում, երբ նման հանգամանքներում այլ գործընթացներում մարդիկ գտնվում են խափանման այլ միջոցներով։ Այն մտավախությունը, որ կան քաղաքական հետապնդման մեջ գտնվող անձինք, այդ բոլորի դատավորը դուք եք, և այդ բոլորը մեր հանրությանը դուք կարող եք ներկայացնել՝ փարատելով այն մտահոգությունը, որոնք կան», - ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Մինչև ապրիլի 15-ը դատարանը ժամանակ ունի որոշում կայացնելու, և այսօր արդեն աշխատանքային ժամը ավարտվելու պատճառով դատական նիստը հետաձգվեց։

Արմեն Աշոտյանը կալանքի տակ է արդեն 10 ամիս։ Նա մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում, թե ինքը, թե նրա թիմակիցները հայտարարում են, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, կալանավորվել է իշխանության կողմից իր քաղաքական հայտարարության համար՝ իշխանությանը քննադատելու համար, մասնավորապես, Արցախի հարցում իշխանության ցուցաբերած քաղաքականության համար։

Իշխանությունները կտրականապես հերքում են Հանրապետականի փոխնախագահի և նրա թիմակիցների այն պնդումները, թե Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ վստահեցնելով՝ դատական իշխանության գործերին չեն միջամտում։

Միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին տվյալներ չկան։

Երեք ամիս առաջ էլ էին շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ ու քաղաքական գործիչներ երաշխավորություն ներկայացրել դատարան, բայց՝ ապարդյուն։ Դատարանն անփոփոխ էր թողել ՀՀԿ փոխնախագահի կալանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG