Մատչելիության հղումներ

Աշոտյանը կմնա կալանքի տակ. ընդդիմադիրների երաշխավորությունը դատավորին չհամոզեց


Արմեն Աշոտյանը Հակակոռուպցիոն դատարանում, Երևան, 11-ը ապրիլի, 2024թ.
Արմեն Աշոտյանը Հակակոռուպցիոն դատարանում, Երևան, 11-ը ապրիլի, 2024թ.

Հակակոռուպցիոն դատարանին այս անգամ էլ չհամոզեց ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությունը, որ ազատության մեջ ընդդիմադիր Հանրապետականի փոխնախագահն օրենք չի խախտի։

«Պարզ չի՞, որ Նիկոլ Փաշինյանն ա գրել էս որոշումը», - դատարանի դահլիճում հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Մինչ Աշոտյանն ու փաստաբանները դատարանին պատճառաբանում էին, որ կալանքի փոխարեն կարող է ընտրվել տնային կալանքն ու 40 միլիոն դրամ գրավը, դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց ևս երեք ամսով երկարացնել ընդդիմադիր գործչի կալանքը՝ եզրակացնելով՝ ռիսկերը չեն նվազել, որ ազատության մեջ մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը։

«Կա հիմնավոր կասկած էլ, և որ դրանով պայմանավորված մի շարք գործոններ ևս հաշվի առնելով՝ խափանման միջոցի հիմքերը առկա են եղել», - հայտարարեց դատավորը:

Դատախազ Արման Նշանյանը ևս այդ տեսակետը պնդեց՝ ոչ տնային կալանքը, ոչ էլ գրավը չեն կարող նվազեցնել ռիսկերը, ավելին՝ քանի դեռ վկաները հարցաքննված չեն, Աշոտյանը չպետք է կալանքից ազատ արձակվի։

«Ազդեցություն գործադրելը դա ընդամենը չպետք է պայմանավորել ճնշում գործադրելով: Դրանք կարող են դրսևորվել տարբեր ձևերով՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի համոզելու կամ այլ ձևերով», - հայտարարեց Նշանյանը:

Արդեն տասը ամիս կալանավորված Աշոտյանը, սակայն, թվարկեց տասը փաստ, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ չպետք է գտնվի կալանքի տակ։

«Ինձ վերագրվող դրվագներում՝ հայտնի գաղտնալսման, ես չկամ, գործի մեջ անգամ մի հատ չկա՝ «օյ, Աշոտյանն ասեց օյ»: Ինձ նստցրել են էդ գաղտնալսման հիման վրա: Էդ գաղտնալսումը որ արել են, ձեր ուշադրությունը հրավիրում եմ, լավ՝ ինձ հետ առերեսում չեն արել՝ չեն արել, էդ մարդկանց չեն կանչել առանձին հարցաքննության: Այսինքն՝ ինձ վերագրվող հանցանք՝ առանց իմ մասնակցության, արձանագրվել ա որպես իմ կալանքի հիմք, երբ որ ես ասում եմ՝ «տղեք, էկեք մի հատ կամերաները միացրեք, էդ մարդկանց հրավիրենք, մի հատ խոսենք, ձեզ հետաքրքիր չի՞ ինչ ա էղել», մերժել են, խի՞», - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:

Եվ մինչ դատախազը պնդում էր, որ մեղադրյալն ազատության մեջ նաև վկաների վրա է ազդել, ինքը՝ Աշոտյանը, հիշեցնում էր նույն այդ վկաների հերքումները. - «Վկաները, որոնց վրա ես իբր ճնշում եմ գործադրել, հերքում են այդ փաստը, հերքում են միջամտության փաստը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ գրված ա, որ իմ կալանքը չի կարող քննվել ամենածանր հոդվածի տրամաբանության մեջ՝ փողերի լվացման, որովհետև էդ հոդվածի մինիմալ կասկած անգամ չկա: Դե էդ ո՞նց ա լինում, որ կասկածը չկա, բայց մեղադրանքը կա, էլի, ո՞նց ա տենց լինում»:

ՀՀԿ փոխնախագահը մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում, թե՛ ինքը, թե՛ թիմակիցները հայտարարում են, որ քաղբանտարկյալ է, կալանավորվել է իշխանությանը քննադատելու համար։

«Դուր գա ոմանց, դու չգա՝ ես քաղաքական բանտարկյալ եմ: Դա ոչ միայն իմ գնահատականն ա, դա ոչ էնքան պաշտպանական թիմի, իմ ընկերների գնահատականն ա, դա Հայաստանի Հանրապետության հասարակության գնահատականն ա՝ ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, դա միջազգային քաղաքական մարմինների՝ եվրոպական, համաշխարհային կուսակցությունների գնահատականն ա», - հայտարարեց Արմեն Աշոտյանը:

«Մեկ էլ ասում են քաղբանտարկյալ՝ էսինչը քաղաբանտարկյալ ա, էնինչը քաղբանտարկյալ ա... Բա կներեք, դուք ընչի՞ քաղբանտարկյալ չեք, մեկդ կարա՞ բացատրի». - առանց Արմեն Աշոտյանի անունը տալու՝ այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիրների մեղադրանքներին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Հայտարարեց՝ իր ընտանիքի անդամն էլ է իր վարչապետության օրոք դատվել, օրենքի առաջ բոլո՛րը պետք է հավասար լինեն. - «Բա որ խոսում ենք օրենքի առաջ հավասարության մասին, էդ ի՞նչ ա դա, հա դա ձեզ համար ա: Իհարկե, դա ձեր արժեքային համակարգն ա, որ «իրա հետ լավ ենք, իրա հետ վատ ենք, էս մերոնքական ա, էս ոչ մերոնքական ա»...»:

48-ամյա Աշոտյանը պատրաստվում է բողոքարկել դատավորի այսօրվա որոշումը վերաքննիչ ատյանում։

XS
SM
MD
LG