Մատչելիության հղումներ

Մեկ ամսում խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկին Բաքուն դրական չի արձագանքել. Միրզոյան


Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին Թբիլիսիում ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, 3-ը հուլիսի, 2024թ.
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին Թբիլիսիում ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, 3-ը հուլիսի, 2024թ.

Երևանի առաջարկին՝ մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Բաքուն դրական չի արձագանքում, մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ հայտարարում է Հայաստանի արտգործնախարարը, որն այսօր Թբիլիսիում է:

«Հուսով ենք և իրատեսական ենք համարում, և ես ինքս նաև հայտարարություն եմ արել այդ մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այդ շատ կարևոր փաստաթուղթը: Չեմ կարող նշել, թե դրական արձագանք է ստացել այս առաջարկը, հակառակը՝ մենք տեսնում ենք, որ նոր, վստահաբար կարող եմ ասել՝ արհեստական խոչընդոտներ են երբեմն ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար: Բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու», - ասաց Միրզոյանը:

Մեկ շաբաթ առաջ Թբիլիսիում էր նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Հենց այդ այցի ժամանակ նա խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտ էր համարել Հայաստանի Սահմանադրությունը: Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Բայրամովը միևնույն ժամանակ ասել էր՝ «բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»։

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Բայց պատասխանել են, թե՝ ոչ, հայտնի չէ. Արտգործնախարարությունից «Ազատության» այս հարցին դեռ չեն պատասխանել:

Ընդ որում, այս անգամ հայկական կողմը նաև գնահատականներից է զերծ մնացել, իսկ հայ - ադրբեջանական գրագրությունը չի գաղտնազերծվում:

Վերջերս Երևանը Բաքվի մոտ նոր ագրեսիայի մտադրություն տեսավ: Ու մինչ հայ - ադրբեջանական սահմանազատման հարցով հանձնաժողովներին չի հաջողվում համաձայնեցնել համատեղ աշխատանքի կանոնակարգը, Հայաստանի արտգործնախարարը սահմանազատումը նույն սկզբունքներով շարունակելու կարևորությունից է խոսում։ Արդյոք ձգձգման պատճառն այն է, որ չի հաջողվում կանոնակարգում ամրագրել Ալմաթիի հռչակագիրը. այս հարցը իշխանությունները չեն հստակեցրել:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման գործընթացը, որը տեղի է ունենում, և պայմանավորվեցին երկու կողմերը, Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ մտքում ունենալով այն տարածքային ամբողջականությունը և այն սահմանները, որոնք հաստատվեցին մեր բոլոր երկրների միջև Սովետական Միության փլուզման պահից ի վեր, երբ սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները՝ վարչական սահմանները վերածվեցին միջպետական սահմանների: Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի՝ այս սկզբունքներով շարունակականությունը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Այս ընթացքում Վաշինգտոնից հայտարարում են, թե աշխատում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայ - ադրբեջանական հանդիպման ուղղությամբ։

«Կասկած չունեմ, որ այդ ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել։ Բայց ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը։

Հարավային Կովկասն առաջնահերթություն է պետքարտուղարի ու Պետքարտուղարության մյուս պաշտոնյաների համար, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։ Պատասխանելով հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում հայ - ադրբեջանական հանդիպում կազմակերպելու ծրագրեր կան, Վեդանտ Պատելը չի հստակեցրել՝ չցանկանալով մանրամասնել օրակարգը կամ ժամկետները։

Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորություն տեսնող ամերիկյան կողմը դեռ անցած շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Երևանը հաստատեց՝ հրավերը ստացել են, ընդունել են, բայց մինչև այս պահը չեն հստակեցրել՝ արտգործնախարար Միրզոյա՞նն է մեկնելու այդ հավաքին, և արդյոք Վաշինգտոնում հայ - ադրբեջանական բանակցություններ կլինեն։ Ջեյհուն Բայրամովի Վաշինգտոն այցի մասին էլ Բաքուն այս պահին չի հայտարարել: Ադրբեջանը տևական ժամանակ բոյկոտում էր արտգործնախարարների մակարդակով ամերիկյան հարթակը։

XS
SM
MD
LG