Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ սահմանազատման հանձնաժողովները սահմանված ժամկետում չհամաձայնեցրին կանոնակարգի նախագիծը


Մինչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում՝ ինչո՞ւ սահմանազատման հանձնաժողովները նախորոշած ժամկետում չհամաձայնեցրին կանոնակարգի նախագիծը և կա՞ արդյոք սահմանված նոր ժամկետ այդ փաստաթղթի համաձայնեցման համար, իշխող «Քաղաքացիական պայմանագրից» պատճառների մասին տարբեր տեսակետներ են հնչում:

Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն, օրինակ, ժամկետների խախտումը խնդիր չի համարում, ասում է՝ կարևոր է, որ երկու երկրների հանձնաժողովները բանակցում են ընդհանուր հայտարարի հասնելու համար:

«Ժամկետը չի կարևորը, կարևորն ընթացքն է, իսկ ընթացքը գնում է, աշխատանքները շարունակվում են, բանակցությունները շարունակվում են. մի օր այն կողմ, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, մեկ ամիս այն կողմ կամ այս կողմ, դա բովանդակային բան չի փոխում, դա ուղղակի ընթացքն է մի քիչ երկարացնում կամ կարճացնում», - ասաց Եղոյանը:

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովներն ապրիլի 19-ի հանդիպմանն էին որոշել սահմանազատման սկզբունքները ներառող կանոնակարգի նախագիծը համաձայնեցնել մինչև հուլիս 1-ը: Երեկ ժամկետը լրացավ, իսկ հաղորդագրություններից պարզվեց՝ փաստաթուղթը դեռ համաձայնեցված չէ: Պատճառներից կողմերի տարածած սուղ հաղորդագրություններում ոչ մի պարզաբանում չկա, բայց կա հավաստիացում, թե քննարկումները կառուցողական հունով են շարունակվում: Իշխանական պատգամավորն էլ այսօր չհամաձայնեց դիտարկմանը, որ գուցե Բաքո՞ւն է խոչընդոտներ ստեղծում:

Ըստ Մելքոնյանի՝ Ադրբեջանը կանոնակարգի համաձայնեցումը ձգձգելու նպատակ ունի

«Քաղաքացիական պայմանագրից» մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, մինչդեռ հակառակ կարծիքին է, ասում է՝ իր տպավորությամբ Ադրբեջանը բոլոր հարցերը, այդ թվում՝ կանոնակարգի համաձայնեցումը, ձգձգելու նպատակ ունի:

«Ընդհանրապես բոլոր պրոցեսները է Բաքուն ձգում, որովհետև իրենք էս Մեջլիսի ընտրությունները չեղարկեցին և նոր ընտրություններ են նշանակել: Նոր ընտրություններն էլ ժամանակի ձգձգում է, որ իրանք անընդհատ ժամանակ ձգձգեն, որպեսզի հույս ունեն ինչ- որ մի տեղից ինչ-որ մի բան դուրս կգա», - նշեց Մելքոնյանը:

Սրանով հանդերձ պատգամավորը միևնույն է չի կարծում, որ հայկական կողմը շտապողականություն ցուցաբերեց առանց կանոնակարգի հաստատման Ադրբեջանին 4 գյուղերը վերադարձնելով:

Բաքուն Տավուշի հատվածի տարածքները ստացավ առանց սահմանազատման վերաբերյալ որևէ իրավական փաստաթղթի, Երևանից դրա շուրջ հիմնավորումները տարբեր էին՝ վարչապետը սահմանազատումն անվանում էր «պիլոտային», Արդարադատության նախարարությունը՝ «նախնական»: Սակայն ակնկալիքները, որ կանոնակարգի հաստատումից հետո գործընթացը կլինի շարունակական, դրական էին: Մոտ մեկուկես ամիս առաջ այդպիսի տպավորություն նաև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանն ուներ։

Բաքուն ոչ սահմանազատման, ոչ էլ խաղաղության պայմանագրի կնքման հարցում կառուցողական չէ, պնդում է Գագիկ Մելքոնյանը: Ավելին՝ իշխանական պատգամավորը կարծում է՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն առհասարակ չունի, բայց տեղեկություններ ունի՝ Միացյալ Նահանգներից կպարտադրեն:

«Նոյեմբերին էլ արդեն պետք է իրենք խաղաղության պայմանագիրը կնքած լինեին, ըստ Ամերիկայի պայմանավորվածությունների», - նշեց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, ի դեպ, այսօր վարչապետին է ներկայացրել իր գրասենյակի աշխատանքը։ Պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, որևէ անդրադարձ չկա նրա ղեկավարած սահմանազատման գործընթացին։

XS
SM
MD
LG