Չնայած Հայաստանը խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ամբողջացնելու ու ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանի նախագահը հայ - ադրբեջանական համաձայնության նոր ձևաչափ է առաջ քաշում՝ հիմնական սկզբունքների նախաստորագրում, բայց դարձյալ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պայմանով։
«Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետև աշխատել տեքստի վրա», - ասել է Իլհամ Ալիևը երեկ Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
«Հարաբերություններ հաստատելու մասին պայմանագրերը հենց հիմնական սկզբունքների շուրջ են լինում»
Պաշտոնական Երևանն Ալիևի այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկություն չուներ, թե մինչև խաղաղության բուն պայմանագիրը Հայաստանը կարող է սկզբունքներ նախաստորագրել:
«Նման առաջարկի իմաստը անձամբ ես չեմ ընկալում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Եղոյանը:
Իսկ Սահմանադրության փոփոխությունը պայման դարձնելը, ըստ իշխանական պատգամավորի, կարող է լինել բանակցությունները ձգձգելու, փակուղի մտցնելու փորձ: Նա էլ պնդեց՝ դա Հայաստանի ներքին հարցն է:
«Ինչպես որ սովորաբար դրանք կոչվում են միջազգային իրավունքում՝ հարաբերություններ հաստատելու մասին պայմանագրերը հենց հիմնական սկզբունքների շուրջ են լինում, եթե հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բուն պայմանագիրը ստորագրվում է, եթե հիմնական սկզբունքները համաձայնեցված չեն, չի ստորագրվում: Ոչ հիմնական տարրերի համաձայնեցմանը հասնելու համար անպայման չի ունենալ ինչ-որ նախաստորագրված փաստաթուղթ, հետո՝ բուն փաստաթուղթ, դա կարելի է անել շատ ավելի արագ», - ասաց Արման Եղոյանը:
Խնդիրները մնալու են չլուծված, իսկ Ադրբեջանը ստանալու է քաղաքական դիվիդենտներ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը համոզված է՝ Հայաստանը կգնա սկզբունքների շուրջ, այսինքն՝ շրջանակային պայմանագրի ստորագրման, ընդդիմանալու պոտենցիալ չունի: Այդ դեպքում, ըստ Գրիգորյանի, խնդիրները շարունակելու են մնալ չլուծված, մինչդեռ Ադրբեջանը ստանալու է քաղաքական դիվիդենտներ։
«Ալիևը 2023 թվականի սեպտեմբերից հետո ինչ նպատակներ ռազմավարական ունեցել է, բոլորին հասել է, և Հայաստանը ընդունել է այդ նպատակները: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը գնալու է այդ շրջանակային պայմանագրի ստորագրմանը՝ հույս ունենալով, որ ապագայում կլուծվեն նաև այդ առկա խնդիրները, բայց ես լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը ապագայում հակված է լինելու լուծել այդ խնդիրները, և շարունակելու ենք ունենալ այս, լավագույն դեպքում, նեգատիվ, բացասական խաղաղությունը, այսինքն՝ միգուցե պատերազմի բացակայությունը, և չենք ունենալու դրական զարգացումներ ապաշրջափակման գործընթացի հետ կապված կամ դելիմիտացիայի գործընթացի հետ կապված», - ընդգծեց քաղաքագետը:
Նորանոր պահանջներն, ըստ քաղաքագետի, գործընթացը տորպեդահարելու համար են: Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը չի ցանկանում ձեռք բերել կոնկրետ հարցերի շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ, Բաքվին պարզապես պետք է Երևանի ստորագրությունը ընդհանրական շրջանակային փաստաթղթի տակ, որը կլեգիտիմացնի Արցախի էթնիկ զտումից հետո ձևավորված ստատուս քվոն: Իսկ նախաստորագրված փաստաթղթից միշտ կարելի է հրաժարվել։
«Քանի անգամ են կողմերը հայտարարել, որ ապաշրջափակումը, օրինակ, պետք է տեղի ունենա ինքնիշխանության, փոխադարձության և մյուս սկզբունքների հիման վրա: Կարող ենք հիշել նույն դելիմիտացիայի գործընթացը, կամ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած տարբեր պարտավորություններ կամ համաձայնություններ սկզբունքների վերաբերյալ: Եվ մենք տեսնում ենք, որ սկզբունքների շուրջ պայմանավորվածության հետ կապված գլխավոր խնդիրը այն է, որ այդ սկզբունքները կարող են տարբեր կերպով մեկնաբանվել կողմերի կողմից, այսինքն՝ կարող են համաձայնեցնել սկզբունքները, բայց հետագայում պնդել, որ այդ սկզբունքը նշանակում է մեկ այլ բան՝ այս համատեքստում, և այլ բան՝ այլ համատեքստում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Չնայած երկու երկրների ստորագրությանն ու սահմանված վերջնաժամկետին՝ Երևանին ու Բաքվին չհաջողվեց համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը, որի հաստատումից հետո միայն պետք է տեղի ունենան սահմանազատման հաջորդ փուլերը։
Ճանապարհների ապաշրջափակումը ևս կյանքի չի կոչվել։ Դրա սկզբունքների շուրջ պայմանավորվածության մասին դեռ երկու տարի առաջ էր հայտարարվել։
Բլինքենը բացառիկ հնարավորություն է տեսնում
Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է համարում մասնավորապես Միացյալ Նահանգները։ Նախօրեին պետքարտուղար Բլինքենը բացառիկ հնարավորություն էր տեսել։
«Կարծում եմ՝ առկա է հազվագյուտ հնարավորություն, ներուժ՝ երկրների միջև կյանքի կոչել խաղաղության համաձայնագիրը, որն ավարտին կհասցնի տասնամյակներ տևած հակամարտությունը և, ըստ էության, տարածաշրջանում հսկայական հնարավորություն կստեղծի տնտեսական փոխգործակցության, տնտեսական աճի, ինչպես նաև երկրները միմյանց հետ՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով կապելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ամերիկյան կողմը, մասնավորապես, կարևորում է տարածաշրջանի ապաշրջափակման թեման, շեշտում՝ խաղաղությունը ոչ միայն Կովկասի, այլև շատ ավելի ընդարձակ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցն է, որոնք եվրոպական շուկաներ կարող են հասնել՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը։