Մատչելիության հղումներ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը, այժմ աշխատում է դրանց ուղղությամբ. ԱԽ քարտուղար


Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի փոխանցմամբ՝ Երևանն այժմ աշխատում է դրանց ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանը, սակայն, դժվարացավ ասել՝ կողմերը մոտեցե՞լ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՝ ոչ՝ ընդգծելով, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։

«Գործընթացը դինամիկ է, երբեմն ունենում ենք առաջընթաց, երբեմն չենք ունենում, կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագ վերջնականացնենք: Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, առաջարկել ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել», - նշեց Գրիգորյանը։

20 օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե խաղաղության համաձայնագիրը ստորագրման համար հասունացած է, առաջարկելով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնել և ստորագրել: Սակայն պաշտոնական Բաքուն առայսօր այդ առաջարկին պաշտոնապես չի արձագանքել։

Փոխարենը Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Այն, որ Բաքուն նորանոր նախապայմաններ է դնում Երևանի առաջ, և այժմ էլ պահանջում փոխել երկրի մայր օրենքը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երեկ բարձրաձայնեց նաև իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, պնդելով՝ Ադրբեջանը չի ցանկանում արտացոլել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղության պայմանագրում և տորպեդահարում է խաղաղության գործընթացը։

«Ադրբեջանը հանդես եկավ նոր նախապայմաններով՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը միայն, երբ Հայաստանը կփոփոխի իր Սահմանադրությունը, քանի որ պնդում են, որ դրա դրույթներում կան տարածքային պահանջներ, ինչը չի համապատասխանում իրականությանը», - նշել է Ջուլհակյանը:

Բաքուն ոչ միայն չի պատասխանել մեկ ամսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկին, այլև անարձագանք է թողել Հայաստանի մեկ այլ առաջարկ՝ հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմի ստեղծումը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր նշեց, թե այդ մեխանիզմի ստեղծումը թույլ կտա լուծել էսկալացիայի մասին կեղծ լուրեր տարածելու խնդիրը։

«Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք գերատեսչությունների միջև»

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Երևանին հրադադարը խախտելու համար, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները։

«Ադրբեջանին նաև հրապարակային առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կամ այլ մարմիններ, որոնք կհետաքննեն դեպքերն ու վերջնական եզրահանգման կգան ու ոչ միայն մենք, այլ նաև միջազգային հանրությունը վստահելի տվյալներ կունենանք», - ասել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այժմ սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդները հետաքննության գործառույթ չունեն։ Երևանի առաջարկած հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը բոլորովին այլ գործառույթներով է օժտված լինելու և չի հակասում ԵՄ դիտորդական առաքելությանը. - «Եվրամիության առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում է Հայաստանի Հանրապետության հրավերով, նրանք այդպիսի լիազորություն չունեն հետաքննելու, նրանք մոնիտորինգ են անում»:

Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտեց՝ եթե Բաքուն հետաքրքրված է իրականության բացահայտմամբ, ապա այս մեխանիզմի ստեղծումը լավ հնարավորություն կլինի։ Երևանը դեռ սպասում է Ադրբեջանի պատասխանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG