Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը նախադեպային վճիռ է կայացրել, որը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն է տալիս ազատվել քրեական հետապնդումից սահմանադրական լիազորությունների շրջանակում կայացրած որոշումների համար։ Նախագահական անձեռնմխելիության իրավունքը չի տարածվում միայն մասնավոր արարքների վրա։
Նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ ամերիկյան բարձր դատարանի կայացրած այս որոշումը նախ և առաջ թույլ է տալիս առնվազն հետաձգել նախագահի աթոռի համար պայքարող Թրամփի դեմ մի շարք քրեական գործերով դատավարություններ, որոնք կարող էին խոչընդոտ դառնալ Սպիտակ տուն վերադառնալու նրա ճանապարհին։
Հանրապետականների թեկնածուն չորս քրեական գործով է անցնում, պնդում է, որ դեմոկրատների կողմից քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ հերքելով իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները:
Գերագույն դատարանի պատմական վճիռը կայացվել է անցած նախագահական ընտրություններին հաջորդած՝ Թրամփի աջակիցների մասնակցությամբ անկարգությունների՝ Կապիտոլիումի վրա արյունալի հարձակման և այդ իրադարձություններին Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի հնարավոր մասնակցությանն առնչվող քրեական գործի շրջանակներում։
Թրամփի դեմ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով գործը բարձր դատարանի վճռից հետո վերադարձվել է առաջին ատյանի դատարան, որն էլ պետք է հստակեցնի՝ արդյոք նախկին նախագահին վերագրվող գործողությունները մասնավո՞ր որոշումներ էին, թե՞ սահմանադրական լիազորություններից էին բխում։
Գերագույն դատարանի դատավորներն իրենց վճռում չեն հստակեցրել կարևորագույն այդ հարցի պատասխանը՝ որո՞նք են համարվում մասնավոր և որո՞նք՝ պաշտոնական արարքներ, մեկնաբանությունը թողնելով ստորին ատյանների հայեցողությանը։
Մինչ Դոնալդ Թրամփը ողջունել և ժողովրդավարության հաղթանակ է որակել պահպանողական մեծամասնություն ունեցող դատարանի վճիռը, Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը դատապարտել է այն՝ որակելով վտանգավոր նախադեպ:
«Այս երկիրը ստեղծվել է այն սկզբունքով, որ Ամերիկայում թագավորներ չկան։ Մենք բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Ոչ ոք, ոչ ոք օրենքից վեր չէ, նույնիսկ՝ Միացյալ Նահանգների նախագահը», - հայտարարել է Բայդենը:
Հատուկ տեսաուղերձում երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե պատմական վճիռն անսահմանափակ հնարավորություն է տալիս պետության ղեկավարին անել այն, ինչ ուզում է։ ԱՄՆ առաջնորդը վերստին պնդել է՝ ամերիկացիներն «իրավունք ունեն իմանալու» 2021 թվականի հունվարի 6-ի ապստամբությունում Թրամփի դերակատարության մասին՝ մինչև գալիք ընտրություններ, ինչը, սակայն, Ջո Բայդենի կարծիքով, չափազանց անհնարին է դառնում բարձր դատական ատյանի որոշումից հետո:
Պատմական վճռին դեմ քվեարկած Գերագույն դատարանի երեք լիբերալ դատավորներից Սոնյա Սոթոմայորի գնահատմամբ՝ գործընկերների կայացրած որոշումն այսուհետ թույլ կտա ցանկացած նախագահի պաշտոնեական լիազորությունների քողի տակ ուզածն անել:
«Նախկին նախագահներին քրեական անձեռնմխելիություն շնորհելու այսօրվա որոշումը փոխում է նախագահության ինստիտուտը», - հայտարարել է բարձր դատարանի դատավորը։
Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը երեկ վճիռը հրապարակելիս բազմիցս շեշտում էր, որ սա ապագայի համար կայացվող վճիռ է՝ այդ կերպ փորձելով նաև անուղղակի հերքել պնդումները, թե հանրապետական նախագահների կողմից նշանակված դատավորները հօգուտ Թրամփի քաղաքական որոշում են կայացրել՝ չեզոքացնելով քարոզարշավի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվելու վտանգը։
Սահմանադրական իրավունքի մասնագետ, Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի պրոֆեսոր Սթիվեն Վերմիելը կարծում է՝ այդ պնդումներին կարելի է համաձայնել կամ չհամաձայնել։ «Ազատության» հետ զրույցում պրոֆեսորը միաժամանակ շեշտել է՝ դատարանը պատասխանել է 253 տարվա ընթացքում երբևիցե չհնչած մի հարցի, որն ավելի շատ վերաբերում է նախագահության ինստիտուտին։
«Գերագույն դատարանի դատավորն ամեն կերպ ձգտում էր ասել, որ մենք սա մենք գրում ենք հարյուրամյակների համար, պատմության համար։ Սա միայն Դոնալդ Թրամփի գործի սուր անկյունների մասին չէ։ Սա շատ ավելի մեծ հարց է նախագահության ապագայի վերաբերյալ։ Եվ նա կարծում է , որ նախագահները պետք է ունենան ազատ գործելու հնարավորություն, իմունիտետի բարձր աստիճան ունենալու մասին խոսելիս նա կիրառեց «ակտիվ և եռանդուն» բառերը։ Եվ խոսքը միայն Թրամփին օգնելու մասին չէ: Կրկին, կարծում եմ, որ շատերը թերահավատ և կասկածամիտ կլինեն այդ պնդումների նկատմամբ, բայց կարծում եմ՝ առնվազն արժե նշել, որ գլխավոր դատավորն արեց այդ պնդումը», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է պրոֆեսոր Վերմիելը: