ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձեռնմխելիության վերաբերյալ Գերագույն դատարանի երեկվա որոշումը։
«Այս երկիրը ստեղծվել է այն սկզբունքով, որ Ամերիկայում թագավորներ չկան»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ոչ ոք օրենքից վեր չէ, իսկ Գերագույն դատարանի այս որոշումն, ըստ ԱՄՆ նախագահի, այդ սկզբունքը «հիմնովին փոխում է»:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, թե հասարակությունը «իրավունք ունի իմանալու» 2021 թվականի հունվարի 6-ի ապստամբությանը Թրամփի դերակատարության մասին։
ԱՄՆ Գերագույն դատարանը երեկ նախադեպային որոշում է կայացրել, որն արգելում է Թրամփի քրեական հետապնդումը սահմանադրական լիազորությունների շրջանակում կայացրած ցանկացած որոշման համար, սակայն թույլատրում է քրեական հետապնդումը մասնավոր գործողությունների դեպքում։ Որոշումը հնարավորություն կտա Թրամփին մասնակցել նոյեմբերի 5-ի ընտրություններին։
Հարցը քննվում էր 2020 թվականի նախագահական ընտրություններին հետևած՝ Թրամփի աջակիցների կողմից իրականացված Կապիտոլիումի գրոհին վերաբերող քրեական դատավարության ու դրան Թրամփի առնչության քննության շրջանակներում։ Դատարանն առաջին ատյան վերադարձրեց Թրամփի դեմ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով գործը. դատավորը պետք է որոշի՝ արդյոք մեղադրական եզրակացության տարբեր մասերում նկարագրված նրա գործողությունները մասնավո՞ր որոշումներ էին, թե՞ սահմանադրական լիազորություններից էին բխում։
Ինքը՝ Թրամփը, որոշումը որակել է հաղթանակ Սահմանադրության համար։