Երկու իմփիչմենթ և քրեական մեղադրանք
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ և այս տարվա նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի քաղաքական կարիերայում երեկ նոր ռեկորդ է գրանցվել. նա ոչ միայն երկու անգամ իմփիչմենթի է ենթարկվել, սակայն Սենատի վճռով արդարացվել, այլև երեկվանից դարձել է ԱՄՆ պատմության ընթացքում քրեական հանցանքի համար մեղավոր ճանաչված առաջին նախագահը:
Նյու Յորքում Մանհեթենի շրջանի երդվյալ ատենակալների դատարանը վճռել է, որ Թրամփը մեղավոր է բոլոր 34 կետերով: Որոշումը միաձայն է ընդունվել, այլապես, եթե երդվյալ ատենակալներից գոնե մեկն առարկեր, Թրամփը հաղթած դուրս կգար դատարանի շենքից:
Նախկին նախագահը վրդովմունքով է արձագանքել վճռին:
«Սա ամբողջությամբ կեղծ ու շինծու գործ է»
«Սա տխուր օր է Ամերիկայի համար, ամբողջ աշխարհն է սա դիտում, և սա շատ տխուր օր է Նյու Յորքի համար: Ես արդեն անցել եմ երկու նման դատերով, որտեղ նախագահել է նման տեսակի դատավոր, սա ամբողջությամբ կեղծ ու շինծու գործ է, շատ անարդար վերաբերմունքի ենք ենթարկվել»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ հիմա ամբողջ աշխարհն է հետևում այս դատին, դրսից էլ ոչ ոք բիզնես չի բերի Նյու Յորք, ինչը քաղաքին տրիլիոնավոր դոլարների վնաս կհասցնի: Թրամփի պնդմամբ՝ գործարարները հեռանում են, փախուստի են դիմում Նյու Յորքից:
Hush money. Փողը վերցրու և սուս մնա
Միացյալ Նահանգներում դատական գործընթացներ լուսաբանող մամուլում կա սլենգով մի եզրույթ՝ "hush money", դա մոտավորապես կարելի է թարգմանել որպես` «փողդ վերցրու սուս մնա»: Ըստ մեղադրող կողմի, Թրամփի փաստաբանը փող է տվել պոռնոաստղին` պայմանով, որ նա չխոսի Թրամփի հետ ինտիմ կապի մասին:
Ինքնին դա մեծ հանցանք չէ, եթե խոսքը երկու կողմերի մասնավոր պայմանավորվածության մասին է, բայց հաշվետվություններում դա ներկայացվել է որպես Թրամփի կազմակերպության (Trump Organization) խողովակով կատարված վճարում՝ իրավաբանական ծառայության դիմաց, որի արդյունքում փաստաբանը ոչ միայն փոխհատուցում, այլև պարգևատրում է ստացել:
ԱՄՆ-ում գործարար փաստաթղթերի կեղծումը, իսկ Թրամփի դատավարության պարագայում դրանց թիվը հենց 34 է, համարվում է զանցանք, բայց որակվում է արդեն որպես քրեական լուրջ հանցագործություն, եթե կատարվել է խարդախության նպատակով կամ մեկ այլ հանցագործություն պարտակելու համար:
Պոռնոաստղը, փաստաբանը և Թրամփը
12 երդվյալ ատենակալները՝ 7 տղամարդ, 5 հին, երկու ամիս են հետևել լսումներին, ապա մայիսի 29-ին անցել են դռնփակ քննարկումների, որոնք 11 ժամ են տևել: Գործով անցնող պոռնոաստղը տպավորիչ կեղծանուն ունի՝ Սթորմի Դենիելս՝ «Փոթորկոտ» Դենիելս, իսկական անունն է Սթեֆանի Քլիֆորդ:
The Wall Street Journal հանդեսը 2018-ի հունվարին է գրել, որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը 130 հազար դոլար է վճարել այդ կնոջը, պայմանով, որ նա լռի 2006-2007 թվականներին Թրամփի հետ սեռական կապի մասին:
2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ Դենիելսը հիշել է Թրամփի հետ իր «փոթորկոտ» անցյալի մասին և ակնարկել, թե կարող է հրապարակավ արծարծել այդ թեման: Դա էլ Թրամփին դրդել է պոռնոաստղի հետ գործարք կնքելուն:
Հետագայում փաստաբան Քոենը դատարանի առաջ է կանգնել մի շարք գործերով, այդ թվում՝ Թրամփի նախընտրական արշավի ֆինանսավորման կանոնների խախտման դրվագով:
Ըստ քննիչների, Թրամփն իր փաստաբանին ընդհանուր հաշվով 240 հազար դոլար է փոխանցել որպես հատուցում և պարգևավճար:
«Բոլոր միջոցներով ձերբազատվում են մրցակցից»
Աշխարհն իսկապես ուշադրությամբ հետևում է այս դատավարությանը: Դրա մասին այսօր խոսել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք գիտենք, որ դեռ պետք է հրապարակվի դատավճիռը, բայց եթե ընդհանուր առմամբ խոսենք, ապա ակնհայտ է, պարզ է ամբողջ աշխարհի համար, որ նրանք {նախագահ Ջո Բայդենի վարչակազմը} փորձում են ձերբազատվել քաղաքական մրցակցից՝ դիմելով բոլոր օրինական և ապօրինի միջոցների»,- ասել է բոլոր հավանական մրցակիցներին հետևողականորեն ոչնչացնող կամ բանտեր նետող Ռուսաստանի ղեկավարի խոսնակը:
«Թրամփը՝ տեֆլոնի ծածկույթով թավա»
Դատավարությանը հետևող նյույորքցիներից շատերը չեն բացառում, որ Թրամփը նորից ելք կգտնի:
«Նա կարծես տեֆլոնապատ թավա լինի՝ ինչ դնում ես՝ երբեք չի կպչնում: Գուցե այս անգամ էլ տակից դուրս գա», - ասել է նյույորքցի Ջուլիանան:
«Ատենակալների եզրահանգումը՝ նա մեղավոր է»
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգը, ով անցյալ տարի է ներկայացրել մեղադրանքը Թրամփին, գովեստով է խոսել երդվյալ ատենակալների որոշման մասին:
«Բոլոր 12 ատենակալները որոշումն ընդունել են փաստերի և օրենքի հիման վրա՝ միայն առկա փաստերի և օրենքի, նրանք քննարկման արդյունքում հանգել են միաձայն եզրակացության առ այն, որ ամբաստանյալ Թրամփը մեղվոր է», - ասել է դատախազը:
Տուգանք, պայմանական կամ իրական պատիժ
Դատարանը վճիռը պետք է հրապարակի հուլիսի 11-ին: Պատժաչափի մասին վաղ է խոսել:
77-ամյա Թրամփն առնվազն կտուգանվի կամ կդատապարտվի պայմանական կամ ընդհուպ 4 տարվա իրական ազատազրկման:
Սակայն նմանօրինակ հանցանքի համար Նյու Յորքի նահանգում, որպես կանոն, դատապարտում են մինչև մեկ տարվա ազատազրկման, և անձը բանտում գործնականում մեկ կամ մի քանի ամիս է մնում:
Ինաուգուրացիան հնարավոր է նույնիսկ բանտախցում
Ի դեպ, ԱՄՆ-ում դատվածությունը, մեղադրանքը, ընթացող դատավարությունը և նույնիսկ բանտում ֆիզիկապես լինելը չեն զրկում անձին նախագահության համար պայքարելու իրավունքից: Նա նույնիսկ կարող է երդման տեքստն ընթերցել՝ գտնվելով բանտախցում:
Թրամփը պնդում է, որ պատասխանը կտրվի նոյեմբերի 5-ին
Երեկ մեղավոր ճանաչվելոց հետո Դոնալդ Թրամփն այսօր հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ: Նա շարունակում է կտրականապես հերքել մեղադրանքը:
Նրա պնդմամբ, «երկիրը ծանր վիճակում է, աշխարհի ամեն անկյուններից հանցագործները գալիս լցվում են Ամերիկա, բայց կա նախագահ և ֆաշիստների խումբ, որ դրանով չեն զբաղվում, դրա վերջը չի տալիս»: Փոխարենն, ըստ Թրամփի, վարչակազմը ցանկանում է բարձրացնել հարկերը:
ԱՄՆ 45-րդ նախագահը հավաստիացրել է, որ այդ դատավարության և երկրին հուզող բոլոր այլ հարցերի պատասխանը կտա Ամերիկայի ժողովուրդը, երբ նոյեմբերի 5-ին կգնա ընտրելու նոր նախագահին: Թրամփը համոզված է, որ կհաղթի: