Դաշնային դատարանը Միացյալ Նահանգների նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բեննոնին կարգադրել է մինչև հուլիսի 1-ը ներկայանալ բանտ՝ Կոնգրեսի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով չորս ամսով պատիժը կրելու համար:
Դա նշանակում է, որ աջակողմյան լրատվամիջոցների ամենավառ լիդերներից մեկը համարվող Բեննոնը նոյեմբերին կայանալիք ընտրություններին նախորդող կարևոր ժամանակաշրջանում, հավանաբար, կլինի ճաղերի հետևում:
Այս տարվա նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների Սպիտակ տան համար պայքարելու են գործող դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը և հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
«Խոսքը վերաբերում է MAGA-ն՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» {Թրամփի առաջնորդած} շարժումն արգելափակելու փորձին»,- դատավճռի ընթերցումից հետո հայտարարել է նախկին հանրապետական նախագահի հավատարիմ աջակից Բեննոնը:
Նա հայտնել է, որ բողոքարկելու վճիռը և օգնության համար կդիմի ԱՄՆ Գերագույն դատարան:
«Չկա այս երկրում կառուցված բանտ, որն ինձ կլռեցնի և կխափանի ՄԱԳԱ-ի հաղթանակները: Մենք հաղթելու ենք: Մենք կհաղթենք Գերագույն դատարանում: Եվ ինչն ավելի կարևոր է, մենք կհաղթենք նոյեմբերի 5-ին»,- ասել է Բեննոնը:
Վաշինգտոնում դատավորի հրամանը ստացվել է այն բանից հետո, երբ անցյալ ամիս դաշնային վերաքննիչ դատարանը մերժեց Բեննոնի հայտը` չեղյալ համարել նրա դատավճիռը Կոնգրեսի կոլեգիայի միջնորդությունը մերժելու համար, որը հետաքննում էր 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը:
Դատավճռի վավերացման դեպքում Բեննոնը կդառնա Թրամփի վարչակազմի երկրորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ով բանտ է նստում: Առևտրի հարցերով Թրամփի նախկին խորհրդական Պիտեր Նավարոն այժմ կրում է ազատազրկման 4 ամսվա պատիժը: