Մատչելիության հղումներ

Հունիսի 12-ի դեպքով 16 ցուցարար մեղադրյալ է, բայց ոչ մի ոստիկան. փաստաբանները ՔԿ-ին են մեղադրում


Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ, Երևան, հունիսի 12, 2024թ.
Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ, Երևան, հունիսի 12, 2024թ.

16 ցուցարար մեղադրյալ է, ոչ մի ոստիկան մեղադրյալ չէ. Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցուցարարների ու ոստիկանների միջև բախումից երկու շաբաթ անց այսպիսի պատկեր է։ Քննչական կոմիտեն այսօր նկարագրել է, թե ինչ են արել այդ 16 ցուցարարները։

«Մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները», - ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Այժմ ցուցարարներից 15-ը խմբի կազմում խուլիգանության համար են մեղադրվում, 1-ը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ 8 հոգի կալանավորված է, 5-ը՝ տնային կալանքում, 3 ցուցարարի նկատմամբ բացակայելու արգելք ու վարչական հսկողություն է սահմանվել։

Կալանավորված ցուցարարներից է 73-ամյա Տիգրան Սարիբեկյանը։ Հունիստասներկուսյան տեսանյութերից մեկում երևում է՝ լուսաձայնային պայթյուններից հետո տղամարդը ձեռքը վնասված ականջին է տանում, ապա գետնից ինչ-որ բան վերցնում ու նետում։

«Իրենից բավական հեռու գտնվող ոստիկանների ուղղությամբ է նետում, այնպես, որ բացառված էլ է, որ անգամ մոտենար ոստիկաններին», - ասում է Սարիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով՝ շատերն են շիշ կամ այլ առարկա նետել հատուկ միջոցների կիրառումից հետո, այդ պահի զայրույթը թոթափելու, ոչ թե հատուկ վնաս հասցնելու համար։

«Քննչականի տեսանյութի հիման վրա երևում է, որ քաղաքացին նետում է դատարկ շիշ, ընկնում է ոստիկանի ձեռքերի մեջ, և ոստիկանը, տեսնելով, որ դատարկ շիշ է նետվել, ինքն է նետում արդեն քաղաքացիների վրա, ու այդ մարդը մի ամսով կալանավորված է, բայց ոստիկանը՝ ոչ մի բան», - ասաց փաստաբանը։

Ռուբեն Մելիքյանը բազմաթիվ հարցեր ունի. - «Եթե 8 քաղաքացի կալանավորվել է, ապա պետք է 80 ոստիկան ձերբակալվեր, կալանավորվեր՝ պայմանական ասած։ Աբրահամ Գասպարյանի գլուխն ո՞վ է ջարդել, հատուկ միջոցները խայտառակ ձևով կիրառման հրամանն ո՞վ է տվել»։


Ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից 100-ից ավելի մարդ է տուժել։ Ըստ Մելիքյանի՝ իշխանությունը ոստիկաններին հովանավորում, նրանց գործողությունները խորհրդարանի ամբիոնից ողջունում է, ու այդ ամենից հետո Քննչականն ի վիճակի չէ քրեական գործընթաց սկսել նրանց նկատմամբ։

Քննչական կոմիտեն այսօր տարածած հաղորդագրությամբ շեշտել է. «Ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ քննչական կոմիտեում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև 8 լրագրողներ, ճանաչվել են տուժող, գործընթացը շարունակական է»։

Դատարկ շիշ նետածներին կալանավորում են, իսկ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանների գործողությունները չեն քննվում, ասում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նա վստահ է՝ Քննչական կոմիտեն գործում է հրահանգով, թե չէ շատ հեշտ է գտնել այն ոստիկաններին որ սիրահարների այգում ոտնատակ են տալիս քաղաքացիներին։

«Քաղաքական բարձրագույն իշխանությունից, որովհետև ինձ որևէ մեկը չի կարող բացատրել, թե ինչու պիտի առանց ցուցում ունենալու ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրման ներքո Քննչական կոմիտեն անգործություն ցուցաբերի ու արժանանա մեր քննադատությանը, ինչի՞ համար», - ասաց Վարազդատ Հարությունյանը։

Ընդդիմադիր փաստաբանները մի դիտարկում էլ ունեն՝ 15 ցուցարարներին խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանք է ներկայացված, այնինչ մարդիկ միասին չեն եղել, տարբեր հատվածներում էին պայթյունների պահին։ Ռուբեն Մելիքյանը խուլիգանություն որակումից էլ է տարակուսում, պնդում՝ խորհրդային ավանդույթ էր՝ երբ պետք էր կալանավորել, ու հարմար հոդված չկար, վրա էր հասնում խուլիգանության հոդվածը։

Մեղադրյալների մի մասը կալանավորվել է մեկամսյա ժամկետով, որ լրանում է երկու շաբաթից։ Փաստաբանները հույս ունեն, որ ՔԿ-ն ոստիկաններին պատասխանատվության չկանչելը կհավասարակշռի ցուցարարներին ազատ արձակելով։

XS
SM
MD
LG