Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ դեպքերի հինգ մասնակցի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել, հայտնում է ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները, նրա փոխանցմամբ, կհրապարակվեն այսօր՝ ավելի ուշ։
Երեկ խուլիգանություն հոդվածի շրջանակում Քննչական կոմիտեն ձերբակալել էր հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցներին
«Ազատության» հետ զրույցում ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր երկուսի մասին, որոնց ՔԿ-ն արդեն մեղադրանք էր առաջադրել խմբակային խուլիգանության հոդվածով։
ԱԺ-ի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։