Հունիսի 12-ին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ հունիսի 12-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ակցիայի մի խումբ մասնակիցներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում գործադրելով ոստիկանների նկատմամբ, փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ, ոստիկանությունն էլ, նախապես զգուշացնելուց հետո, հատուկ միջոցներ է կիրառել։
Ըստ Քննչականի՝ սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, խուլիգանություն են կատարել, մասնավորապես, մարդկանց անդորրը խախտելով, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ են նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները:
Կոմիտեն նշում է, որ 8 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ այդ օրը ոստիկանների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ Քննչականում առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել, քննչական խումբ է ձևավորվել։ Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև 8 լրագրողներ, ճանաչվել են տուժող։
Վերոնշյալ երկու վարույթներով էլ նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։
Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական գործողությունների, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառման հետևանքով ավելի քան 100 մարդ է վնասվել։ Իրավապահները պնդում են, որ օրենքով են գործել։ Շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը ոստիկանական գործողությունները խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ «ահաբեկչություն» է որակել։ Իսկ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։