Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը թիրախավորում է իշխանամետ, իշխանությունը՝ ընդդիմադիր լրագրողներին


Հունիսի 12-ին ոստիկանական գործողությունների հետևանքով նաև մեկ տասնյակից ավելի լրագրողներ են տուժել
Հունիսի 12-ին ոստիկանական գործողությունների հետևանքով նաև մեկ տասնյակից ավելի լրագրողներ են տուժել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քննադատել է Հանրային հեռուստաընկերության լրագրողին։ Իշխանական պատգամավորները երեկվանից ակտիվորեն դատապարտում են կատարվածը, բայց շարունակում են լռել այն մյուս դեպքերի մասին, երբ իրենց աջակիցներն են լրագրողներին վիրավորում:

«Իշխանության ներկայացուցիչները սովորաբար շատ ակտիվ դատապարտում են, երբ ճնշման է ենթարկվում լրագրող հենց պրոիշխանական թևից, բայց ես պետք է ասեմ, որ այդ նույնը նաև նկատվում է ընդդիմադիր դաշտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ընդդիմադիրները վրդովված են Հանրայինի՝ հունիսի 12-ի դեպքերի մասին ռեպորտաժից։ Նյութում բանախոսներն արդարացնում են ոստիկանությանը, որը հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ու հարյուր մարդ վիրավորվեց։ 11.5 րոպե տևողությամբ ռեպորտաժում, սակայն, ընդդիմադիրների տեսակետը որևէ կերպ ներկայացված չէ։

Իշխող ուժի հեռացումը պահանջող շարժման տելեգրամյան ալիքում նախօրեին ռեպորտաժի հեղինակ Իրինա Մկրտչյանի լուսանկարն են տարածել՝ նրան մեղադրելով «ժողովրդին սուտ ու կեղծիք «կերակրելու» մեջ»։ Գրառումը վիրավորական տոնայնություն ունի, հայտարարում են, թե «ոչ ոքի չեն խնայելու»։

Ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը պարբերաբար համերաշխության կարևորության մասին է հայտարարում, այսօր պնդեց՝ իրենք լրագրողի սուտն են դատապարտել, ապա խոսեց պատասխանատվության, բարոյական ապտակների մասին։

«Մարդը պետք ա նաև խրատվի, այո, երբեմն պետք ա նաև ապտակ ստանա դրա համար՝ բարոյական իմաստով եմ ասում , իր ասածներին պետք ա պատասխանատու լինի, պտի կրի պատասխանատվությունը: Դուք ընդամենը մեկ լրագրողի մասին ասեցիք, որը, ես երեկ գիշեր եմ տեղեկացել, որը վերստին ինձ համար մարդկայնորեն դատապարտելի էր, բայց ի՞նչ ռեպորտաժ, ի՞նչ պատրաստել էր, ի՞նչ անել: Մարդիկ ոչ թե լրագրողին են դատապարտում, այլ՝ իր սուտը, այլ իր քարոզչությունը, խնդիրը անձը չի», - հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

Հանրայինն ավելի վաղ էր արձագանքել՝ հորդորում են չթիրախավորել հեռուստաընկերությանն ու աշխատակիցներին։ Իրենց էջերում դատապարտող գրառումներ են արել իշխանական պատգամավորները:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն, օրինակ, հայտարարել է՝ քաղաքական գործիչների կողմից լրագրողներին սպառնալն անընդունելի է ցանկացած դեպքում՝ անկախ հանգամանքից, թե ով է լրագրողը։

Խտրական վերաբերմունք է, նկատում է իշխանությունների աջակիցների կողմից թիրախավորված Հռիփսիմե Ջեբեջյանը։ «Առավոտ»-ի լրագրողի հասցեին վիրավորանքների տարափի վերաբերյալ իշխող ուժը շարունակ լռում է:

«Նախ իմ անչափահաս որդու լուսանկարն էին տարածել, գրել էին՝ լիրբ, չգիտեմ, չվերարտադրեմ այդ բառապաշարը, որովհետև դա ոչ եթերային է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ջեբեջյանը՝ շարունակելով. - «Ախր մենակ իրենք չեն, չէ՞, լրագրող, մենք էլ ենք լրագրող, բա Փաշինյանի ասուլիսից հետո ինչո՞ւ մի դառը խոսք, մի թթու խոսք չհելաք ասիք ձեր աջակիցներին, ձեր իսկ աջակիցներին: Ասեիք՝ մի թիրախավորեք, էսպես հարձակումներ զանգվածային մի գործեք»:

Ամիսներ առաջ Ջեբեջյանին իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ վիրավորեց. պատգամավորը լրագրողին, նրա ծնողներին, բարեկամներին թալանչի անվանեց։ Վիրավորանքներով զուգորդված հարցազրույցը հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնական էջում, օգտատերերն էլ վիրավորական մեկնաբանություններ արեցին, ու թեև «Ֆեյսբուք»-ում դրանք խմբագրելու, փակելու հնարավորություն կա, ամիսներ անց գռեհիկ արտահայտությունները դեռ էջում են:

«Ես ձեզ կարող եմ մի քանիսը հենց հիմա, սքրինները ես արել եմ, ցույց տամ՝ «ապրես, ծախված լրագրողներին էդ ձևով պիտի վարվեն», «լկտի, վաճառված լրագրող»... Սրանք էն ամենաանշառներն եմ, էլի, կարդում, որ ես ծախված եմ...», - ասաց լրագրողը:

Սկանդալային ելույթներով հայտնի պատգամավորն այդպես էլ Հռիփսիմե Ջեբեջյանից ներողություն չխնդրեց:

«Շատ ավելի հասկանալի և ընդունելի մոտեցում կլիներ, եթե իշխանությանն ներկայացուցիչները դատապարտեին ոչ միայն այն լրագրողների նկատմամբ թիրախավորումները և խոչընդոտումները, երբ այդ լրագրողները ներկայացնում են պրոիշխանական մամուլը, այլ նաև ցանկացած լրագրողի նկատմամբ թիրախավորումը և բռնությունը և խոչընդոտումը դատապարտեին», - ասաց Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը շեշտում է՝ լրատվամիջոցներն իրենց կողմնակալության մեջ մեղադրելու առիթներ չպետք է տան, իսկ քննադատությունն էլ պետք է բարեկիրթ լինի։ Փորձագետն ընդգծում է՝ թիրախավորման դեպքերը կարող են ճնշումների և նույնիսկ ֆիզիակական բռնությունների հանգեցնել:

Հունիսի 12-ին ոստիկանական գործողությունների հետևանքով ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ տուժեցին, իշխանությունները ոչ ափսոսանք են հայտնել, ոչ էլ ներողություն խնդրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG