Մատչելիության հղումներ

ԱԺ-ի մոտ հանրահավաքի ժամանակ վիրավորված Եսայի Քարամյանը տուժողի կարգավիճակ ստացավ


Ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառում Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ, 12-ը հունիսի, 2024թ.
Ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառում Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ, 12-ը հունիսի, 2024թ.

Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ոստիկանների կիրառած հատուկ միջոցից դաստակը վնասած և երեք մատները կորցրած Եսայի Քարամյանը միայն այսօր ստացավ տուժողի կարգավիճակ։ Դեռ առավոտյան փաստաբանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Քարամյանն այս դեպքերից տասն օր անց ոչ տուժող էր ճանաչվել, ոչ էլ դատաբժշկական փորձաքննություն անցել։

«Եսային ստացել է նախքան իմ ներգրավվելը որոշում դատաբժշկական փորձաքննություն անցնելու վերաբերյալ, դատաբժիշկ չի այցելել առ ներկա պահը: Այս փուլում ունենք մեկ փաստ, որ Եսային հարցաքննվել է որպես վկա», - նշեց փաստաբան Մանուշ Եսայանը:

Եսայի Քարամյանը հունիսի 12-ին ամենածանր վնասվածք ստացած քաղաքացին է։ Լուսաձայնային նռնակից վնասվել էին երկու ձեռքն էլ. - «Գլորվեց ոտքերիս տակ, ինձ թվաց մինչև էդ պայթած նռնակի բեկորներից էր, վերցրի, որ շպրտեմ մի կողմ, բայց չհասցրի, ձեռքից մեջ պայթեց»:

Փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր են դիմել իրավապահներին քրեական գործ հարուցելու պահանջով, որպեսզի մանրամասն քննվի խաղաղ հավաքի գնացած, բայց նռնակից ծանր վնասվածք ստացած Քարամյանի դրվագը։

«Պահանջում ենք նախաձեռնել քրեական վարույթ առողջությանը ծանր վնասվածքներ պատճառելու հիմքով, համապատասխան հոդվածները վկայակոչվել են մեր հաղորդման մեջ, առերևույթ առկա է առնվազն, նախնական գնահատմամբ, որ կիրառվել են լուսաձայնային նռնակներ, ուժի կիրառումը եղել է անհամաչափ, մեր կարծիքով, հետևաբար պաշտոնատար անձանց կողմից կա առնվազն, նախնական գնահատականով, լիազորությունների չարաշահում», - ասաց Մանուշ Եսայանը:

Այսօր տուժող ճանաչված Քարամյանը նաև վկա է ներգրավվել զանգվածային անկարգությունների գործով։ Այս գործը հարուցվեց վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 12-ի հանրահավաքում հատուկ միջոցներ կիրառելուց ժամեր անց։

Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ հունիսի 12-ին ոստիկանական գործողությունների, այդ թվում՝ նռնակների կիրառման իրավաչափությունը ստուգելու համար հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կան տուժողի կարգավիճակ ստացածներ, նրանց տվյալները չեն հրապարակում, իսկ գործընթացը շարունակվում է։

Այս գործով, սակայն, դեռևս չկան մեղադրյալներ։ Առհասարակ, վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր շարժման ավելի քան մեկամսյա հանրահավաքների ու անհնազանդության ակցիաների դրվագներով որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

Ընդդիմադիրների փաստաբանները շարունակում են պնդել՝ իրավապահները արդար քննություն չեն կատարում, շատ արագ քրեական գործեր են հարուցում հավաքների մասնակիցների դրվագներով, բայց անգործություն են ցուցաբերում ոստիկանների գործողությունների դեպքում։

Հունիսի 12-ին ոստիկանական գործողությունների, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառման հետևանքով ավելի քան 100 մարդ էր վնասվել։ Իրավապահները պնդում են, որ օրենքով են գործում, իշխանություններն էլ բազմիցս հայտարարել են՝ իրավապահների գործերին չեն միջամտում, բայց իշխանականները, ընդհուպ վարչապետ Փաշինյանը, հունիսի 12-ի ոստիկանական գործողությունները որակեցին համաչափ։

XS
SM
MD
LG