Վրաստանի խորհրդարանն այսօր քվեների 84-4 հարաբերակցությամբ հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սահմանած վետոն:
Սա նշանակում է, որ Զուրաբիշվիլին պարտավոր է հինգ օրվա ընթացքում վավերացնել օրինագիծը: Եթե նախագահը վերստին հրաժարվի դա անել, ապա օրինագիծն ուժի մեջ կմտնի խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ:
Խորհրդարանի շենքի մոտ արդեն սկսվել է բողոքի ակցիան, որի կարգախոսն է՝ «Մենք չենք ապրելու ռուսական օրենքով»: Ընդդիմությունը գիտեր, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կարող է շրջանցել վետոն, դրա համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնություն՝ 76 քվե: Փաստաթուղթը, որը Վրաստանում անվանում են «օտարերկրյա գործակալի օրենք», երեք ընթերցմամբ ընդունվել է լիագումար նիստերում:
Այսօր քվեարկությունից առաջ խոսնակ Շալվա Պապուաշվիլին կշտամբել է ընդդիմադիրներին` ասելով, թե նրանք են հրահանգներ սպասում արտասահմանից, օտար երկրների շահերն են սպասարկում: «Եթե դա չէ պետական դավաճանություն, ապա ո՞րն է», - ասել է Պապուաշվիլին:
Դրան ի պատասխան՝ ընդդիմադիրները «Վրացական երազանք»-ին մեղադրել են ռուսական օրենքի պատճենը երկրին պարտադրելու համար: Ընդդիմադիրների համոզմամբ՝ այդ օրենքը կարող է ոչնչացնել Վրաստանում ակտիվ քաղաքացիական հասարակությունը և խոսքի ազատությունը:
Վրաստանն ամիսներ առաջ ստացել է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, սակայն Եվրամիությունն անցած շաբաթներին մի քանի անգամ հստակ ընդգծել է, որ նման օրենքի ընդունումը կարող է լրջորեն խոչընդոտել եվրոպական ինտեգրումը: Նույն մտահոգությունը նաև Միացյալ Նահանգներն է հայտնել:
Ընդդիմությունը ենթադրում է, որ այդ օրենքը կարող է նպաստել Վրաստանի մեկուսացմանը Արևմուտքից և երկիրը վերադարձնել ռուսական ազդեցության դաշտ:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծով ավելի քան 20 տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները և այլ միություններ կպարտավորվեն գրանցվել որպես «օտար գործակալներ»: Վրաստանի ընդդիմությունն ընդգծում է, որ հենց նման օրենքով են Ռուսաստանում սահմանափակել անկախ ՀԿ-ների և մամուլի գործունեությունը:
Օրենքն ուժի մեջ կմտնի անմիջապես ստորագրվելուց հետո, բայց անցումային դրույթներն ուժի մեջ կմտնեն 60 օրվա ընթացքում: Դրանից հետո դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները և լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես «օտար գործակալներ»: Դա գործնականում պետք է տեղի ունենա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ: Եթե կազմակերպությունը հրաժարվի գրանցվելուց, իսկ շատերն արդեն ասել են, որ կհրաժարվեն, ապա Արդարադատության նախարարությունը կսկսի ստուգումներ անցկացնել, և կարգազանցների նկատմամբ կսահմանվեն խոշոր տուգանքներ:
Դա ի վերջո կարող է հանգեցնել իշխանությունների համար ոչ ցանկալի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեության դադարեցման:
«Փողոցում կամ քեֆի սեղանի շուրջ ձեզ ամոթանք կտան»
Ելույթները վկայում են մարդկանց գերլարված վիճակի մասին: Ահա մի քանի մեջբերում.
Անվանի լուսանկարիչ Գոչա Չանադիրի. - «Մի շրջանցեք վետոն, պատգամավորի մանդատը կամ պետական պաշտոնը մշտական բան չեն, մի օր երբ կզրկվեք իշխանությունից և կանցնեք փողոցով կամ կնստեք խնջույքի սեղանի շուրջ, մարդիկ ձեզ ամոթանք կտան այս օրվա համար»:
«Գիրչի» կուսակցության լիդեր Զուրաբ Ջափարիձե. «Սա մեր երկրի ամենաամոթալի օրերից մեկն է, այսօր չի կարելի տանը նստել կամ գնալ աշխատանքի, եթե այս երկրում ես ապրում, ապա այսօր քո տեղը Ռուսթավելիի պողոտան է»: