Վրաստանի խորհրդարանն այսօր լիագումար նիստ է անցկացնում, որի ընթացքում պատրաստվում է հաղթահարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Դրա համար պատգամավորների 76 ձայն է անհրաժեշտ։
Վետոն հաղթահարելուց հետ այլևս իրավական լծակներ չեն լինի խոչընդոտելու օրենքի ուժի մեջ մտնելուն։
Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներ են հավաքում։ Նրանք պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել «մենք ռուսական օրենքով չենք ապրի» կարգախոսով։
ԵՄ յոթ երկրների խորհրդարանների նախագահներ կոչ են արել հետ կանչել վիճահարույց օրենքը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին հղած նամակում նշված է, որ Վրաստանում ընդունված վերջին որոշումները մտահոգիչ են և կառավարության գործողությունները հակասում են այն արժեքներին և սկզբունքներին, որոնցով Վրաստանը պարտավորվել է առաջնորդվել։
Նրանք նաև կոչ են արել հարգել հավաքներ անցկացնելու հիմնարար իրավունքը և դադարեցնել ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X սոցցանցում արված գրառմամբ Վրաստանի խորհրդարանին կոչ է արել օգտվել այսօրվա հնարավորությունից և երկիրը վերադարձնել ճիշտ ուղի: