Մատչելիության հղումներ

Ինչու Վրաստանում հեղեղը կանխատեսվեց, իսկ Հայաստանում՝ ոչ


Հայաստան - Հեղեղված շինություններ, ջրում հայտնված մեքենաներ, 26-ը մայիսի, 2024թ.
Հայաստան - Հեղեղված շինություններ, ջրում հայտնված մեքենաներ, 26-ը մայիսի, 2024թ.

Վրաստանի՝ Հայաստանի հետ սահմանակից Քվեմո Քարթլիի մարզում Դեբեդի վարարման գիշերը արդեն տարհանել էին բնակիչներին վտանգավոր գոտիներից։

«Ոչ զգուշացում, ոչ մի բան: Ոչ մի բան ոչ մեկին չեն զգուշացրել, ո՞վ ա մեզ զգուշացնում... »:

«Որ իմանայինք, որ հեղեղումներ ա լինելու... ավտոն մեջը լրիվ ջրի մեջ կորած, սալոնը որ նայում ես՝ ոչ մի բան չկա սարքին, լրիվ վնասվել ա: Ահագին գումարային, ահագին ֆինանսական, ֆիզիկական, էդ շենքին էլ ահագին վնաս ա տվել, գոնե որ ասեին, կիմանայինք՝ ինչ անեինք, մի բան կանեինք, էլի... »:

Բնակիչները նախազգուշացում չէին ստացել, քանի որ պատկան մարմինները չեն կանխատեսել, որ տեղումների հետևանքով գետերը կարող են Լոռու ու Տավուշի մարզերում այդչափ վարարել:

«Ազատություն»-ը հարց ուղղեց Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին. - «Նախօրոք չես կարող կանխատեսել, որ ջրի մակարդակը ինչ աստիճանի կարող է բարձրանալ: Եթե մենք իմանայինք, որ ջրի մակարդակը բարձրանալու ա և էսքան վնաս ա հասցնելու, բնականաբար՝ նախօրոք տարահանում կանեինք և նաև ազդարարում կանեինք բնակչությանը: Քանի որ տեղեկությունը հստակ չի Ձեր ասած, մենք դրա էդ նշված պատճառով էլ չենք իրականացրել», - արձագանքեց պաշտոնյան:

«Իսկ Ձեր գործընկերները վրացի ինչպե՞ս են կանխատեսել», - այս հարցին Ցուցալյանը դժվարացավ պատասխանել. - «Չեմ կարող ասել»:

Վրաստանի՝ Հայաստանի հետ սահմանակից Քվեմո Քարթլիի մարզում Դեբեդի վարարման` մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը արդեն տարհանել էին բնակիչներին վտանգավոր գոտիներից։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ զոհեր չկան, իսկ ջրհեղեղն ամենամեծ վնասները հասցրել է Մառնեուլի քաղաքին, որտեղ ևս կան քանդված կամուրջներ ու ճանապարհներ։

Ի՞նչ կանխատեսումների հիման վրա են Քվեմո Քարթլիի մարզում որոշել մարդկանց նախօրոք տարահանել։ Եղանակային կանխատեսումները Հայաստանում ևս արտասովոր էին։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մայիսի 25-ից 30-ի եղանակի տեսության կանխատեսման էջում կարմիրով գրել է. - «Ուշադրություն. Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում և՝ Երևանում, հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ»։

Լոռիում հորդառատ անձրևները վրա են հասել ոչ թե ցերեկը, այլ՝ երեկոյան, շարունակվել գիշերվա ընթացքում։

Կարողացե՞լ է արդյոք հիդրոմետկենտրոնը կանխատեսել անձրևի ծավալը։ Այո, ասում է կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Կառավարությունում հաստատված վտանգավոր երևույթների չափանիշներ կան, եթե մենք շեշտում ենք «ինտենսիվ անձրև» տերմինը, դա արդեն ենթադրում է, որ հանրապետության առանձին հատվածներում սպասվում են մինչև 50 միլիմետր տեղումներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սուրենյանը:

Լոռիում ու Տավուշում 12 ժամում տեղումների քանակը 45-55 միլիմետր է եղել, ինչը, ըստ մասնագետի, տեղավորվում է «ինտենսիվ անձրև» ձևակերպման շրջանակում։

Իսկ ինչպե՞ս պետք է Լոռու ու Տավուշի բնակիչները հասկանային, թե ինչ ասել է «ինտենսիվ տեղումներ»։ Բացատրություն չկար անգամ Սուրենյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նա շատ ակտիվ է, էջին հետևում է 185 հազար մարդ:

«Նման քանակությամբ տեղումները մի դեպքում կարող են առաջացնել նման մասշտաբի վարարումներ, մյուս դեպքում ոչինչ չառաջացնել: Խոսքը վերաբերում է գարնանային վարարումներին: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ դա պայմանավորված է լանդշաֆտի վիճակով, հողի գերխոնավությամբ, տեղումների ինտենսիվությամբ, տեղումների տիպով, թե այդ տեղումները ինչ ժամանակահատվածում ինչ ինտենսիվությամբ են թափվում: Ընդհանրապես գետերում վարարումները պայմանավորված են տասնյակ գործոններով: Իմ ասածն այն է, որ մի դեպքում 50 մմ անձրևը գետում կարող է էական ջրի մակարդակի տատանումներ չառաջացնել, իսկ մյուս դեպքում առաջացնել նման ուժեղ վարարում», - ընդգծեց հիդրոմետծառայության փոխտնօրենը:

Սուրենյանն ասում է՝ օրինակ, այս տարվա ընթացքում որոշ այլ օրերի ևս եղել են ինտենսիվ տեղումներ, բայց գետերը հունից դուրս չեն եկել։

Այդ դեպքում ինչո՞ւ այս անգամ գետերի ջուրն այնքան բարձացավ, որքան չէր բարձրացել վերջին 65 տարվա ընթացքում, իսկ այս երկրի ամբողջ տարածքում տեղումների քանակը գերազանցեց ամսական նորման 180-230 տոկոսով։ Կլիմայի մասնագետ Հայրապետ Հակոբյանն ասում է՝ պետք չէ անտեսել կլիմայի փոփոփության գործոնը։

«Մարդածին ջերմոցային գազի արտանետումները նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ բավականին մթնոլորտում շատացել են, կուտակվել են, և այդ արտանետումների բարձրացումը իր հետ բերում է միջին գլոբալ ջերմաստիճանի բարձրացում: Երբ որ մթնոլորտը ավելի տաք է լինում դրա պատճառով, ապա մթնոլորտի ջրային գոլորշիների ծավալները ավելի շատ են լինում, և երբ որ եղանակը ցրտում է, սառում է եղանակը, այդ ժամանակ այդ կուտակված գոլորշիները ստանում են կաթիլների տեսք և առատ տեղումների տեսքով թափվում են երկրի մակերևույթի վրա: Ահա թե ինչու մենք ունեցանք այդպիսի ծավալների առատ տեղումներ երկու օր առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետի կարծիքով՝ կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար երկրները պետք է հստակ քայլերի դիմեն, ինչպես, օրինակ, ենթակառուցվածքների արդիականացումն է, էկոհամակարգային լուծումների գնալը։

«Կորուստները և վնասները, որ բերեց այդ աղետը՝ ջրհեղեղի տեսքով, շատ ավելի թանկ կարող է արժենալ երկրի վրա, քան այն ներդրումները, որոնք կարող էին կանխարգելել այսպիսի աղետի հանգեցումը», - ընդգծեց Հայրապետ Հակոբյանը:

Հնարավո՞ր էր արդյոք նախօրոք քայլեր ձեռնարկել՝ մեղմելու հեղեղումների հասցրած վնասն ու խուսափելու 4 զոհից. փորձագետն ասում է՝ հիմա դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ գետի պատվարները չեն կատարել իրենց դերը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG