«Վրացական երազանքը» դեռ չի հրաժարվում օրինագծից
Արևմտյան պետությունները, միջազգային իրավապաշտպան կառույցները կոչ են անում Վրաստանի իշխող քաղաքական ուժին՝ «Վրացական երազանքն»-ին, հրաժարվել «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրենքից, որը քաղաքական շրջանակներն ու մամուլն անվանել են «օտարերկրյա գործակալների» օրենք:
Մեկ անգամ՝ անցյալ տարի, Վրաստանում դրանից արդեն հրաժարվել են, սակայն վերջերս՝ որոշակի փոփոխություններով, այդ օրինագիծը նորից օրակարգ են բերել և, ամենայն հավանականությամբ, մտադիր են հաստատել: Համենայն դեպս, առաջին ընթերցմամբ այն արդեն ընդունվել է:
Ի պատասխան «օտարերկրյա գործակալների» օրենքի վերաներկայացման՝ ընդդիմությունը մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել է բողոքի բազմահազարանոց ցույցեր:
Պայքարը «ռուսական օրենքի» դեմ շարունակվում է
Նախագծի քննադատները թե՛ Վրաստանում և թե՛ արտասահմանում, նշում են, որ այդ օրենքը գրեթե չի տարբերվում Ռուսաստանում ժամանակին ընդունված նմանօրինակ բովանդակությամբ և գործառույթներով օրենքից, որն իշխանությանն ընձեռել է ոչ հաճո ՀԿ-ներին հալածելու, աշխատանքի համար պայմաններից զրկելու, մամուլի ազատությունը սահմանափակելու, քաղաքացիական հասարակության դերակատարությունը գործնականում չեզոքացնելու, իսկ առավել համառ ընդդիմադիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն: Ե՛վ Արևմուտքում, և՛ Վրաստանում այդ օրինագիծն անվանել են «ռուսական օրենք»:
Եվրոպական խորհրդարանն էլ է արձագանքել թբիլիսյան ցույցերին: Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը Եվրախորհրդարանում, որտեղ այս վերջին օրերին՝ ի շարս այլ թեմաների, անդրադառնում են նաև վրացական զարգացումներին, ասել է, որ Թբիլիսիում խոշոր ցույցեր են:
«Վրաստանի քաղաքացիներն օգտվում են խաղաղ հավաքների և ցույցերի իրավունքից»
«Վրաստանի քաղաքացիները դուրս են եկել փողոցներ և օգտվելով խաղաղ հավաքներ ու ցույցեր անցկացնելու իրավունքից՝ պահանջում են հետ կանչել «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Անցյալ տարի էլ են նման տպավորիչ տեսարաններ եղել», - ասել է Լենարչիչը:
Իշխող թիմը հերքում է մեղադրանքները և պնդում, թե օրենքի ընդունումը միայն կնպաստի դեմոկրատիային, քանի որ հավասար թափանցիկություն կհաստատի և բոլոր հասարակական կազմակերպությունների համար կստեղծի հավասար պայմաններ:
Մինչդեռ, Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրինագծի վերաբերյալ շրջանառության մեջ են դրել բանաձևի նախագիծ, որը կազմել են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները, «Նորացված Եվրոպան», «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինքը» և Եվրոպական պահպանողականների ու բարեփոխականների խմբերը:
Նախագծի հեղինակներն են Միրիամ Լեքսմանը, Մայքլ Հալլերը, Ռասա Յուկնևիչիենեն, Դեյվիդ ՄաքԱլիսթերը, Անդրիուս Կուբիլիուսը, Սվեն Միկսերը, Մարկետա Գրեգորովան և Աննա Ֆոտիգան։
Անդամակցության բանակցություններ չսկսել
Նախագծում ասվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը հակասում է Եվրոպական միությանն անդամակցելու նպատակով Վրաստանի ստանձնած պարտավորություններին:
Բանաձևը դատապարտում է վիճահարույց օրինագծի վերաներկայացումը և կոչ է անում Եվրամիությանը չնախաձեռնել Վրաստանի հետ անդամակցության հարցով բանակցություններ, քանի դեռ այս օրինագիծը Վրաստանի իրավական համակարգի մաս է կազմում:
Եվրախորհրդարանը ևս մեկ անգամ Վրաստանի խորհրդարանին կոչ է անում դադարեցնել օրենքի ընդունման խորհրդարանական ընթացակարգերը։
Ոչ պարտադիր ուժ ունեցող այս բանաձևի ընդունումը, հավանաբար, տեղի կունենա այսօր երեկոյան: