«Եվրոպան է Վրաստանի ժողովրդի ընտրությունը»
«Այո՝ Եվրոպային, ոչ՝ Ռուսաստանին». - այս գաղափարն են հնչեցնում թե՛ Վրաստանի խորհրդարանում ելույթ ունեցող ընդդիմադիրները և թե՛ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիր ակտիվիստները:
Վեճի առարկան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն է, որը մամուլն անվանում է «օտարերկրյա գործակալների» օրենք:
Մինչդեռ, օրենսդիրների և հանրային ակտիվիստների կրքոտ ելույթներն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ խոսքը Վրաստանի աշխարհքաղաքական կողմնորոշման մասին է՝ վճռվում է դեպի Եվրոպա երկրի ընթացքը շարունակելու կամ Ռուսաստանի գիրկը վերադառնալու հարցը:
«Դադարեցրեք այս ռուսական օրենքի քննարկումը: Մի ներկայացրեք այս օրենքը ոչ հիմա, ոչ վաղը, ոչ մյուս տարի: Հիշեք մեկընդմիշտ՝ Վրաստանում ռուսական օրենքի համար տեղ չկա: Եվրոպան է Վրաստան ժողովրդի ընտրությունը», - ասել է «Ուժը միասնությունն է» ընդդիմադիր խմբակցության լիդեր Թինա Բոկուչավան:
Ռուսական օրինագծի copy-paste
Երկրորդ օրն է ալեկոծվում Թբիլիսիի կենտրոնը: Մոտ 5 հազար ակտիվիստներ երեկվանից կոչ են անում իշխանությանը՝ հրաժարվել օրինագծից, ինչպես արվել է մեկ տարի առաջ:
Վրաստանի ոստիկանները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, այստեղ են բերվել ջրցան մեքենաներ:
Վրաստանում ընդդիմությունը համոզված է, որ «Վրացական երազանք»-ը ռուսներից է վերցրել օրինագիծը և այն սոսկ աննշան խմբագրելով՝ վերստին փորձում է պարտադրել երկրին: Երեկ երեկոյան այդ է պնդել Թբիլիսիի բնակիչ Թամար Խոջամիրին:
«Սա մամուլի և ՀԿ-ների ազատության դեմ ռուսական օրենքի պատճենն է, կարծես copy-paste են արել, և մենք կստանանք ճիշտ այն արդյունքը, որը ստացան Ռուսաստանում, բացարձակ ոչ մի տարբերություն չկա»,- ասել է Խոջամիրին:
«Թափանցիկությունը Վրաստանի համար առաջնահերթություն է»
Մինչդեռ իշխող կուսակցությունը հավաստիացնում է, որ դույզն իսկ չի շեղվում դեմոկրատիայի ճանապարհից և օրենքը նորից խորհրդարան է բերել միայն հանուն Վրաստանի ժողովրդավարության ամրապնդման:
«Այս օրենքը պաշտպանում է մեր երկրի դեմոկրատիան օտարների հնարավոր ազդեցությունից: Թափանցիկությունը և պատասխանատվությունը Վրաստանի համար առաջնահերթություն են, և դա ամրագված է նաև Եվրոպական միության զեկույցում», - ասել է «Վրացական երազանք» խմբակցուհթյան անդամ Արչիլ Թալաքվաձեն:
Ընդդիմությանը մտահոգում է «Վրացական երազանք»-ի հզորացումը
Սուր վեճեր և առճակատում հարուցած օրինագիծը, որը մեկ տարի առաջ բերվել էր օրակարգ և հանրային ճնշումների ու արևմտյան գործընկերների հնչեցրած քննադատությունների արդյունքում հետ կանչվել, հիմա երկրորդ անգամ է շրջանառվում խորհրդարանում:
Ըստ օրինագծի, ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը արտերկրից ստացող հասարակական կազմակերպությունները պետք է պարտադիր կարգով գրանցվեն որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ:
Քննադատները համոզված են, որ տեղի կունենա այն, ինչ նման օրենքի գործողության հետևանքով տեղի է ունենում Ռուսաստանում՝ ընդդիմադիր կամ չեզոք հանրային կազմակերպությունների գործունեությունը կսահմանափակվի կամ կդադարեցվի, համառություն դրսևորողները պատասխանատվության կենթարկվեն, և տեսանելի ապագայում կհաստատվի քաղաքական մեկ ուժի՝ «Վրացական երազանք»-ի գերակայությունը:
«Վրացական երազանք»-ը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը և հավատացնում, որ ընդամենը ցանկանում է թափանցիկություն ու հավասար պայմաններ ապահովել բոլոր ուժերի համար:
Եթե օրինագիծն ընդունվի, այն կվավերացնի կա՛մ նախագահը, կա՛մ խորհրդարանի խոսնակը
Նախքան օրենք դառնալը, նախագիծը պետք է երեք լսում անցնի գլխադասային հանձնաժողովում, որտեղ երեկ ծեծկռտուք եղավ դրա շուրջ, և երեք լիագումար նիստում:
Երրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո այն կուղարկվի նախագահին՝ ստորագրության համար, և ուժի մեջ կմտնի, եթե Սալոմե Զուրաբիշվիլին այն ստորագրի:
Եթե Վրաստանի նախագահը վետո սահմանի, ապա օրինագիծը նախագահի մեկնաբանություններով հանդերձ կվերադարձվի խորհրդարան, որը կարող է քվեարկությամբ շրջանցել վետոն:
Եթե օրինագիծը նորից քվեարկվի և ընդունվի, այն երկրորդ անգամ կփոխանցվի նախագահին:
Եթե Զուրաբիշվիլին երկրորդ անգամ չստորագրի փաստաթուղթը, ապա այն ուժի մեջ կմտնի խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ: