Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի, 4 գյուղերի հատվածում սահմանի ամբողջական ճշգրտումից բացի Երևանը պատրաստ է նաև հատվածականի


Տավուշից սահմանազատում սկսելու մասին այս պահի դրությամբ պայմանավորվածություն չկա, բայց մենք ասել ենք, որ դեմ չենք, - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ազատություն». - Արդյո՞ք կա Տավուշից սահմանազատում սկսելու երկկողմանի որոշում, թե՞ Հայաստանը դա բարձրաձայնում է, ինչպես Դուք եք ասել, պատերազմից խուսափելու համար:

Փաշինյան. - Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ պայմանավորվածություն չկա, բայց մենք ասել ենք, որ մենք դեմ չենք: Էլի եմ ասում, որ մենք պետք է արձանագրենք նաև մեր հետաքրքրությունն այդ հարցում: Պատերազմից խուսափելը կամ թույլ չտալ, որ պատերազմ լինի, դա նորմալ, բնական խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս իրադրության մեջ մեր խնդիրը միայն դա չէ, մեր խնդիրը նա է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մենք ֆիքսենք: Ես այսօր ի՞նչ էի ասում, ասում էի՝ մենք պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իմ ասածի ամբողջ տրամաբանությունն այն էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն ճանաչել նշանակում է գնալ կոնկրետ սահմանի վրա կանգնել, ասել՝ այստեղից սկսում է Հայաստանը:

«Ազատություն». - Պարոն վարչապետ, բայց Դուք խոսում եք միակողմանի պրոցեսի մասին: Եթե Ադրբեջանը իր համաձայնությանը չի տվել և չկան քարտեզներ այդ սահմանազատման և սահմանագծման տակ դրված, արդյո՞ք միակողմանի զիջման մասին չեք խոսում:

Փաշինյան. - Եթե մենք ֆիքսում ենք, որ սա Հայաստանի և Ադրբեջանի սահմանն է, և մենք դա ֆիքսում ենք Ադրբեջանի հետ միասին, դա չի կարա լինի միակողմանի պրոցես:

«Ազատություն». - Բայց Դուք էլ ես ասում, որ համաձայնեցված չէ Տավուշից սկսելը, այսինքն Տավուշին հարակից 4 գյուղերը Ադրբեջանին տալը:

Փաշինյան. - Մենք այսօր ասում ենք՝ համաձայնեցված չի, նկատի ունենալով, որ որոշում չկա, մենք չենք եկել համաձայնության, որ այս կետից էսինչ ձևով էս հատվածում, էսքան հատվածում սկսում ենք պրոցես, բայց կարող է վաղը համաձայնության գանք:

«Ազատություն». - Եթե Ադրբեջանը հայկական կողմից Տավուշի, ադրբեջանական կողմից Ղազախի հատվածի սահմանազատում սկսելու գործընթացին դեռ չի տվել իր համաձայնության, իսկ 4 գյուղերը ադրբեջանական կողմը շարունակում է պահանջել, արդյո՞ք Երևանը պատրաստ կլինի առանց սահմանազատումը սկսելու 4 գյուղերը վերադարձնել, որ պատերազմ չլինի, Դուք եք այդ թեզն առաջ քաշել:

Փաշինյան. - Նախ էդ, որ ասում եք ադրբեջանական 4 գյուղ, էդ գյուղերից առնվազն մեկը Հայաստանի տիրապետության տակ չի եղել երբեք և էսօր էլ Հայաստանի տիրապետության տակ չի:

«Ազատություն». - Այսինքն՝ երե՞քն են:

Փաշինյան. - Երեքի ամբողջական տարածքն էլ Հայաստանի տիրապետության տակ չէ: Եվ երկրորդը, էն, ինչ որ Դուք ասում էիք, առանց սահմանային գծի համաձայնեցման հնարավոր չի տենց բան անել: Մենք համաձայն ենք գնալ սահմանի ճշգրտման կամ լրիվ ամբողջական, այսինքն, Բաղանիս Այրումից սկսած, մեր կողմից Բաղանիս, իրանց կողմից Բաղանիս Այրում, հյուսիս, այսինքն, վերևի հատվածը, հաջորդ հատվածը՝ Բերքաբեր, Ղզլհաջիլի: Ղզլհաջիլիից Բաղանիս Այրում իրենց կողմից, Բերքաբեր, Բաղանիս մեր կողմից, էս հատվածում մենք կարող ենք, պատրաստ ենք գնալ սահմանային գծի ամբողջական ճշգրտման: Մենք պատրաստ ենք նաև, որովհետև կան խնդիրներ, գնալ հատվածական ճշգրտման: Եվ այն հատվածներում, որը մենք իրար հետ կճշգրտենք, այսինքն, միակողմանի չի կարող դա լինել, այդ ճշգրտման պահից, որը մերն ա, մերն ա, որը մերը չի, մերը չի:

«Ազատություն». - Իսկ ո՞րն է խնդիրը, որ Ադրբեջանը չի համաձայնում սահմանազատման՝ Տավուշից սկսելու և սահմանագիծն այնտեղից ճշտելու:

Փաշինյան. - Ես չեմ կարող ասել, որ Ադրբեջանը համաձայնվում է, բայց չեմ էլ կարող ասել, որ Ադրբեջանից չի համաձայնվում:

«Ազատություն». - Այդ դեպքում Դուք ինչի՞ շտապեցիք, պարոն վարչապետ, գնալ այդ գյուղեր և խոսել սահմանազատման գործընթացի սկզբից և որոշումից, որ կա որոշում այնտեղից սկսելու սահմանազատումը:

Փաշինյան. - Տեղի էր ունեցել սահմանագծման հանձնաժողովի նիստ և հանձնաժողովների նիստերում քննարկվել էր հարցերի լայն շրջանակ, բնականաբար նաև Ձեր ասած շրջանակը, և ես ասել եմ նախկինում ունեցած փորձը և քննադատության վերլուծելով, ես հիմա հարկ եմ համարում բոլոր պրոցեսների մասին, թափանցիկ ձևով խոսել մեր ժողովրդի հետ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG