Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակը Երևանին և Բաքվին կոչ է անում հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին


Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հանդիպում են Իտալիայի Կապրի կղզում, 18-ը ապրիլի, 2024թ.
Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հանդիպում են Իտալիայի Կապրի կղզում, 18-ը ապրիլի, 2024թ.

Մեծ յոթնյակը Երևանին և Բաքվին կոչ է անում հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին, Ալիևի վարչակազմին հորդորում կատարել միջազգային պարտավորությունները:

«Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - հայտարարել են G7-ի անդամ երկրների արտգործնախարարները և ընդգծել՝ «հետագա էսկալացիան անընդունելի կլինի»։

Մեծ յոթնյակը դիմելով Ադրբեջանին հորդորել է «լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները» և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ «ապահովելու իրենց տները վերադառնալ ցանկացող փախստականների, տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը»։

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև «վերահաստատում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», կոչ անում ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր սահմանները, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը։

Անցած տարվա նոյեմբերին Մեծ յոթնյակի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները «լրջագույն անհանգստություն» էին հայտնել Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքների կապակցությամբ, Բաքվին կոչ արել ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG