Հանցագործության մասին իրենց հաղորդումից վեց օր անց իրավապահները քրեական վարույթ չեն նախաձեռնել, ահազանգում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու պնդում՝ այս ընթացքում ռուսական 102-րդ ռազմաբազայում ապօրինի պահվող քաղաքացու առողջությունն ու կյանքը վտանգի տակ է, և չի բացառվում, որ կամքին հակառակ նրան արտահանձնեն Ռուսաստան։
«Հանցագործությունն, առավել քան ցայտուն է, որ կատարվել է և շարունակվում է կատարվել, որովհետև 27-օրյա անազատության է՝ անձի մոտ անազատության մասին, չգիտեմ, խափանման միջոց ասեմ, թե ինչ ասեմ, որովհետև Հայաստանի օրենսդրության համապատասխան չի», - «Ազատությանն» ասաց փաստաբան Անի Չատինյանը։
Անցած շաբաթ կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր տեղեկացրել, որ ռազմաբազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում օրը ցերեկով առևանգել է պայմանագրային զինծառայող եղած Ռուսաստանի քաղաքացուն, որ հրաժարվել է պատերազմել Ուկրաինայի դեմ, նրան տարել են ռազմաբազա, ապա հայտարարել, որ Դմիտրի Սեդրակովը մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Իրավապաշտպանը դատախազությանը դիմելիս նաև ահազանգել էր, որ ռազմաբազայի աշխատակիցները հանցագործություն են կատարել. Հայաստանի տարածքում քաղաքացիներին ձերբակալելու իրավունք ունեն միայն հայաստանյան իրավապահները, պնդել էր իրավապաշտպանը և դատախազությանը հորդորել զբաղվել Սեդրակովին անհապաղ ազատ արձակելու գործով։
Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանն ասում է, որ դատախազությունից ընդամենը կարճ գրություն են ստացել, որ ընթացք են տվել դիմումին, ստուգում են տվյալները։ Մինչդեռ ընթացք տալը շատ քիչ է, ասում է փաստաբանն ու ընդգծում՝ դատախազությունը պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկեր, որ փրկեր անօրինական ձերբակալված քաղաքացուն։
«Կարծում եմ, որ չեն հասցրել սրա մեջ տեսնել լրջության աստիճանը, և այս պարագայում պետք է տեղ հասցնել այն հանգամանքը, որ իրապես մարդու կյանքին վտանգ է սպառնում, որովհետև ցանկացած պահի կարող է տեղի ունենալ արտադատական էքստրադիցիա, որը լի է իր բազմաթիվ հետևանքներում, ընդհուպ մինչև արտադատական պատժի ենթարկել անձին և վախի մթնոլորտ տարածել նմանատիպ իրավիճակում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում են», - հավելեց նա։
Այս գործընթացին հետևող մեկ այլ իրավապաշտպան՝ Դանիել Իոաննիսյանը տարակուսած է՝ ինչպե՞ս կարող են իրավապահները այսքան դանդաղ գործել այն դեպքում, երբ մարդն առևանգված է, պահվում է անհասկանալի պայմաններում. - «Հաղորդման մեջ խոսվում է հանցագործության մասին, վերջ, պետք է քրեական վարույթ նախաձեռնվի։ Այդ ստուգողական գործողությունը նախկին քրեադատավարական օրենսգրքով սահմանված գործառույթ է, որը մինչև այժմ որոշ գործերով փորձում են անել քրեական արդարադատության մարմինները, մասնավորապես դատախազությունն ու քննչական մարմինները։ Սա ամբողջությամբ ապօրինի անգործություն է»։
Իրավապաշտպանը շարունակում է վկայակոչել դեռ 1997-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությունը։ Ըստ այդմ, ռազմաբազան ինքը կարող է ձերբակալել միմիայն իր զինծառայողներին, այն էլ կան որոշակի վերապահումներ։ Իսկ Սեդրակովը ռազմաբազայի ծառայող չէ։ Սեդրակովի հարցով զբաղվող իրավապաշտպաններին ռազմաբազայից հայտնել են, որ բազայի տարածքում գտնվող քննչական բաժինը քննություն կանցկացնի, և եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, տղամարդը պատիժը կկրի Ռուսաստանում։