Մատչելիության հղումներ

Ի՞նչ են ստուգում իրավապահները քրեական գործ չհարուցելուց հետո. իրավապաշտպան


Դատախազությունը հայտարարում է շարունակվող ստուգողական միջոցառումների մասին այն պարագայում, երբ 2 ամսվա ստուգումներից հետո արդեն եզրահանգել էր՝ Գյումրիում փողոցից առևանգված, ռուսական ռազմաբազայում իր կամքին հակառակ պահված, ապա Ռոստովի բանտ ուղարկված Դմիտրի Սետրակովի հետ տեղի ունեցածը հանցագործություն չէ։

Փաշինյանի հայտարարությունը ուղիղ ազդեցություն ունի դատախազության վրա. Ժաննա Ալեքսանյան

Մինչ դատախազությունը չի բացատրում, թե ինչու է նորից ուսումնասիրում այս դեպքը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր եզրակացությունն ունի. «Ինձ թվում է, թե բոլոր գերատեսչությունների փոխարեն որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես, հատկապես իրավապահ մարմինների դեպքում, ուժային կառույցների դեպքում, և որևէ մի դատախազ չէր համարձակվի այլ հայտարարություն անել, թեև զուտ իրավական առումով գործը կարճված է։ Փաշինյանի հայտարարությունը ուղիղ ազդեցություն ունի դատախազության վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Թեմային մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետն էր անդրադարձել ֆրանսիական հեռուստաալիքի հետ զրույցում։ Հայտարարել էր, թե անհանգստացած է Սետրակովի հետ տեղի ունեցածից, և որ հիմա հետաքննություն է անցկացվում՝ պարզելու մանրամասները։

«Դեպքի վերաբերյալ ահազանգ է եղել, հետաքննություն ենք անում, և եթե պարզվի, որ ամեն ինչ այնպես է, ինչպես դուք եք ասում, դա, իհարկե, որոշակի հետևանքի պիտի բերի, որովհետև մեր երկրի տարածքում ապօրինի գործողություն է, և մենք չենք կարող հանդուրժել», - ասել էր Փաշինյանը։

Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված 39-ամյա տղամարդը անցած տարի փախուստի էր դիմել և ռուս իրավապաշտպանների օգնությամբ հասել Հայաստան։ Մեկ շաբաթ չանցած նրան Գյումրիի փողոցներից մեկում առևանգել էին ռազմաբազայի աշխատողները, մեղադրանք ներկայացրել դասալքության համար, տարել Ռուսաստան։ Հայաստանցի իրավապաշտպաններն այստեղ օրենքի կոնկրետ խախտում էին տեսել՝ հայտարարելով, որ ռազմաբազայի ներկայացուցիչները Հայաստանի տարածքում որևէ մեկին ձերբակալելու իրավունք չունեն, դա տեղի ոստիկանների գործն է։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ դիմել էր դատախազություն, բայց հայաստանյան իրավապահները որևէ կերպ չմիջամտեցին։

Ժաննա Ալեքսանյանը շարունակում է պնդել՝ դատախազությունը դեռ երեք ամիս առաջ պետք է քրեական գործ հարուցեր՝ պատասխանատվության կանչելով ռուսական ռազմաբազայի աշխատակիցներին, սակայն Ռուսաստանին դեմ գնալու համարձակություն չունեցան։

«Այնպես որ, իրավապահներն ինքնուրույն ոչ մի կերպ չէին կարող, եթե Ռուսաստանը ձերբակալել է, տարել է իր երկիր, ի՞նչ պետք է անեն, կամ Նիկոլ Փաշինյանը, նա կծափահարի ընդամենը և ուրիշ ոչինչ։ Քանի որ Ռուսաստանն է, այդ կեղծ ծառայամտությունը ուղեկցում է, դա հոգեբանական վիճակ է, որն իրենք գուցե նաև մեխանիկորեն կրկնում են», - նշեց նա։

Իրավապահները, քրեական գործի հարուցումը մերժելով, ապօրինություն են գործել. Դանիել Իոաննիսյան

Սետրակովի գործին հետևող մեկ այլ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը համոզված է՝ իրավապահները, քրեական գործի հարուցումը մերժելով, ապօրինություն են գործել, ու սա այն դեպքում, երբ դատախազություն ուղարկված դիմումում նշվել է մարդուն առևանգելու մասին։

«Դատախազությունն այստեղ մաքուր ապօրինություն է կատարել, որպեսզի փակի ռուսական ուժայինների կողմից կատարված հանցագործությունը։ Ենթադրում եմ, որ դատախազությունը դա արել է այն պատճառով, որ հասկանում էին, որ եթե քրեական վարույթ նախաձեռնեն, հետո այդ քրեական վարույթով գնան, փորձեն այդ հանցագործությունը կատարած մարդկանց, որոնք Ռուսաստանի ուժայիններ են, ձերբակալեն օրինակ՝ Գյումրիում, կարող է ուղղակի հայ-ռուսական ուժային առճակատում լինի, մի բան, որի տակից դուրս չեն գա», - կարծում է նա։

Եթե չկա քննություն, ի՞նչն են ստուգում, հարցնում է Իոաննիսյանն ու պնդում՝ հանցագործության մասին դիմում ստանալիս իրավապահները առանց ստուգողական գործողությունների պարտավոր էին գործ հարուցել, քննել ու նոր որոշել՝ ռուսական ռազմաբազայի աշխատողները Հայաստանի տարածքում իրավունք ունեին մարդ ձերբակալել, թե՝ ոչ։

«Փորձում են այնպիսի ասել, որ չստացվի՝ ա) վարչապետը սուտ է ասել, բ) չստացվի, որ քրեական վարույթ են նախաձեռնելու։ Նիկոլ Փաշինյանը երևի խայտառակ չլինելու համար ասաց՝ դե հետաքննում ենք», - նկատեց Իոաննիսյանը։

Իր կամքին հակառակ Ռոստով տեղափոխված Սետրակովն արդեն երեք ամիս է՝ կալանավորված է, և ինչպես «Ազատությանը» փոխանցեցին նրա հարցով զբաղվող «Քայլիր անտառով» իրավապաշտպան կազմակերպությունից, հրաժարվել է փաստաբանից։

Ի՞նչ են ստուգում իրավապահները քրեական գործ չհարուցելուց հետո. իրավապաշտպան
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
XS
SM
MD
LG