Մատչելիության հղումներ

Եվրոպացի դիտորդներն այցելել են ադրբեջանական կրակոցից վնասված Տեղ գյուղի բնակչի տուն


Լուսանկարը՝ ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ ՆԳՆ ոստիկանության ֆեյսբուքյան էջից

Եվրոպացի դիտորդներն այսօր այցելել են ադրբեջանական կրակոցից վնասված Տեղ գյուղի բնակչի տուն։

Մուրադ Ղավալբաբունցի մայրը ապրլիլի 7-ի գիշերը ադրբեջանական կրակոցներից փրկվել է հարսի՝ տեղափոխություններ անելու «խասյաթի շնորհիվ»։

Ղավալբաբունցն այսօր «Ազատության»-ը պատմեց, որ տարեց մոր մահճակալը իր կինը՝ Լուսինեն, տեղափոխել էր պատուհանի տակից։ Գիշերը, երբ ադրբեջանցները սկսել են կրակել, Մուրադի ընտանիքը քնած է եղել, ավտոմատի պարկուճը կոտրել է տան պատուհանն ու ներս ընկել։

«Մի երկու օր առաջ ենք էդ կառավաթը լուսամուտից քաշել էն կողմ, հարսի խասյաթն ա, հա պիտի տեղափոխություն անի՝ մի օր նենց ա տանում, մի օր նենց», - ասաց Ղավլաբաբունցը՝ նշելով, որ եթե իր կինն էդ տեղափոխությունն արած չլիներ՝ անկողինը քաշած չլիներ, ապակիները մոր վրա էին թափվելու, վնասեին։

Մուրադը ասաց, որ պարկուճը գտել է առավոտյան՝ հին պատուհանի արաքից, ոստիկաններն էլ եկել ու այն փորձաքննության են տարել։ Կրակոցները, նրա խոսքով, 5-10 րոպե են տևել։

«Տարբեր տեղերից կրակոցներ էին՝ մեկ գյուղի տակից, մեկ վերևից, իրենք բարձր դիրքերում են։ Մեր տունը կարող ա մեկ կիլոմետր լինի բարձր, որ կրակել են, թուլացել ընկել ա, լուսամուտին կպել ա մտել շենքի մեջ», - պատմեց Մուրադ Ղավալբաբունցը։

Երեկ Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։

Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG