Մատչելիության հղումներ

Շարունակվում են քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» գործիքները ՀՀ-ի համար օգտագործելու ուղղությամբ․ Դյումուլեն


Եվրամիությունը մտադիր է գալիք տարիներին լինել Հայաստանի կողքին, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը՝ անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպմանը։

Դյումուլենի խոսքով՝ Եվրամիության նպատակը չէ դրդել Հայաստանին դուրս գալ այն տարածաշրջանային կազմակերպություններից, որոնց նա մաս է կազմում, այլ ԵՄ հավակնությունն իսկապես Հայաստանին օգնելն է՝ ամրապնդելու իր ճկունությունը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ շարունակվում են քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» գործիքները կոնկրետ Հայաստանի համար օգտագործելու ուղղությամբ, որպեսզի ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերվի հայկական բանակին։

Դյումուլենի հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Հրայր Թամրազյան․ - Բրյուսելում այս ուրբաթ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ իմացանք այդ հանդիպման մասին և ինչպե՞ս կարող ենք վերծանել և հասկանալ առաջնորդների հայտարարությունները։ Ինչպես տեղեկացանք Ուրսուլա ֆոն դեր Լայենից, ԵՄ-ն 4 տարվա ընթացքում 270 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի միջին և փոքր բիզնեսի համար, և որ ԵՄ-ն ունի աջակցության նոր փաթեթ՝ Եվրոպական տնտեսական և ներդրումային ծրագիր Հայաստանի համար, որն արդեն հավաքել է, ինչպես նա ասաց, կեսը միլիարդ եվրո գումար ներդրումների համար՝ իբրև աջակցության փաթեթ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանին տնտեսական և քաղաքական աջակցության այս խոստումները։ Որքա՞ն շոշափելի են այդ խոստումները և արդո՞ք այդ պարտավորությունները երկարաժամկետ հեռանկարի համար են։

Մարի Դյումուլեն. - Սա ակնհայտորեն Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացումն է։ Եվ սա կապված է այն ընկալման հետ, որ ԵՄ-ն պետք է ուժեղացնի իր ներգրավվածությունը այս երկրի հետ և աշխատի Հայաստանի տնտեսության ճկունությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց նաև օգնի Հայաստանին ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, զբաղվածության հնարավորություններ հենց Հայաստանում՝ համոզվելու, որ կա նաև Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակի առաջընթացը։ Այնպես որ, այո՛, կարծում եմ, որ դա կարող ենք գնահատել իբրև ավելին, քան խոստումներ ու որպես երկարաժամկետ պարտավորություն։ Այն, որ հայտարարվել է առաջիկա չորս տարիների համար օգնության էական փաթեթի մասին, նույնպես ազդանշան է, որ Եվրամիությունը մտադիր է լինել այդտեղ և գալիք տարիներին լինել Հայաստանի կողքին։

Հրայր Թամրազյան․ - Կարո՞ղ ենք ենթադրել, որ Եվրամիությունն ավելի ակտիվորեն կներգրավվի օգնելու Հայաստանին իր պաշտպանունակությունը բարելավելու հարցում։ Կօգտագործի՞ արդյոք Եվրոպական խաղաղության հիմնադրամը: Կա՞արդյոք ըմբռնում և պատրաստակամություն՝ ավելի շատ ջանքեր գործադրելու Հայաստանի համար ԵՄ շուկաները բացելու հարցում։ Պետք է հասկանալ, որ առանց եվրոպական աջակցության Հայաստանը չի կարող կտրվել Եվրասիական տնտեսական միությունից, Հայաստանը չի կարող դուրս գալ Եվրասիական մաքսային միությունից և նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է տնտեսական խնդիրներ առաջացնել Հայստանի համար։

Մարի Դյումուլեն. - Չեմ կարծում, որ Եվրամիության նպատակն է դրդել Հայաստանին խզել իր գոյություն ունեցող կապերը տարածաշրջանի այլ երկրների հետ և դուրս մղել այն տարածաշրջանային կազմակերպություններից, որոնց նա մաս է կազմում։ Հավակնությունն իսկապես Հայաստանին օգնելն է՝ ամրապնդելու իր ճկունությունը: Այսպիսով, դրա տնտեսական բաղադրիչ կա, որը մենք արդեն հիշատակեցինք: Առևտրային հարթություն կա, որը կապված է
Եվրամիության հետ Հայաստանի կնքած երկկողմ պայմանագրերի հետ, և կան քննարկումներ գործող համագործակցության համաձայնագրերի ընդլայնման հնարավորության շուրջ։ Եվ հետո կա անվտանգության և պաշտպանության հարթությունը, որը Դուք նշեցիք։ Շարունակվում են քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» օգտագործման հնարավորության
մասին, որը Եվրամիության գործիքն է երրորդ երկրներում պաշտպանությանն ու անվտանգությանն աջակցության համար: Եվ այսպես, քննարկումներ կան այս գործիքը կոնկրետ Հայաստանի համար օգտագործելու համար, որպեսզի ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերվի հայկական բանակին, ինչը միևնույն ժամանակ կօգնի ամրապնդել բանակի կարողությունները՝ առանց ավելի լայն ազդեցություն ունենալու Հայաստանի դաշինքների վրա։

Հայաստանի համար կա՞ հնարավորություն դառնալու Եվրամիության թեկնածու երկիր


Հրայր Թամրազյան․ - Հիմա գալիս է ամենակարևոր հարցը, որ ես կտամ Ձեզ. Հայաստանի համար կա՞ հնարավորություն դառնալու Եվրամիության թեկնածու երկիր, թե՞ դեռ շատ տնային աշխատանք կա անելու, ինչպես եղավ Վրաստանի դեպքում: Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների որոշակի ոլորտներում
ավելի մեծ առաջընթաց է ունեցել: Հայաստանը պե՞տք է դիմի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Ո՞րն է Ձեր խորհուրդը:

Մարի Դյումուլեն. - Կարծում եմ, որ այս քննարկումը մի փոքր վաղաժամ է, հաշվի առնելով այն փաստը, որ Դուք նշեցիք, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության, Մաքսային միության անդամ է և չի կարող այդքան հեշտությամբ դուրս գալ այդ կազմակերպություններից, ինչը լիովին վաղաժամ է դարձնում Եվրամիության հնարավոր թեկնածության քննարկումը: Սրանք երկարաժամկետ պարտավորություններ են, որոնց մասին Հայաստանը պետք է ուշադիր մտածի՝ այդ ճանապարհով գնալուց առաջ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն անելիքներ չունի ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին ավելի մեծ հանձնառության առումով: Եվ սա նաև մի բան է, որի վրա Եվրամիությունը ցանկանում է աշխատել Հայաստանի հետ, բայց հավանաբար տարբեր
գործիքներով, ոչ միայն ընդլայնման հեռանկարով, այլև առկա համագործակցության գործիքներով, որ ԵՄ-ն ունի:

Հրայր Թամրազյան․ - Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԵՄ-ն նույնպես հասկանում է Հայաստանի՝ Մոսկվայի ղեկավարած բոլոր կառույցների հետ կապերը խզելու կամ ամբողջությամբ դրանցից դուրս գալու վտանգները։ Եվ, մյուս կողմից, Եվրամիությունը ցանկանում է Հայաստանին հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել։ Եվ դա կարող է ունենալ որոշ այլ ձևեր: Ի՞նչպես կվերլուծեք այս հարցը: Ես փորձում էի ասել, օրինակ, 2013 թվականին, ինչպես հիշում եք, Հայաստանը բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ, բայց դա ձախողվեց, քանի որ Սերժ Սարգսյանը միացավ Մաքսային միությանը և ամեն ինչ տապալվեց: Հիմա արդյո՞ք հնարավոր է նորից վերադառնալ այս փաթեթին: Այսինքն, արդյո՞ք դա մի հնարավորություն է:

Մարի Դյումուլեն. - Այդ բանակցությունների ձախողումից հետո Եվրամիության հետ բանակցվեց ևս մեկ համաձայնագիր, որն այժմ Եվրամիությունը մտածում է ընդլայնելու մասին։ Այնպես որ, դա, հավանաբար, չի տա այն նույն հնարավորությունները, ինչ Մոլդովան կամ Ուկրաինան ունեին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրերով և
Ասոցացման համաձայնագրերով, բայց համագործակցության ավելի մեծ հնարավորություններ կտա։ Կարծում եմ՝ Եվրամիությունը իրատեսորեն է վերաբերվում այն փաստին, որ չի կարողանա փոխարինել Ռուսաստանին՝ որպես Հայաստանի գործընկեր, ու ես չեմ կարծում, որ դա ԵՄ-ի նպատակն է։ Բայց ԵՄ-ն կարող է ավելին անել Հայաստանի ճկունությունն ամրապնդելու համար ինչպես տնտեսական և սոցիալական զարգացման, այնպես էլ
ժողովրդավարական ինստիտուտների առումով: Եվ ես իսկապես կարծում եմ, որ սրանք այն ազդանշաններն են, որ այսօր ուղարկեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ սա այն ճանապարհն է, որով Եվրամիությունը ցանկանում է գնալ Հայաստանի պարագայում։

Հրայր Թամրազյան․ - Եվրամիության որոշումը՝ Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ընդունվել է հաշվի առնելով Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը հարևան երկրների և նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ։ Դա, կարծում եմ, գլխավոր նկատառումն էր։ ԵՄ որոշման հայտարարությունից անմիջապես առաջ եվրոպացի պաշտոնյաները քննադատում էին Վրաստանի առաջընթացը, սակայն կար գիտակցում, որ վրացական առաջընթացի գնահատման խիստ չափանիշները և երկարատև գործընթացը հիանալի հնարավորություն են
ստեղծում Ռուսաստանի և վրացական հասարակության ռուսամետ տարրերի համար երկրի ներսում ավելի ծանրակշիռ քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար: Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը հաղթանակ էր Վրաստանում եվրոպամետ կուսակցությունների և քաղաքացիական կազմակերպությունների համար։ Կարծում եմ, որ նույն քայլերը կարող են շատ շահավետ լինել նաև Հայաստանի համար կամ գոնե գործընթացի նախաձեռնումը կարող է շատ օգտակար լինել: Ի՞նչ կարծիքի եք այս նկատառման վերաբերյալ։

Մարի Դյումուլեն. - Սրանք երկու միանգամայն տարբեր իրավիճակներ են, չնայած այն հանգամանքին, որ կան որոշ նմանություններ և որ դրանք երկու հարևան երկրներ են: Վրաստանի Եվրամիության հետ ունեցած հարաբերությունները, այն փաստը, որ նա ուներ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր և Ասոցացման համաձայնագիր, հնարավոր են դարձրել, որ Վրաստանը շատ առումներով ավելի մոտ լինի ԵՄ-ին, քան ներկայումս Հայաստանն է: Իսկ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, այլ անելիքներ ունի՝ նախքան նմանատիպ ճանապարհով անցնելը։ Հիմա Դուք միանգամայն իրավացի եք, որ Հայաստանը որոշ առումներով ավելի առաջադեմ է, քան Վրաստանը ժողովրդավարական ինստիտուտների առումով։ Կարծում եմ, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը նախևառաջ ազդանշան էր վրաց հանրությանը, որն իր գերակշռող մեծամասնությամբ շատ ոգևորված է եվրոպական հեռանկարով: Այսպիսով, սա ազդանշան էր նրանց ասելու, որ Եվրամիությունը չի մոռանում նրանց մասին: Սակայն Վրաստանի կառավարությանը ներկայացվող պահանջները բարեփոխումների և
թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մնում են և հետագայում շատ ուշադիր վերահսկվելու են:

Ինչպե՞ս է Ֆրանսիան որոշել Հայաստանին ռազմական օգնություն տրամադրել

Հրայր Թամրազյան․ - Ֆրանսիան դարձավ ԵՄ այն խոշոր երկիրը, որն աջակցում է Հայաստանին որպես ԵՄ անդամ առանձին երկիր: Ֆրանսիան ցուցաբերում է ռազմական և քաղաքական աջակցություն։ Ֆրանսիան այժմ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանի հայերի շրջանում, քան ցանկացած այլ երկրում: Հայաստանցիների մոտ 80 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիան ամենակարևոր դաշնակիցն է, որին հաջորդում են Հնդկաստանը և Միացյալ Նահանգները: Ռուսաստանը այդ ցուցակի վերջին տեղերում է։ Մարդկանց մեծ մասը ընդհակառակը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության սպառնալիք է։ Կբացատրե՞ք, թե ինչպես է Ֆրանսիայի
կառավարությունը որոշել Հայաստանին ռազմական օգնություն տրամադրել՝ անտեսելով նույնիսկ այն հանգամանքը, որ Հայաստանը տեխնիկապես դեռևս ՀԱՊԿ անդամ է։ Այդ որոշումը մեծ բան էր Հայաստանի համար։


Մարի Դյումուլեն. - Ինչպես գիտեք, Ֆրանսիայի և Հայաստանի միջև պատմականորեն շատ սերտ հարաբերություններ կան, և 20-րդ դարի սկզբից Ֆրանսիայում ձևավորվեց մեծ հայկական համայնք, որը հատուկ կապ է ստեղծում երկու երկրների միջև։ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդի դեր է ունեցել։ Եվ ես կարծում եմ,
որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները և այն փաստը, որ Ադրբեջանը կարողացավ ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանել այդ տարածքի նկատմամբ, Ֆրանսիային ստիպեցին գիտակցել Հայաստանի բարձր խոցելիությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հզորության համեմատ լիակատար անհամաչափությունը, որն այժմ իրականություն։ Եվ այսպես, Ֆրանսիայի որոշման հիմնական իմաստն այն է, որ Հայաստանը որոշակի միջոցներ ունենա պաշտպանելու իր տարածքը և իր
տարածքային ամբողջականությունը ավելի հզոր հարևանից, որը կարող է
սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Մարի Դյումուլենի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG