Մատչելիության հղումներ

Այսօրվա երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ. Փաշինյան


Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա», - նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Հայաստանի վարչապետը հավելել է. - «Այս նպատակին հասնելու համար մենք ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ, և անդին: Ավելի լայն տարածաշրջանում սիներգիան ուժեղացնելու համար մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների (Global Gateway) ռազմավարության հետ և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այս հարցում»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ։

«Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար», - ընդգծել է վարչապետը։

Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար տեղահանվածների կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանը և նշել. - «Մեր հավաքական ջանքերը պետք է կենտրոնանան փախստականների արժանապատիվ կյանքը վերականգնելու հնարավորություն տալու վրա` բնակարանային և տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով»։

Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումն առաջինն է նման ձևաչափով, և հանդիպման մեկնարկին ղեկավարները հայտարարեցին, որ դրա օրակարգում են լինելու Հայաստանի տնտեսական դիմացկունության ամրապնդմանն ու բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG