Մատչելիության հղումներ

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ. Բուրիչ


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը։

Վարչապետ Փաշինյանը նրան է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները։ Ըստ Երևանի՝ «Խաղաղւթյան խաչմերուկի» նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքուն մինչ օրս դիրքորոշում չի հայտնել։

Մարիա Բուրիչը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը «գերազանց» բնորոշում է տվել, հայտարարել՝ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Երևանին բարեփոխումների հարցում։

Եվրոպացի պաշտոնյային այսօր ընդունել է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ԱԳ նախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Երևանի մոտեցումները: Արարատ Միրզոյանը կարևորել է գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարմությունը։

  • Եվրոպացի դիվանագետի այցն այսօր Հայաստանի արտգործնախարարություն ուղեկցվել է ընդդիմության բողոքի ակցիայով:
  • Անցած տարեվերջին Բուրիչը Բաքու էր այցելել։ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի քարտուղարը ողջունել էր Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող երկխոսությունն ու երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը գերիներին ազատ արձակելու վերաբերյալ։ Այս պայմանավորվածության արդյունքում Բաքուն ազատ արձակեց 32 հայ գերիների, հայկական կողմը երկու հոգու հանձնեց Ադրբեջանին։

XS
SM
MD
LG