Մատչելիության հղումներ

Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան


Ռեգիոնալ նոր պայմաններում նոր Սահմանադրության անհրաժեշտություն տեսնող վարչապետ Փաշինյանը երեկ Եղեգնաձորում իր կուսակիցների հետ հանդիպմանը հայտնել է, որ Երևանը Բաքվից, Բաքուն էլ Երևանից լրացուցիչ երաշխիքներ է ուզում, որ միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

«Դիվանագիտական տեքստերը տարբեր ենթատեքստեր և տողատակեր են ունենում, և մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ է տեսնում», - ասաց վարչապետը:

Ընդգծելով, որ հայկական կողմը Բաքվից նման երաշխիքներ է ակնկալում, Փաշինյանը վստահեցնում է՝ Երևանն էլ իր հերթին է պատրաստ տալ դրանք, բայց սրանք փոխկապակցված հարցեր են. - «Բնականաբար, դա ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց կողմից չի կարող լինել միակողմանի»:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանած Ադրբեջանի նախագահն անցած ամիս էր հայտարարել՝ Բաքվին հուսալի երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ չեն լինի:

Ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը, ինչպե՞ս պետք է երկու պետությունները ամրագրեն պարտավորությունը, որ իրարից հետագայում էլ տարածքային պահանջներ չեն ունենալու, վարչապետ Փաշինյանը շատ մանրամասներ չհայտնեց, չբացատրեց նաև, թե արդյոք դրա համար էր նախօրեին ասել, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք։

Հայաստանի Սահմանադրության առաջին նախադասությունում հղում կա 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, որի առաջին պարբերությունում էլ հիշատակվում է 1989 թվականին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը։

Վարչապետը միայն ասաց՝ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ վերջին շրջանի խոսակցությունները հենց միմյանցից տարածքային պահանջներ չունենալու տրամաբանության մեջ են եղել:

«Արդյոք կա պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այս հարցի պատասխանը նույնպես կա, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանն ու Բաքուն ոչ միայն պետք է հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև փաստաթղթով ամրագրեն սա. - «Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների ոչ միայն հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե, խաղաղության պայմանագրով»:

Տասն օր առաջ բանակցությունների ընթացքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսեց. Բաքուն մերժում է Երևանի առաջարկները, բայց մյուս կողմից, շեշտում, թե կողմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանական կողմը, մասնավորապես, մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի առաջարկը, չի ընդունում խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը։ Բացի այդ Բաքուն շարունակում է «Զանգեզուրի միջանցքից» խոսել՝ դարձյալ պնդելով, թե իրենք պետք առանց սահմանային ու մաքսային ստուգման անխոչընդոտ անցում ունենան այդ ճանապարհով։

Հայաստանի առաջնորդը Բաքվից հնչող այս հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է որակում ու հույս հայտնում, թե դրանց նպատակը խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ։

Փաշինյանը հայտարարում է՝ անկախ Բաքվի մտադրություններից Հայաստանն իր ռազմավարությունը չպետք է փոխի. «Մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ամրապնդումը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որովհետև այդպիսին է ամբողջ միջազգային հանրության ըմբռնումը»:

Վերջին շրջանում հայ - ադրբեջանական դեռ առ դեմ շփումներ չեն եղել, բայց կողմերը շարունակում են փոխանակել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակները։ Այս ամսվա վերջին սպասվում է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը, բայց դրա օրն ու վայրը ևս չի հայտարարվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG