Մատչելիության հղումներ

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի Հայաստանին


«Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի Հայաստանին, որոշման նախագիծը հաստատվեց կառավարաության այսօրվա նիստում։

Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։

«Հայաստանի Հանրապետությունը «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկած 5000 հազար դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12, 5 տոկոսը, այսինքն՝ 12 հազար 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի», - նիստին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ նշելով, որ նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան պայմանագիր կկնքի ընկերության հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ անընդհատ առնչվել են «Ամուլսար»-ի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ, սակայն երբ բոլոր հարցերի պատասխանները ստացել են, հնարավոր են համարել նախագծի շարունակումը։

«Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ի դեմս կառավարության, մասնակցություն և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ և, տվյալ դեպքում, բաժնետոմսերի 12,5 տոկոսը պետք է անցնի Հայաստանի կառավարությանը, այսինքն՝ Հայաստանի ժողովրդին»,- ասաց վարչապետը նաև նշելով, որ բացի օրենսդրությամբ սահմանված վճարումներից, ամեն տարի ազդակիր համայնքների բյուջե լրացուցիչ 7 մլն դրամ կվճարվի։

«Ազդակիր համայնքներն են Ջերմուկ, Սիսիան խոշորացված համայնքը և Վայք համայնքները», - ասաց գործադիրի ղեկավարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG