Մատչելիության հղումներ

Պնդումները, որ կառավարությունը Ամուլսարի հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, իրականությանը չեն համապատասխանում. Աղաջանյան


«Ազատությունը» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում զրուցել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Օգտատերերից Լևոն Գալստյանը հարցնում է. «Ուզում եմ հասկանալ՝ Ամուլսարի հետ կապված քննարկումներ անող, որոշումներ կայացնողներն այս յոթ րոպեն նայե՞լ են: Եթե նայել են, ապա ի՞նչ են քննարկում, էլ ի՞նչ պետք է գրեն կամ ասեն տարբեր միջազգային փորձագետներ, որ հասկանալի լինի վաղուց բոլորին հայտնի ճշմարտությունը՝ 2016 թվականին նախորդ կոռուպցիոն կառավարությանը ներկայացված տվյալներն ու ուսումնասիրություններն այնքան թերի են, որ հնարավոր չէ գնահատել իրական վտանգը»: Այն հղումը, որը կցել է պարոն Գալստյանը, վերնագրված է՝ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի մասնագիտական ջախջախումը «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների կողմից»:

Աղաջանյան. - Նախ՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության վերաբերյալ: Այդ մեկնաբանությունը պարոն Գալստյանի մեկնաբանությունն է, որը, բնականաբար, իրավունք ունի գոյություն ունենալ, սակայն տեղյակ եք, որ քննչական մարմինները քրեական գործի շրջանակներում նաև հիմք են ընդունել «ԷԼԱՐԴ» կազմակերպության իրականացրած հետազոտությունը և դրանց արդյունքները: Մենք քննչական մարմինների ներկայացուցիչների հետ վերջերս քննարկում էինք, և նրանց պաշտոնական նաև դիրքորոշումը հավանաբար շուտով մենք կստանանք, այդ թվում նաև՝ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության վերաբերյալ: Այս պահին ուղղակի կարող եմ ասել, որ այն միանշանակ չէ, և պարոն Գալստյանի դիրքորոշումը միանշանակ չէ, որ քննչական մարմինները կկիսեն: Չշտապեմ, կարծում եմ՝ մոտ ժամանակներում կստանանք այդ տեղեկատվությունը նաև քննչական մարմիններից, և միգուցե այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե դրա հիման վրա կառավարությունը ինչ դիրքորոշում կորդեգրի այս հարցի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել, որ կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, իսկ դիրքորոշումը պարոն վարչապետի կողմից տարբեր անգամներ հնչեցվել է՝ այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր հանքի շահագործման հետ կապված չկան, և հանքը չի կարող շահագործվել, եթե կպարզվի, որ հանքի շահագործումը ենթադրում է և պարունակում է անկառավարելի բնապահպանական ռիսկեր: Եվ այս սկզբունքից է ելնելու ցանկացած որոծում, որը որ կառավարությունը կկայացնի Ամուլսարի հարցի հետ կապված:

«Ազատություն». - Նույն օգտատերը նաև հետաքրքրվում է. «Ինչո՞ւ վարչապետն ու կառավարությունը չկատարեցին իրենց խոստումը՝ այն դեպքում, երբ 2019-ին «ԷԼԱՐԴ»-ի միջազգային փորձագիտական թիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Լիդիան»-ի 2016-ի ՇՄԱԳ-ն ու նախագիծը բավարար չեն հանքի ապահով շահագործման համար: Հարցը մնում է բաց, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը 450 հազար դոլար ծախսելուց ու միջազգային ուսումնասիրություն պատվիրելուց հետո չգնաց փորձագետների ուղենշած ճանապարհով:

Աղաջանյան. - Ես պետք է կրկնվեմ, որ այն եզրակացությունը «ԷԼԱՐԴ»-ի վերաբերյալ, որը ներկայացվում է պարոն Գալստյանի կողմից, միանշանակ չէ, և կառավարությունը այս պահին չի կարող պնդել: Պետք է նշեմ, որ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը հաճախ բավականին բարդ մեկնաբանությունների տեղիք է տալիս, և պետք է լինել տվյալ ոլորտի նեղ մասնագետ, որպեսզի այդ մեկնաբանությունները ճիշտ վերհանել: Պետք է տեղեկացնեմ, որ քննչական մարմինները դրա համար համապատասխան մասնագետների են ներգրավել, և նրանց կարծիքները ևս հաշվի են առնվել:

«Ազատություն». - Բնապահպաններն ասում են՝ մեծ հույսեր ունեին, որ հեղափոխությունից հետո կառավարությունը Ամուլսարի հարցը կլուծի և չի շահագործի, և ասում են, որ կառավարությունը քննարկման չի գնում իրենց հետ, գուցե իսկապե՞ս արժե հավաքվել, քննարկել, լսել բնապահպաններին, վերջին այդպիսի հանդիպումը ե՞րբ է եղել:

Աղաջանյան. - Ես չեմ կիսում այդ դիրքորոշումը, որովհետև իմ մասնակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, այդ թվում նաև Ձեր կողմից նշված կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Լևոն Գալստյանի մասնակցությամբ, բնապահպանական ճակատի այլ անդամների մասնակցությամբ: Պնդումները, թե կառավարությունը այս հարցի առնչությամբ հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները և որևէ կերպ չի հաղորդակցվում նրանց հետ, առնվազն իրականությանը չեն համապատասխանում: Ասեմ ավելին՝ անձամբ իմ միջնորդությամբ ուղիղ կապ է հաստատվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և տվյալ կազմակերպությունների միջև և առաջարկվել է հիմնավոր փաստարկների առկայության պարագայում քրեական գործի շրջանակներում ամբողջական ինֆորմացիան փոխանցել պարոն Արսեն Այվազյանին:

«Ազատություն». - Պահանջը մեկն է՝ «Ամուլսարը սար է մնալու»:

Աղաջանյան. - Հարցը երկու կողմ ունի. մի կողմի պահանջը, այո, մեկն է, սակայն մենք տեղյակ ենք, որ հարցը նաև երկրորդ կողմն ունի, և շահագրգիռ կողմը մեկը չի, առնվազն երկու շահագրգիռ կողմ կա: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ հանքարդյունաբերողները պնդում են, որ հանքը պետք է շահագործվի՝ համապատասխան հիմնավորումներով, որոնք որ իրենք են բերում: Եթե այդ հարցի լուծումը լիներ այդքան պարզ և հստակ, թերևս այս հարցն այսքան երկար չքննարկվեր և խնդրի լուծումն այսքան երկար չձգվեր: Այո, մեզ հասկանալի են բոլոր շահագրգիռ կողմերի տրամադրվածությունները, շահերը, մտավախությունները, բայց կառավարությունը ունի սկզբունքներ, և այդ սկզբունքների շրջանակներում է, որ որոշումը կկայացվի:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG