Մատչելիության հղումներ

Բանակցությունների անցկացման համար որևէ հարթակի նկատմամբ վստահությունը բխում է առկա իրողություններից. ՔՊ պատգամավոր


Հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման համար որևէ հարթակի նկատմամբ հայկական կողմի վստահությունը կամ անվստահությունը բխում է առկա իրողություններից։ Արձագանքելով Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպում կազմակերպելու Մոսկվայի հերթական առաջարկին՝ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը։

Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի հիմնական դրույթները չեն պահպանվել: Իսկ դրանց իրականացման երաշխավորը հենց Մոսկվան էր։

«Ցանկացած կողմի նկատմամբ վստահության չափաբաժինը ձևավորվում է նախորդիվ տեղի ունեցած պայմանավորվածությունների պահպանմամբ», - ասաց Հովհաննիսյանը:

Թեև Արցախը ռուս խաղաղապահների ներկայությամբ սեպտեմբերին լայնածավալ ռազմական հարձակման ենթարկվեց ու հայաթափվեց, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նախօրեին պնդել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու դրանից հետո Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ընդունած փաստաթղթերը ուժի մեջ են:

Ռուս դիվանագետը նաև հայտնել է, թե Հայաստանին և Ադրբեջանին Մոսկվան հրավերներ է փոխանցել՝ շարունակելու երկխոսությունը խաղաղ կարգավորման շուրջ: Իսկ այդ գործընթացը, ըստ Գալուզինի, հիմնված պետք է լինի այն սկզբունքների վրա, որոնք երեք երկրների ղեկավարները ձևակերպել են 2020 թվականի նոյեմբերին: Երևանից մինչդեռ ընդգծում են՝ խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերը համաձայնեցվել են արևմտյան հարթակներում։

«Վաշինգտոնում տեղի է ունեցել մի քանի ռաունդ արտգործնախարարների մակարդակով բանակցություններ և Բրյուսելում տեղի են ունեցել երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որտեղ համաձայնեցվել են սկզբունքային հարցերը ակնկալվելիք խաղաղության համաձայնագրի շուրջ: Շատ կարևոր է, որ այս գործընթացը շարունակվի և կրկին բանակցությունները հետ չվերադառնան 0-ական կետի», - ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ընդդիմությունից շեշտում են՝ հայ-ադրբեջանական բանակցություններում կարևոր է ոչ թե հարթակը, այլ բանակցողը

Արցախի անկումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի չի ունեցել: Բաքուն արևմտյան հարթակներում երեք բանակցություն տապալեց, փոխարենը առաջարկում է դրանք տեղափոխել տարածաշրջան կամ անցնել ուղիղ քննարկումների:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը այս ձևաչափը խիստ վտանգավոր է համարում: Ինչ վերաբերում է մոսկովյան հարթակին, դաշնակցական պատգամավորը տպավորություն ունի, որ Երևանը խուսափում է դրանից: «Ազատության» հարցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախադեպն ունենալով՝ վստահելի՞ է արդյոք ռուսական կողմի միջնորդությունը, պատգամավորը շեշտեց՝ կարևոր է, թե ով է բանակցողը:

«Դա եղել է Մադագասկարում, թե Յոշկար Օլայում, եթե քո երկրի ղեկավարը, կառավարության ղեկավարը, որովհետև պարադոքսալ է, բայց երկրի ղեկավարն այլ մարդ է գոնե թղթերով, չի պահում ազգային շահը, էդ սեղանը տարեք լուսնի վրա դրեք, սեղանի վրա որևէ լավ բան չի ստորագրվի», - նշեց Խաչատրյանը:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն այժմ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկներ են փոխանակում: Մոտ 20 օր առաջ հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց փաստաթղթի 6-րդ տարբերակը: Եվ չնայած միջնորդների ջանքերին, հանդիպում կազմակերպել դեռ չի հաջողվում:

Ադրբեջանի նախարարն օրերս հայտարարել էր՝ արտգործնախարարների հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ Երևանին փոխանցեն պայմանագրի իրենց առաջարկները:

«Բանակցությունների հարթակներ փոխելը ևս Ադրբեջանի կողմից գուցե մարտավարություն է բանակցությունների խուսափելու համար: Սա է պատճառը, որ մենք ուզում ենք, որ բանակցությունների տրամաբանությունը շարունակական լինի», - ասաց Խանդանյանը:

Վերջերս Բաքվում էր Միացյալ նահանգների պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը: Այցից հետո ամերիկացի պաշտոնյան X-ի իր էջում գրել էր, որ Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Երևանը դրական էր արձագանքել հանդիպման առաջարկին, իսկ Բաքվից դեռ արձագանք չկա:

Մինչև տարեվերջ 20 օրից էլ քիչ ժամանակ է մնացել, հայաստանցի պաշտոնյաները պայմանագրի ստորագրման համար անգամ այս ժամկետն են իրատեսական համարում, եթե սկզբունքային հարցերին ադրբեջանական կողմը դրական արձագանքի:

Ի դեպ, Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին սպասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում: Կառավարությունն առայժմ չի հստակեցնում, թե արդյոք դրան կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այդ բոյկոտել էր ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի պաշտոնական հավաքները։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը երեկ զերծ էր մնացել կանխատեսում անելուց, թե արդյոք այդ հավաքի շրջանակներում սպասվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG