Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից վեց օր անց 32 հայ գերիներն արդեն Հայաստանում են։
Ադրբեջանական կողմը նրանց այսօր վերադարձրեց հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։
Հայկական կողմը մինչ այսօր չէր հրապարակում, թե ովքեր են ազատ արձակվող 32 գերիները։ Փոխանակումից շատ չանցած վարչապետն իր Ֆեյսբուքի էջում հրապարակեց նրանց անունները։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ։
32 գերիներից մեկը Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից բառացիորեն ժամեր առաջ Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորային Գագիկ Ոսկանյանն է։ Նրա մայրը՝ Աշխեն Ավետիսյանը, որդու վերադարձի մասին անակնկալ կերպով՝ հեռուստացույցից էր իմացել։
«Ես չեմ պատկերացնում, այդ լուրը որ լսեցի, ինչ կատարվեց ինձ հետ, թե ուրախության, թե ամեն ինչի արտահայտությունը իմ լացն էր, ուրախության լաց է։ Հարևաններս վայրկյանական լցվեցին, բոլորն ինձ հետ ուրախացան», - «Ազատությանը» պատմեց նա։
Աշխեն Ավետիսյանն անցած հինգշաբթի լսել էր, որ տղան էլ է վերադարձողների թվում, բայց մինչև վերջին րոպեն կասկածում էր՝ կարող է ու տղան չլինի ցանկում. - «Մինչև վերջին րոպեն չէինք պատկերացնում, որովհետև մտածում էինք, որ թուրքերը վերջին պահին մի բան կարող էին անել։ Իրոք անակնկալ էր, մեծ անակնկալ»։
Ջերմուկի դիրքերից գերեվարված 40-ամյա որդու դեմ դատավարությունը 66-ամյա կինը շոու է որակում, պատահական չի համարում, որ նրան հենց երկար ազատազրկման դատապարտեցին. - «Ադրբեջանական շոուն էր, որ ցույց տվեցին, թե մենք ինչքան ժողովրդասեր ենք, որ կդատենք 18 տարի, բայց բաց կթողնենք, համայն աշխարհն իմանա, բայց 18 տարի ի՞նչ էր արել էդ երեխան որ։ Շնորհակալ ենք, որ գոնե խիղճ մտավ մեջները, երեխուն գրեցին այդ փոխանակվողների մեջ»։
Այսօր ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր, որ կողմերի պայմանավորվածությունը չի փոխվել։
«Երկու բաղադրիչ կար՝ գերիների փոխանակություն՝ ազատ արձակում, և կար կլիմիայի այդ կոնֆերանսի կոմպոնենտը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ, և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը», - ասել էր նա։
Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Երկու երկրները պայմանավորվել էին, որ Հայաստանը կհրաժարվի միջոցառումը հյուրընկալելու իր հայտից։
Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։