Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մերժում է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս հանելու իսրայելցի նախարարների հայտարարությունները


Իսրայելի կառավարության անդամները շրջանառության մեջ են դնում Գազայի հատվածն առանց պաղեստինցիների գաղափարը, մոտավորապես այն, ինչին հասավ Ադրբեջանը՝ ստանալով Լեռնային Ղարաբաղն առանց հայերի։

Իսրայելի կառավարության անդամներ ազգային անվտանգության և ֆինանսների նախարարները հայտարարել են, թե պաշտպանում են Գազայի հատվածի բնակիչների կամավոր միգրացիան տարածաշրջանից։

Վաշինգտոնը կտրուկ արձագանքել է նրանց հայտարարություններին։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն ասել է, որ Միացյալ Նահանգները մերժում է իսրայելցի նախարարների հայտարարությունները, որոնք հանդես են գալիս պաղեստինցիների վերաբնակեցման օգտին Գազայի հատվածից դուրս։

«Այդ հայտարարությունները գրգռիչ են և անպատասխանատու։ Իսրայելի կառավարության, ներառյալ վարչապետի կողմից մեզ պարբերաբար և հետևողականորեն ասվել է, որ նման հայտարարությունները չեն արտահայտում Իսրայելի կառավարության քաղաքականությունը։ Դրանք պետք է անհապաղ դադարեցվեն։

Մենք հստակ, հետևողական և միանշանակ ենք եղել, որ Գազան պաղեստինյան տարածք է և կմնա պաղեստինյան տարածք, որն ապագայում այլևս չի գտնվի «Համաս»-ի վերահսկողության տակ և ոչ մի ահաբեկչական խմբավորում չի կարող սպառնալ Իսրայելին։ Դա այն ապագան է, որը մենք ակնկալում ենք՝ ելնելով իսրայելցիների, պաղեստինցիների, տարածաշրջանի ու աշխարհի շահերից», - հունվարի 2-ին գրավոր հայտարարությամբ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ֆրանսիան ևս չի պաշտպանում Գազայի հատվածի բնակիչներին ստիպողաբար տեղահանելու գաղափարը։ Այդ մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Ռիվիերը։

«Փարիզը կտրականապես դեմ է բնակչության բռնի տեղահանմանը», - ասել է նա՝ աբսուրդ համարելով պաղեստինցիներին Գազայի հատվածից հեռացնելու գաղափարները։

«Պաղեստինցիները Գազայի հատվածում պետք է շարունակեն ապրել ապահով ու անվտանգ և լավ պայմաններում։ Դա առաջնահերթություն է», - նշել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը, ընդգծելով, որ գլխավորը ռազմական գործողությունները ավարտելն է:

«Իսրայելը կարող է շարունակել հարվածները ռազմական օբյեկտներին, բայց պետք է դադարեցնի հարվածել քաղաքացիական բնակչությանը», - ասել է նա։

«Համաս»-ը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից կատարված զանգվածային հրթիռակոծությունից հետո հարձակվեց սահմանամերձ իսրայելական բնակավայրերի վրա։ Իսրայելական կողմը հաղորդել է 1400 զոհի մասին, այդ թվում նաև օտարերկրացիներ։ Գազայից հայտնում են՝ Իսրայելի բանակի պատասխան գործողությունների հետևանքով կա ավելի քան 22 հազար զոհ։

Միջազգային հանրության մեծ մասն ընդունում է Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը, ահաբեկչության դեմ պայքարը, բայց խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի պատճառով իսրայելական կողմի հասցեին քննադատություններն աստիճանաբար աճում են։

ԱՄՆ-ի սենատոր Բերնի Սանդերսը նախօրեին Կոնգրեսին կոչ է արել մերժել Իսրայելին առանց նախապայմանների 10 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացումը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմիցս ասել է, որ վճռական է տրամադրված՝ ահաբեկչական «Համաս»-ը պետք է ոչնչացվի։ Երեկ, Բեյրութի հարավում սպանվել է «Համաս»-ի առաջնորդներից Սալեհ ալ-Արուրիին։ Նա «Համաս»-ի ղեկավարի տեղակալն էր և մինչ հիմա «Համաս»-ի սպանված ամենաբարձրաստիճան պաշտոնյան։

Պատերազմը շարունակվում է։ «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածը հաղորդում է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածներից ավելի քան 120 մարդ է զոհվել, 260-ից ավելին՝ վիրավորվել, իսկ պատերազմի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 22 հազար 313-ի, ավելի քան 57 հազար մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի հաղորդագրությունների արժանահավատությունը անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Իսրայելի վարչապետի խորհրդական Մարկ Ռեգևն ասել է, որ բանակը իր ուժերի մի մասը դուրս է բերում Գազայի հատվածից։ Սակայն դա մարտական գործողությունների ավարտի նշան չէ։ Նա ասել է, որ բանակի ուժերին պետք է հանգստանալու հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան ավելի ուշ մարտի մեջ մտնել։ «Դա մարաֆոն է, այլ ոչ թե սպրինտ», - «Համաս»-ի դեմ պատերազմի մասին ասել է Իսրայելի վարչապետի խորհրդականը։

Բանակի խոսնակ Դանիել Հագարին նշել է, որ վերակազմակերպում է կատարվում երկարատև մարտական գործողություններ պլանավորելու համար։ Որոշ զինվորներ, հատկապես պահեստազորայինները Գազայից դուրս կբերվեն, որպեսզի նրանց հանգստանալու և ընտանիքներին տեսնելու հնարավորություն տրվի, ասել է բանակի խոսնակը։

Իսրայելը մտադիր է 2024-ին շարունակել ռազմական գործողությունները։

XS
SM
MD
LG