Մատչելիության հղումներ

Տասնյակ հազարավոր տեղահանված պաղեստինցիներ նորից են տեղահանվում


Պաղեստինցին սգում է հարազատի մահը, Գազայի հատված, 28-ը դեկտեմբերի, 2023թ.
Պաղեստինցին սգում է հարազատի մահը, Գազայի հատված, 28-ը դեկտեմբերի, 2023թ.

Իսրայելը չի թուլացնում ռազմական ճնշումը՝ չնայած ԱՄՆ նախագահի հորդորին

Գազայում պատերազմի ընթացքում տասնյակ հազարավոր պաղեստինցիներ տարբեր վայրերից տեղահանվել և հասել են հարավ, բայց հիմա էլ ստիպված են այդտեղից փախչել, քանի որ իսրայելցիները վերջին օրերին լայնածավալ գործողություն են սկսել Խան Յունիսի ուղղությամբ:

Դա Գազայի հատվածի հարավում գտնվող ամենախոշոր պաղեստինյան ավանն է, որը գործնականում փախստականների մի քանի ճամբարների համալիր է: Մարդիկ այլևս չգիտեն, թե էլ որտեղ կարող են ապաստանել:

Իսրայելը չի թուլացնում ռազմական ճնշումը, չնայած այն հանգամանքին, որ ամենասերտ դաշնակիցը՝ Միացյալ Նահանգներն այդ մասին հրապարակավ է խնդրել: Ըստ Axios առցանց հանդեսի, նախագահ Ջո Բայդենն օրերս ծանր խոսակցություն է ունեցել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Բայդենի և Նեթանյահուի ծանր հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելի վարչապետին վերականգնել Պաղեստինի ազգային վարչակազմի ֆինանսավորումը, որն ընդհատվել է հրեական բնակավայրերի վրա «Համաս»-ի կատարած հարձակումներից հետո:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական Միությունում ահաբեկչական կառույց է համարվում, մինչդեռ, Ռամալլահում գործող Պաղեստինի ազգային կառավարությունը Վաշինգտոնը դիտում է որպես օրինական քաղաքական միավոր և գործընկեր:

«Վերջին հեռախոսազրույցը վկայում է Բայդենի և Նեթանյահուի միջև հետզհետե սրվող հարաբերությունների մասին», - վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր` ասել է Վաշինգտոնում աշխատող իսրայելցի լրագրող և վերլուծաբան Բարաք Ռավիդը:

Պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 21,5 հազարը

Պատերազմի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 21 հազար 507 մարդ: Այդ մասին հայտնել է Քաթարում տեղակայված Al Jazeera արաբական անգլալեզու հեռուստակայանը: Վիրավորների թիվը մոտենում է 56 հազարին:

Իսրայելի վրա «Համաս»-ի ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 1139 մարդիկ: Այս տվյալների արժանահավատությունը շարունակվող պատերազմի պայմաններում անհնարին է հաստատել:

Թե՛ իսրայելցիները, թե՛ պաղեստինցիները և թե՛ միջազգային դերակատարները պատերազմի մոտալուտ ավարտ չեն ակնկալում:

«Պատերազմը կշարունակվի ամիսներ»

«Այս պատերազմն ունի անհրաժեշտ, բայց և դժվար իրականացվող նպատակներ, ընթանում է բարդ տեղանքում, հետևաբար, կշարունակվի շատ ամիսներ, և մենք կկիրառենք մեր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները», - հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին:

Մինչդեռ, մի քանի շաբաթում երկրորդ անգամ տեղահանվող պաղեստինցիները ծայրահեղ հուսահատության վիճակում են հայտնվել:

«Երանի մնայինք Գազայում»

«Մենք նստած ճաշում էինք, մեկ էլ գլխներիս վրա ավերակներ թափվեցին: Այստեղ «Համաս»-ից մարդ չկա, մենք ի՞նչ ենք արել, երանի մնայինք Գազայում: Այնտեղ վիրավորներ, այստեղ վիրավորներ, երանի մնայինք Գազայում», - ասել է Յարա Շանանը:

Պատերազմը տասներկու շաբաթ է տևում: Միայն անցած 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 187 մարդ: Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է «Համաս»-ին: Տուժել է ևս 312 մարդ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG