Մատչելիության հղումներ

Երեկ հայրենադարձված ռազմագերիներն այսօր կանչվել են հարցաքննության․ ՔԿ


Երեկ հայրենադարձված ռազմագերիներն այսօր կանչվել են հարցաքննության՝ տարբեր քրեական գործերի շրջանակում, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրանց մեծ մասը՝ 26-ը, գերեվարվել էին 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց՝ Արցախի Խծաբերդի դիրքերից։

«Ազատության» հետ զրույցներում նրանց ծնողները ևս հաստատեցին, որ այսօր առավոտյան տղաները Երևան են եկել՝ հարցաքննության։

Թե որքան կտևի այս գործընթացը, դեռ պարզ չէ։ Նախկին ռազմագերիները տուժողի կարգավիճակ ունեն։

Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։

Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայտարարությունից վեց օր անց 32 հայ գերիները երեկ վերադարձան Հայաստան։ Ադրբեջանական կողմը նրանց երեկ վերադարձրեց հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։

XS
SM
MD
LG