Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան


Պաշտոնական Երևանը հաստատում է՝ այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան։

«Ազատության» հարցին ի պատասխան այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները չեն փոխվել։

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահին ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար կլիմիայի այդ կոնֆերանսի կոմպոնենտը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը, և մենք չունենք հիմք, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները», - ասել է Միրզոյանը։

Այսօր ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ ռազմագերիների, հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։ Համաձայնությունից գրեթե հինգ օր էր անցել, բայց հայ գերիների վերադարձի մասին հստակ տեղեկություն չկար։

Պաշտոնական Երևանը վերադարձողների անուններ չի հրապարակել, ադրբեջանական աղբյուրների ցանկում հիմնականում պատերազմից մեկ ամիս անց գերեվարված շիրակցի պահեստազորայիններն են, նաև՝ պատերազմի վերջին օրը Շուշիից գերեվարված Վիգեն Էուլջեքյանը և համատեղ հայտարարությունից բառացիորեն ժամեր առաջ Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները շեշտել են, որ ազատ արձակվողների մեջ չեն Արցախի նախկին ղեկավարները։

XS
SM
MD
LG