Մատչելիության հղումներ

Խանդանյանը կոչ է անում ոչ թերագնահատել հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, ոչ էլ՝ գերագնահատել


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը կոչ է անում ոչ թերագնահատել հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, ոչ էլ՝ գերագնահատել։

«Այս բանակցությունները կոնկրետ այս գործընթացին են վերաբերել, հումանիտար հարցի լուծմանն են վերաբերվելm և հետագայում սրա շրջանակներում այլ շարունակական գործընթացների մասին տեղեկատվություն չկա», - նշեց Խանդանյանը:

Երկու ադրբեջանցու դիմաց 32 հայ գերիների վերադարձի մասին հայտարարությունում նաև խոսվում էր սպասված խաղաղությանը հասնելու պատմական հնարավորությունից, երկու պետությունները վերահաստատել են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգմամբ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը՝ առանց նշելու, սակայն, տարածքների կոնկրետ չափ։

Ընդդիմությունը կարծում է՝ Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ, մասնավորապես, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանն էր ասում։

«Այստեղ խոսակցությունը հաղթողի ու պարտվողի դաշտում է, և այս առումով մենք, բնականաբար, ես լավ ակնկալիք չունեմ այդ երկկողմից, որովհետև ես Ադրբեջանի կողմից զիջումների մասին որևէ հայտարարություն մինչև հիմա չեմ լսել՝ ինչ որ Նիկոլ Փաշինյանը այստեղ հայտարարել է՝ 29 հազար 800 քառակուսի կմ տարածք, դա ընդունվո՞ւմ է Ադրբեջանի կողմից, թե՝ ոչ: Այդպիսի հստակ հայտարարություն չի եղել, և ես չեմ էլ տեսնում, որ դա կարող է լինել», - ընդգծեց Ռուստամյանը:

Վերջին շրջանում Ադրբեջանը խուսափում է արևմտյան հարթակներում բանակցելուց՝ շեշտադրելով հատկապես ուղիղ շփումը։ Արդյոք Երևանը տվել է իր համաձայնությունը բացառապես երկկողմ բանակցության, արևմտյան հարթակներում բանակցություններն արդյոք չեղարկվում են։ Խանդանյանը հավաստիացնում էր՝ ամենևին, ոչ, Երևանը հակառակը՝ ակնկալում է, որ միջնորդները կապահովեն դրանց շարունակությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսել են։

Փաշինյանի թիմակիցը այսօր էլ վերահաստատեց՝ Հայաստանը պնդում է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան կողմերի համաձայնեցրած 3 սկզբունքների շուրջ։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Երևանը, մասնավորապես, շեշտադրում է միմյանց՝ 29.800 ու 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը, կոմունիկացիաների բացումը երկրների սուվերենության հարգմամբ, դելիմիտացիան՝ ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզներով։

Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո էլ, սակայն, պաշտոնյաները հայտարարում են, որ համաձայնություն չկա՝ որ թվի քարտեզներով է լինելու սահմանազատումը, Երևանը 75 թվի քարտեզներին է կողմ. - «Քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես հրապարակային այդ մասին չի հայտարարել, այո, կարող ենք ասել, որ դեռևս իր համաձայնությունը չի հայտնել դրան»:

Ընդդիմությունն այլ մտահոգություն էլ ունի, որ Արցախի հարցը դուրս է գալիս հայ-ադրբեջանական օրակարգից։ Պաշտոնյաները չեն հստակեցնում՝ Հայաստանից ուղարկված վերջին առաջարկների մեջ արդյոք Երևանը պնդել է արցախահայերի իրավունքների հարցը:

«Ալիևը դա հստակեցրեց, որ մոռացեք Ղարաբաղի հարցը, պարզ չի՞, որ կատարում են այն, ինչ որ Ադրբեջանը պահանջում է», - ասաց Ռուստամյանը:

Առաջիկա բանակցությունների մասին Խանդանյանը տեղեկություն չուներ։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղարի՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման առաջարկին։ Բաքվից դեռ չկա արձագանք:

ՌԴ արտգործնախարարության խոսնակը հայտարարում է՝ Բաքուն ընդունում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու իրենց հրավերները, հայ գործընկերները՝ ոչ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդեց՝ ինքը Մոսկվայից հնչած առաջարկներից տեղյակ չէ:

«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների մոր գործընկերները բավարար ջանք ու գուցե նաև ճնշում գործադրեմ Ադրբեջանի վրա, որպեսզի բանակցությունները Վաշինգտոնում շարունակվեն», - նշեց Խանդանյանը:

Ինչ վերաբերում է ղեկավարների աշխատակազմերի երեկվա համատեղ հայտարարությանը, Ադրբեջանի նախագահը այն բնորոշել է որպես Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու փոխադարձ քաղաքական կամքի վկայություն։ Հայաստանյան ընդդիմությունը կարծում է՝ Ադրբեջանն իրականում դրանով փորձում է մեղմել միջազգային ճնշումը։

Խանդանյանը չբացառեց, որ միջազգային ճնշումը շատ կարևոր ազդեցություն է ունեցել Ադրբեջանի «բարի կամքի վրա»։ Հայտարարությունն, ըստ իշխանական պատգամավորի, բանակցվել է առանց միջնորդների Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, թե ովքեր են կոնկրետ բանակցողները եղել, իշխանական պատգամավորը փակագծեր չբացեց։ Ենթադրում էր՝ շփումները եղել են վերջին շաբաթներին ու առցանց:

Խանդանյանը կոչ է անում ոչ թերագնահատել հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, ոչ էլ՝ գերագնահատել
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG