Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) «բացարձակապես» չի պլանավորում Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Գրոսին շեշտել է՝ եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, իրենք այն անմիջապես կհասցեագրեն Հայաստանի կառավարությանը և առաջինը կասեն, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։
«Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը։
Պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանի ատոմակայանը հետևում է ԱԷՄԳ-ի առաջարկներին և ցուցումներին։
«Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել», - ասել է Գրոսին։
Սեպտեմբերին Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը Թուրքիայից16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի ատոմակայանի հարցով խնդրագիր էր ստացել՝ ատոմակայանը փակելու միջոցներ ձեռնարկելու համար։ Դիմումի հեղինակները մտահոգություն էին հայտնել, որ շահագործման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ատոմակայանը կարող է վտանգավոր լինել։
«Այդ ատոմակայանը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրա փակումը Հայաստանի բացառիկ իրավասությունն է, սակայն Անկարան կշարունակի այդ ուղղությամբ ջանքերը։
Անդրադառնալով Թուրքիայի մտահոգություններին՝ Գրոսին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է․ - «Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»։