Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը Հայաստանի ատոմակայանը փակելու հարցով խնդրագիր է ստացել


Թուրքիայի խորհրդարանի դիմումների հանձնաժողովը քաղաքացիներից խնդրագիր է ստացել՝ միջոցներ ձեռնարկել փակելու սահմանից 16 կիլոմետր հեռավորությամբ Մեծամորի ատոմակայանը։ Դիմումի հեղինակները մտահոգություն են հնչեցրել, որ շահագործման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ատոմակայանը կարող է վտանգավոր լինել։

Ի պատասխան օրենսդիրները պետական մի քանի կառույցներից ստացված տեղեկություններ են փոխանցել։ Արտգործնախարարությունից, մասնավորապես, հայտնել են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և Եվրամիությունը եզրակացրել են, թե Հայաստանի ատոմակայանի անվտանգության կարգավիճակը չի համապատասխանում արդիական չափանիշներին:

«Այդ ատոմակայանը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրա փակումը Հայաստանի բացառիկ իրավասությունն է, սակայն Անկարան կշարունակի այդ ուղղությամբ ջանքերը։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանն ասել է, թե Թուրքիայի խորհրդարանի այս հայտարարության մեջ վտանգ չի տեսնում:

«Նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ: Հայաստանը այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից: Եթե չեմ սխալվում բազմիցս են եղել նման դիմումներ, ամբողջ աշխարհն է հիմա նաև ատոմային էներգիայի անցնում՝ հաշվի առնելով ածխաջրածնային տեսուրսների հետ կապված խնդիրները», - ասաց Խանդանյանը:

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը համոզված է՝ հետևողական քայլերով Թուրքիան կոնկրետ նպատակ է դրել:

«Սպասելի է, որովհետև Թուրքիան այդ հարցը մի անգամ չի, որ բարձրացրել է, ասում են, որ դա էկոլոգիային և անվտանգությանը.... Իրականում Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ դնելն է, Հայաստանի բնակչության, Հայաստանի անվտանգության համար հավելյալ մարտահրավերներ ստեղծելն է», - նշեց Խաչատրյանը:

Մեկ տարի առաջ Հայաստան էր այցելել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը և վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքները։

Ռաֆայել Գրոսին գոհունակությամբ էր խոսել ատոմակայանում իշխանությունների բարեփոխումների մասին. «Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին՝ ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգության բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»։

Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2026-ին, սակայն Росатом-ի նախաձեռնությամբ աշխատանքային խումբը Մեծամորի ատոմակայանի կյանքը ևս տասը տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու մտադրություն ունի։

XS
SM
MD
LG