Երեկ Մոսկվայում վարչապետ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։
Փակ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ այս թեմային անդրադարձ չկա, բայց հարցը Հայաստանի օրակարգում պահելը կարևոր են համարում էներգետիկ հարցերով փորձագետները։
«Հայաստանի համար չափազանց էական է մտածել այս նոր ատոմակայանի ստեղծման ուղղությամբ։ Չէ՞ որ վաղ թե ուշ մենք պետք է հանենք շահագործումից երկրորդ բլոկը, իսկ նոր ատոմային բլոկի կառուցումը բավական երկարաժամկետ՝ առնազն 5-7 տարի պահանջող գործողություն է։ Հայաստանը պետք է դրան պատրաստ լինի, և կարծում եմ, 25-26 թվականներին արդեն պետք է սկսել այդ նոր ատոմակայանի աշխատանքները։ Իսկ դրա համար Հայաստանը պետք է հստակ պատկերացում կազմի, թե որտեղ ինչ տեխնոլոգիաներով ավարտին պետք է հասցնի այդ աշխատանքները 7-8 տարի հետո»։
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրով որի կողմ է նաև «Եվրոատոմը», Հայաստանը, պարտավորվել է փակել Մեծամորի ատոմակայանը։ Համաձայնագրի նույն՝ 42 րդ կետում կարդում ենք նաև համարժեք հզորությունների թողարկման, ասել է թե՝ նոր ատոմակայանի կառուցման մասին։
Այս փուլում, սակայն, ֆինանսական միջոցներ են հատկացվում միայն ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքերի համար։ Ներկայումս այդ նպատակով կանգնած է Ատոմային էլեկտրակայանը։
Արդիականացումը թույլ կտա այն շահագործել մինչև 2026 թվականը և անգամ ավելի երկար, կարծում է մասնագետը․ - «Այս տարի պետք է ավարտվի աշխատանքների բավական ծավալուն մի փուլ։ Կտեղակայվեն նոր սարքավորումներ։ Իսկ ամենակարևորը, կթրծվի աշխատող բլոկի ատոմային ռեակտորի իրանը, ինչը թույլ կտա երկարացնել շահագործման ժամկետը առնվազն մինչև 26 թվականը։ Եվ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի՝ նույնիսկ 26 թվականից հետո, մինչև 36-40 թվականները»։
2020 թվականի հունիսին Հայաստանը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից և կիսատ մնացած աշխատանքները շարունակեց սեփական միջոցների հաշվին։ 2015 թվականի վարկային համաձայնագիրը ենթադրում էր, որ Մոսկվան Հայաստանին կհատկացնի 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ։
Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը երեկվա հայտարարությունը քաղաքական մանևր է որակում ու ասում, թե Փաշինյանը այսպիսիով փորձում է խմբագրել ռուսական վարկից հրաժարվելու իր քայլը․ - «Իրականում այդ որոշումը իր մեջ լուրջ անվտանգային ռիսկեր էր պարունակում, որովհետև թեև ռուսական «Ռոսատոմը» շարունակում է առայսօր հանդես գալ որպես մոդեռնիզացիոն աշխատանքների գլխավոր կապալառու, բայց այնուամենայնիվ կարծում եմ, այդ որոշումը դուրս բերեց հայ-ռուսական էներգետիկ երկխոսությունը անվտանգային տիրույթից, տեղափոխեց բացառապես տեխնիկական տիրույթ։ Եվ այժմ, ես կարծում եմ, որոշում կա, կամ առնվազն փորձ է արվում խմբագրել այդ որոշումը։ Փաշինյանը պարզապես փորձում է այժմ բալանսավորել, քաղաքական մանևրի ճանապարհով գնալ»։
Դավթյանը շեշտում է, որ հնարավոր չէ շրջանցելով ռուսական էներգետիկ գործոնը խոսել տարածաշրջանում միջուկային էներգետիկայի զարգացման որևէ սցենարի մասին։ Նկատում է, որ այսօր Հայաստանում միջուկային էներգետիկայի վերաբերյալ հստակ ռազմավարություն չկա, և դժվար է ասել, թե ինչքանով է իրատեսական նոր ատոմակայանի կառուցումը։ Տարբեր հաշվարկներով, այն կարող է արժենալ 5-7 միլիարդ դոլար։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հզորության ատոմակայանի մասին է խոսքը։
Իսկ մյուս սցենարը, ըստ Դավթյանի, ԱՄՆ-ի հետ համագործակցություն է, որի մասով ևս հստակություն այս պահին չկա․ - «2018 թվականի իշխանափոխությունից հետո հայկական կողմը պարբերաբար հանդիպումներ, կոնսուլտացիաներ է անցկացրել ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ։ Այդ քննարկումների, կոնսուլտացիաների օրակարգում մշտապես եղել է Հայաստանում մոդուլային կայանի կառուցման հարցը։ Ես ասեմ, որ այս սցենարը առայսօր դիտարկվում է այս իշխանությունների կողմից։ Այս սցենարի իրականացումը բավականին ռիսկային Հայաստանի համար իր անվտանգային իմաստով։ Բայց կրկին այս ուղղությամբ ևս որևէ հստակ քայլեր այս պահի դրությամբ արված չեն»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, թե արդյոք նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որևէ աշխատանք արդեն իրականացվել է և ինչ փուլում են գտնվում երկրորդ էներգաբլոկի վերազինման աշխատանքները։