Արևը միշտ չի շողում, քամին միշտ չի փչում, ատոմային էներգիան հենց այս դեպքերի համար է, այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ իր զրույցն այսպես սկսեց Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ նշելով միջուկային անվտանգության կարևորությունը։
Նա ներկայացրեց միջուկային էներգետիկայի դերը էներգետիկ անվտանգության ապահովման, կլիմայի փոփոխության հաղթահարման, մարդու առողջության և մասնավորապես քաղցկեղի դեմ պայքարի ոլորտներում միջուկային անվտանգության և միջուկային զենքի չտարածման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Մոսկվայի՝ միջուկային զենք կիրառելու սպառնալիքներին՝ Գրոսին մասնավորապես ասաց, որ չի կարող կանխորոշել կօգտագործվի արդյոք միջուկային զենքը ռուս-ուկրաինական պատերազմում՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի նախագահն այնուամենայնիվ չի գնա այդ քայլին։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը երեկ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այցելել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Մեծամորի Ատոմայական և Թվիթերում գրառում կատարել՝ դրական գնահատելով Մեծամորի ԱԷԿ-ում կատարված անվտանգային բարեփոխումները։
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին՝ ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է նա։
Երևանից Գրոսին կմեկնի Կիև և Մոսկվա։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը երեկ է ժամանել Երևան՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։