Մատչելիության հղումներ

Գորիսն արդեն չորրորդ օրն է՝ ընդունում է Արցախից տեղահանված ընտանիքների


Գորիսն արդեն չորրորդ օրն է` ընդունում է Արցախից տեղահանված ընտանիքների։ Գորիսի թատրոնի շենքում է գործում կոորդինացիոն կենտրոնը, որտեղ արդեն 20 հազար 270 հոգի հաշվառում է ստացել։

Մարդկանց հիմնականում տեղավորում են Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում։ Սյունիքի մարզում 1298 հոգու է ժամանակավոր կացարան հատկացվել, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում շուրջ 300 հոգու։

Քաղաքացիների շրջանում դժգոհությունները հիմնականում նույնն են՝ նրանք չեն ցանկանում մեկնել սահմանային բնակավայրեր՝ խնդրելով իրենց տեղավորել հայ-ադրբեջանական սահմանից հեռու։

Նրանցից շատերն «Ազատությանն» ասում էին, որ արդեն որերորդ անգամն են անցնում այս ճանապարհով։ Օրինակ՝ կան Շուշիից, Հադրութից տեղահանվածներ, որ պատմում են՝ մեկ անգամ Հայաստան են տեղափոխվել, հետո իշխանության հորդորով Արցախ են վերադարձել, իսկ հիմա մեծ տեղահանության առջև են կանգնած։ Նրանք տագնապներ ունեն, որ այդ ամենը կարող է նորից կրկնվել։

Կան ընտանիքներ, որ Գորիսում դեռ մեքենաների մեջ են քնում՝ սպասելով, որ իրենց կառաջարկվի Արարատյան դաշտում, Կոտայքի մարզում որևէ կացարան մինչև, ինչպես իրենք են ասում, ոտքի կկանգնեն։

Գորիսում բացի պետական կառույցներից, գործում են նաև բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ՝ թե՛ տեղում աշխատող, թե՛ միջազգային կազմակերպություններ։ Արցախից ժամանածներին դիմավորում են, ընդունում են, շատ արագ նրանց առաջնային կարիքները բավարարվում են՝ սնունդ, տաք վերմակներ, դեղորայք, եթե անհրաժեշտ է։

Մարդիկ գալիս են հյուծված, քանի որ օրերով ճանապարհներին են լինում։ Երեկ երեկոյան, օրինակ, տեղ էին հասնում այն ընտանիքները, որոնք նախորդ օրն առավոտյան էին դուրս եկել Ստեփանակերտից։ Այստեղ նաև զբաղմունքի հատուկ անկյուն են ձևավորել երեխաների համար։

Երեկ Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ ժամը 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 հազար 120 անձ: Նրանցից 20 հազար 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 հազար 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Ըստ կառավարության՝ 3 հազար 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր՝ 700, Գեղարքունիք՝ 833, Տավուշ՝ 268, Արմավիր՝ 147 անձ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են տարածքային կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում, հրապարակվել են պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG