Մատչելիության հղումներ

Կառավարությունից վերահաստատում են՝ պատրաստ են ընդունել բոլոր այն արցախցիներին, որոնք կգան Հայաստան


Հայաստան - Արցախցիները ժամանում են Կոռնիձոր, 26-ը սեպտեմբերի, 2023թ․
Հայաստան - Արցախցիները ժամանում են Կոռնիձոր, 26-ը սեպտեմբերի, 2023թ․

Արցախից բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող պետական գերատեսչությունները վստահեցնում են՝ օրեր առաջ վարչապետի արած հայտարարությունը, թե Երևանում ու մարզերում 40 հազար կացարանի հնարավորություն կա, ուժի մեջ է։ Դրանք հյուրանոցային համարներ են, հյուրատներ, վարձով բնակարաններ կամ պետական ու համայնքային ենթակայության շենքեր, որոնք տրամադրվում են ընտանիքներին՝ անվճար։

Փոխվարչապետ, Սյունիքում հումանիտար կայանի աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանն այսօր տեղեկացրեց՝ անցած երեք օրերին ավելի քան 2500 անձի են տեղավորել տարբեր մարզերի հյուրատներում ու հյուրանոցներում։

«Նրանցից մոտ հազարը ներկայում տեղակայված են կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքում, և այս օրերին այս ժամերի ընթացքում նաև շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում տեղակայումը», - հայտարարեց Խաչատրյանը։

Պետության հաշվին արցախցիներին կացարանով ապահովելու հնարավորություններն սպառված չեն։ Կառավարությունից վերահաստատում են՝ պատրաստ են ընդունել բոլոր այն արցախցիներին, որոնք կգան Հայաստան։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ 19 հազար արցախցի արդեն հատել է Հայաստանի սահմանը։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով, ասաց փոխվարչապետը։

«Ովքեր այդպիսի տեղեկություն են մեզ տրամադրել, այսինքն՝ ասել են, որ մեր աջակցության կարիքը այդ հարցում չունեն, հասկանալով, որ դա մարդկանց կամքն է, ընդառաջ գնալով այդ հանգամանքին, համաձայնել ենք կամ չենք առարկել, որ իրենք գնան այն հասցեները, որտեղ իրենք նախապես որոշել են», - նշեց Խաչատրյանը։

Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ միայն Լոռու մարզում 2 հազար կացարան են հաշվառել, որոնք պատրաստ են տրամադրել Արցախից տեղահանվածներին։ Բայց դեռևս Լոռու մարզ տեղափոխվողներ ու իրենց դիմողներ, ըստ փոխմարզպետի, չեն եղել։

«ՏԻՄ-երի ենթակայության տակ ունեցած գույքը, նախարարությունների, այսինքն՝ պետգույքի մեր ունեցած ռեսուրսները, անհատների հետ ենք համագործակցում։ Ե՛վ չօգտագործվող, և՛ բնակարաններ, որոնց տերերը այստեղ չեն, դուրս եկած են, և՛ պետական շենքեր, որոնք այս պահին չեն օգտագործվում, այսինքն՝ բոլոր շրջանակներում, որտեղ որ հնարավորություն կա պատշաճ կերպով կազմակերպել», - նշեց Ավետիսյանը։

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել էր՝ պետական տարբեր կառույցների աշխատակիցները լիարժեք իրականացնում են տեղահանվածների կարիքները հաշվառելու և նրանց տեղավորելու գործը։ Այս պահին աշխատուժի և կամավորներ ներգրավելու կարիք չկա։

«Մենք նաև կոչ ենք արել, որպեսզի դադարեցնեն փողոցներում ամենատարբեր էսպիսի աջակցության նախաձեռնությունները՝ հավաքագրում են ամենատարբեր տեսակի իրեր, որովհետև մենք հայտարարել ենք, որ պետությունը ունակ է բավարարելու այս ցանկացած տեսակի կարիք, <...> մենք չունենք նման խնդիր», - հայտարարել էր Մկրտչյանը։

Մինչդեռ այս մասին պաշտոնական գրառմանը հակադարձել են բազմաթիվ քաղաքացիներ՝ պնդելով՝ տեղահանվածները Գորիսում սոված են ու կարիքի մեջ։ Սոցիալական ցանցերը ողողված են կամավորագրվելու, օգնություններ հավաքելու և Գորիս հասցնելու կոչերով։ Տարածվում են բանկային հաշվեհամարներ, գումար են խնդրում փոխանցել՝ սահմանին անօթևան մնացած արցախցիներին սնունդ կամ հագուստ հասցնելու համար։

Այսօր ամբողջ օրը սոցիալական ցանցերում ահազանգեր էին, որ Կոռնիձորի անցակետում մարդիկ երկար են սպասում, առանց այն էլ ուժասպառ մարդկանց օգնության տրամադրումը «չափազանց դանդաղ ու անարդյունավետ է կազմակերպվում»։ Կառավարության անդամները պնդում են՝ աշխատանքը շատ է, բայց գլուխ հանում են։

«Ես պետք է ասեմ, որ բոլոր այս ազնիվ նախաձեռնություններին զուգահեռ կա որոշակի միտում՝ տպավորություն ստեղծելու, որ, գիտե՞ք ինչ, պետությունը չի կարողանում այս խնդիրները լուծել, հետևաբար՝ եկեք մենք ինչ-որ արկղերով փողոցում հավաքենք ամենատարբեր տեսակի․․․, կամ հաճախ համացանցում հայտնվում են ինչ-որ հաշվեհամարներ, որը դժվար է վերահսկել», - նշում էր Նարեկ Մկրտչյանը։

«Իմ գործընկերները 24 ժամ շարունակ փորձել են անել ամեն ինչ, որպեսզի ամենակարևոր հարցերը լուծվեն ժամանակին», - ընդգծում էր Տիգրան Խաչատրյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ստեղծել է հարթակներ, որտեղ միջազգային ու հասարակական կազմակերպությունները, անհատ կամավորականները կարող են իրենց մատուցած ծառայությունները գրանցել։ Մեկ այլ հարթակում իրենց կարիքների մասին կարող են նշումներ անել հենց տեղահանվածները, ինչն, ըստ նախարարության, միանգամից տեսանելի կդառնա այս խնդիրներով զբաղվող կառուցներին։

Մյուս կողմից, սոցիալական հարթակներում բազմաթիվ նախաձեռնություններ են ստեղծվել, որտեղ տարբեր կազմակերպություններ անվճար ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ, Արցախից եկածներին աշխատանք, անվճար հեռախոսակապ ու ինտերնետ տրամադրելու և այլ տեսակի աջակցության առաջարկներ են անում։

XS
SM
MD
LG