Այսօր ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13 հազար 550 անձ։
Ըստ Հայաստանի կառավարության՝ նրանցից 11 հազարի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 հազար 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում արդեն երրորդ օրն է՝ տեղակայվել է կոորդինացիոն կենտրոնը, և այն արցախցիները, ովքեր գնալու տեղ չունեն, ծանոթ չունեն Հայաստանում, իրենց ընդունող չունեն, պետությունն այստեղ գրանցում է նրանց, գնահատում նրանց կարիքները և փորձում տեղավորել ըստ մարզերի։
Ողջ գիշեր մարդկանց հոսքը կոորդինացիոն կենտրոն շարունակվել է։ «Ազատությունը» ֆիքսեց, թե ինչպես են մարդիկ գալիս ավտոբուսներով, բեռնատարներով, իրենց սեփական մեքենաներով՝ ով, ինչպես կարողանում է, գալիս են հոգնած, հուսահատված, անորոշության զգացումով։ Ընտանիքներ կան՝ ցրտի, անձրևի պայմաններում բաց բեռնատար մեքենայով են Սյունիք հասել՝ մրսած երեխաների հետ:
Սյունիքում և Վայոց Ձորում Արցախից տեղահանվածների համար նախատեսված տներն ու հյուրանոցները երեկ երեկոյան արդեն զբաղեցված էին, գիշերվանից մարդկանց արդեն տեղավորում են Գեղարքունիք Տավուշի մարզերում։ Որոշ ընտանիքներ հրաժարվում են մեկնել սահմանամերձ բնակավայրեր, մարդիկ նշում են՝ «որտեղ կուզեն ուղարկեն, միայն թե հայ-ադրբեջանական սահմանից հեռու»:
Գորիսի կոորդինացիոն կենտրոնում կառավարությունից բացի բազմաթիվ այլ կազմակերպություններ են հրատապ ծրագրեր իրականցնում՝ մարդկանց առաջարկում են տաք վերմակներ, սնունդ, քաղցրավենիք:
Գորիս են գալիս ընտանիքներ ոչ լրիվ կազմով, կան անհետ կորածներ: Այսօր տեղեկություն ստացվեց, որ Արցախից մարմիններ են տեղափոխվել ու Գորիսի դիահերձարանի մոտ մեքենաների կուտակում էր: